ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԶԳԵՍՏՆԵՐԸ
(Ելք 39.1-7)
1. «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
2. Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես:
3. Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար:
4. Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի: Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
5. Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ:
6. Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ:
7. Երկու վակասները թող իրար միանան՝ երկու կողմերից իրար կապուելով:
8. Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:
9. Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի:
10. Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի:
11. Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում: Դրանց շուրջը ոսկով կը զարդարես 104:
12. Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն: Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները:
13. Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց:
14. Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն: Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝
15. նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»:
ԼԱՆՋԱՊԱՆԱԿԸ
(Ելք 39.8-21)
«Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:
16. Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ:
17. Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք:
18. Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս:
19. Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ:
20. Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար: Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած:
21. Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի: Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը:
22. Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես 105:
23. Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին:
24. Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող երկու օղակների մէջ:
25. Երկու շղթաների երկու ծայրերը կը մտցնես երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի կողմը:
26. Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին:
27. Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց: Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ:
28. Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ 106:
29. Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը:
30. Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես: Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից: Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը 107: Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ, երբ նա սրբարան մտնելով՝ ներկայանայ Տիրոջը: Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»:
ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԱՅԼ ՍՐԲԱԶԱՆ ԶԳԵՍՏՆԵՐ
(Ելք 39.22-31)
31. «Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից:
32. Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես: Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի:
33. Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կը գործես: Դրանք կը գործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը: Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջեւ շուրջանակի ոսկէ զանգակներ թող լինեն:
34. Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները:
35. Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի:
36. Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես:
37. Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ:
38. Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից: Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս: Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը:
39. Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես: Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին:
40. Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր 108կը պատրաստես պատուի եւ փառքի համար:
41. Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին: Կ՚օծես նրանց, կ՚օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:
42. Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը:
43. Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին: Նրանք մեղք թող չգործեն, որպէսզի չմեռնեն: Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: