Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 15

Մարմնի անմաքրությունը
   

1. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
2. «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասե՛ք նրանց. “Երբ մի մարդ իր մարմնից ծորում ունենա, նրա այդ ծորումն անմաքուր է։
3. Եվ սա է նրա անմաքուր լինելու օրենքը իր ծորումի ժամանակ. եթե նրա մարմինը հոսեցնի իր ծորումը կամ նրա մարմինը խցանի իր ծորումը, սա է նրա անմաքրությունը։
4. Ամեն անկողին, որի մեջ կպառկի ծորում ունեցողը, անմաքուր է, և ամեն բան, որի վրա նա կնստի, անմաքուր է։
5. Նրա անկողնուն դիպչող մարդը պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
6. Եվ ծորում ունեցող մարդու նստած առարկայի վրա նստողը պետք է լվանա իր հագուստները, իսկ ինքը լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
7. Եվ ծորում ունեցող մարդու մարմնին դիպչողը պետք է լվանա իր հագուստները, իսկ ինքը լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
8. Եթե ծորում ունեցողը թքի մի մաքուր մարդու վրա, նա պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
9. Եվ ամեն մի թամբ, որի վրա կնստի ծորում ունեցողը, անմաքուր կլինի։
10. Եվ նրա տակ եղած բոլոր բաներին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո: Դրանք վերցնողը պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
11. Եվ եթե ծորում ունեցողն իր ձեռքերն առանց լվանալու դիպչի որևէ մեկին, նա պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
12. Եվ կավե անոթը, որին դիպել է ծորում ունեցողը, պետք է կոտրվի, իսկ ամեն փայտե անոթ պետք է լվացվի ջրով։
13. Եվ երբ ծորում ունեցողը մաքրվի իր ծորումից, իր մաքրվելու համար թող հաշվի յոթ օր, ապա լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը հոսող ջրով և մաքուր կլինի։
14. Եվ ութերորդ օրը պետք է իր համար վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և գա Տիրոջ առաջ, վկայության խորանի մուտքի մոտ և դրանք տա քահանային։
15. Եվ քահանան պետք է դրանցից մեկը մատուցի որպես մեղքի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ թող քավություն անի նրան իր ծորումի համար։
16. Եվ եթե մի մարդու զուգավորության սերմը հոսի իրենից, նա իր ամբողջ մարմինը պետք է լվանա ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
17. Եվ ամեն հագուստ ու կաշվեղեն, որի վրա զուգավորության սերմ կա, պետք է լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։
18. Եվ եթե մի մարդ պառկի կնոջ հետ զուգավորության համար, նրանք պետք է լվացվեն ջրով, և անմաքուր կլինեն մինչև երեկո։
19. Եվ եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնի այդ ծորումն արյուն է, թող յոթ օր մնա իր դաշտանի մեջ: Եվ ամեն ոք, ով կդիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։
20. Եվ ինչի վրա որ պառկի իր դաշտանի ընթացքում, դա անմաքուր կլինի, և ինչի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։
21. Եվ ամեն ոք, ով կդիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
22. Եվ ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
23. Եթե որևէ մեկը դիպչի նրա անկողնուն կամ մեկ այլ բանի, որի վրա նա նստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։
24. Եվ եթե մի մարդ զուգավորվելով պառկի նրա հետ և հաղորդ լինի այդ կնոջ անմաքրությանը, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի: Եվ ամեն անկողին, որի մեջ նա կպառկի, անմաքուր կլինի։
25. Եթե մի կին իր դաշտանի շրջանից դուրս շատ օրեր արյան ծորում ունի կամ ավելի է ծորում, քան իր դաշտանի օրերին, նրա անմաքրության ծորումի բոլոր այդ օրերին նա իր դաշտանի օրերի պես պետք է լինի: Նա անմաքուր է։
26. Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար, և ամեն որևէ բանի վրա, որ նա կնստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։
27. Եվ ով որ դիպչի դրանց, անմաքուր կլինի: Նա պետք է լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով: Նա անմաքուր կլինի մինչև երեկո։
28. Եվ երբ մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, և ապա մաքուր կլինի։
29. Եվ ութերորդ օրը նա իր համար պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի քահանային՝ վկայության խորանի մուտքի մոտ։
30. Եվ քահանան մեկը պետք է մատուցի որպես մեղքի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան իր անմաքրության ծորումի համար”։
31. Այսպես պետք է զգուշացնեք Իսրայելի որդիներին՝ իրենց անմաքրության համար, որպեսզի չմեռնեն իրենց մեջ եղած Իմ խորանը պղծելու և իրենց անմաքրության պատճառով։
32. Ծորում ունեցողի, զուգավորության սերմը հոսելու պատճառով անմաքուր եղողի,
33. Իր դաշտանով հիվանդ եղող կնոջ, ծորում ունեցող տղամարդու կամ կնոջ և անմաքուր կնոջ հետ պառկող տղամարդու մասին օրենքը սա է»։