Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 13

Մարդկանց և հագուստների վրա երևացող բորոտությունը
   
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
2. «Եթե մի մարդու մարմնի մաշկի վրա պալար, քոս կամ բշտիկ երևա, և դա բորոտության ախտ դառնա նրա մարմնի մաշկի վրա, այնժամ թող նրան բերեն Ահարոն քահանայի կամ նրա քահանա որդիներից մեկի մոտ։
3. Եվ քահանան թող զննի նրա մարմնի մաշկի վրա եղած վերքը. եթե վերքի մեջ եղած մազերը սպիտակել են, և վերքը խորն է մարմնի մաշկի տակ, ուրեմն դա բորոտության ախտանշան է։ Քահանան պետք է զննի նրան և հայտնի նրա անմաքուր լինելու մասին։
4. Իսկ եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկը սպիտակ է և մաշկի տակ խորը չէ, ու մազն էլ չի սպիտակել, այնժամ թող քահանան յոթ օր մեկուսացած պահի ախտակիր անձին։
5. Եվ քահանան պետք է յոթերորդ օրը զննի նրան. եթե վերքը մնացել է նույնությամբ ու չի տարածվել մաշկի վրա, այնժամ թող քահանան նրան մեկուսացած պահի ևս յոթ օր։
6. Եվ քահանան պետք է յոթերորդ օրը դարձյալ զննի նրան. եթե վերքը դարձել է քիչ տեսանելի ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող հայտնի նրա մաքուր լինելու մասին: Դա քոս է, թող նա լվանա իր հագուստները և մաքուր կլինի։
7. Բայց եթե իր մաքրվելու համար քահանայի զննելուց հետո քոսը տարածել է մաշկի վրա, պետք է դարձյալ մոտենա քահանային:
8. Եվ թող քահանան տեսնի. եթե քոսը տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտություն է։
9. Եթե մի մարդու վրա բորոտության ախտանշան լինի, նրան պետք է տանեն քահանայի մոտ։
10. Եվ քահանան պետք է տեսնի. եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, մազը սպիտակել է, և պալարի մեջ միսն էլ առողջանում է,
11. Ապա դա հնացած բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի և մեկուսացած չպահի նրան, որովհետև անմաքուր է։
12. Եվ եթե բորոտությունը տարածվել է մաշկի վրա և ծածկել ախտակիր անձի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, այսինքն բորոտությունը պատել է քահանայի աչքի տեսած բոլոր տեղերը,
13. Եվ եթե քահանան տեսնի, որ բորոտությունը պատել է նրա ամբողջ մարմինը, այնժամ պետք է մաքուր հայտարարի ախտակիր անձին, որովհետև մաշկն ամբողջովին սպիտակել է, և նա մաքուր է:
14. Սակայն այն օրը, երբ նրա վրա բաց վերք նկատվի, նա անմաքուր պետք է համարվի։
15. Եվ քահանան պետք է զննի բաց վերքը և նրան անմաքուր հայտարարի. բաց վերքն անմաքուր է, բորոտություն է։
16. Իսկ եթե բաց վերքը դարձյալ սպիտակի, այնժամ պետք է գա քահանայի մոտ։
17. Եվ քահանան պետք է զննի նրան. եթե վերքը սպիտակել է, այնժամ թող քահանան մաքուր հայտարարի ախտակիր անձին. նա մաքուր է։
18. Եվ եթե մարմնի մաշկի վրա պալար լինի, ու դա առողջանա,
19. Եվ պալարի տեղում սպիտակ ուռուցք կամ կարմրավուն սպիտակ բշտիկ լինի, նա պետք է մոտենա քահանային։
20. Եվ թող քահանան զննի. Եթե այն մաշկի տակ է, և մազն էլ սպիտակել է, քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Դա պալարից տարածված բորոտության ախտանշան է։
21. Եվ եթե քահանան տեսնի, որ դրա մեջ սպիտակ մազ չկա, և մաշկի տակ չէ, այլ քիչ տեսանելի է, այնժամ քահանան պետք է յոթ օր մեկուսացած պահի նրան։
22. Եվ եթե տարածվել է մաշկի վրա, այնժամ քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա ախտ է։
23. Բայց եթե բշտիկը մնացել է նույնությամբ, չի տարածվել, ապա դա պալարի սպի է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։
24. Եվ եթե մարմնի մաշկն այրվածք ունենա, և այրվածքի տեղում կարմրավուն կամ սպիտակ բշտիկ լինի,
25. Թող քահանան զննի նրան. եթե բշտիկի մեջ մազը սպիտակել է և խորն է մաշկի տակ, դա այրվածքից առաջացած բորոտություն է։ Քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտանշան է։
26. Բայց եթե քահանան տեսնի, որ բշտիկի վրա սպիտակ մազ չկա, և այն մաշկի տակ խորը չէ ու քիչ տեսանելի է, այնժամ քահանան պետք է նրան յոթ օր մեկուսացած պահի։
27. Եվ թող քահանան յոթերորդ օրը զննի նրան. եթե տարածվել է մաշկի վրա, քահանան պետք է նրան անմաքուր հայտարարի. դա բորոտության ախտանշան է։
28. Իսկ եթե բշտիկը մնացել է նույնությամբ, չի տարածվել մաշկի վրա և քիչ տեսանելի է, ապա դա այրվածքից առաջացած ուռուցք է։ Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի, որովհետև դա այրվածքի սպի է։
29. Եվ եթե մի տղամարդու կամ մի կնոջ գլխի կամ ծնոտի վրա վերք լինի,
30. Քահանան պետք է զննի այդ վերքը. եթե այն խորն է մաշկի տակ, և դրա վրա բարակ դեղնավուն մազ լինի, այնժամ քահանան թող նրան անմաքուր հայտարարի. դա գոնջություն է՝ գլխի կամ ծնոտի բորոտություն։
31. Եվ եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքը մաշկի տակ խորը չէ, և դրա մեջ սև մազ չկա, այնժամ քահանան թող յոթ օր մեկուսացած պահի գոնջությամբ ախտահարված անձին։
32. Եվ քահանան պետք է յոթերորդ օրը զննի ախտակիր անձին. եթե գոնջությունը չի տարածվել, և դրա մեջ դեղնավուն մազ չկա, ու գոնջությունը մաշկի տակ խորը չէ,
33. Այնժամ թող ածիլվի, բայց գոնջացած մասը չածիլի։ Եվ քահանան պետք է կրկին յոթ օր մեկուսացած պահի գոնջություն ունեցող անձին։
34. Եվ թող քահանան յոթերորդ օրը զննի գոնջություն ունեցող անձին։ Եթե գոնջությունը մաշկի վրա չի տարածվել և խորը չէ մաշկի տակ, այնժամ քահանան պետք է նրան մաքուր հայտարարի. նա պետք է լվանա իր հագուստները և մաքուր կլինի։
35. Բայց եթե իր մաքրվելուց հետո գոնջությունը տարածվի մաշկի վրա,
36. Ապա քահանան պետք է զննի նրան. եթե գոնջությունը տարածվել է մաշկի վրա, այնժամ թող քահանան դեղնավուն մազ չորոնի. նա անմաքուր է։
37. Բայց եթե գոնջությունը մնացել է իր ձևով, և դրա մեջ սև մազ է աճել, ուրեմն գոնջությունը բժշկվել է, և նա մաքուր է: Քահանան պետք է նրան մաքուր հայտարարի։
38. Եթե մի տղամարդ կամ մի կին իր մարմնի մաշկի վրա բշտիկներ, այսինքն սպիտակ բշտիկներ ունենա,
39. Քահանան թող զննի. եթե նրա մարմնի մաշկի բշտիկները քիչ նկատելի և սպիտակավուն լինեն, ապա դա մաշկի վրա գոյացած սպի է, և նա մաքուր է։
40. Եվ եթե մի մարդու գլխի մազերը թափվում են, նա կունդ է և մաքուր է։
41. Եվ եթե նրա գլխի մազերը թափվում են երեսի կողմից, նա ճաղատ է և մաքուր է:
42. Բայց եթե կունդ կամ ճաղատ գլխի վրա քիչ կարմրավուն սպիտակ վերք լինի, դա նրա կունդ կամ ճաղատ եղած ժամանակ գոյացած բորոտություն է։
43. Այնժամ քահանան թող զննի նրան. եթե նրա կունդ կամ ճաղատ եղած ժամանակ վերքի ուռուցքը քիչ կարմրավուն սպիտակ լինի, ինչպես մարմնի մաշկի վրա եղած բորոտության ախտանշանը,
44. Ապա այդ մարդը բորոտ է, անմաքուր է։ Քահանան, անշուշտ, պետք է նրան անմաքուր հայտարարի. նրա գլխին ախտանշան կա։
45. Եվ ախտ ունեցող բորոտի հագուստը պետք է պատռված լինի, նրա գլուխը՝ բաց, բերանը՝ ծածկված։ Նա պետք է բացականչի. “Անմաքո՛ւր եմ, անմաքո՛ւր եմ”։
46. Բոլոր օրերին, քանի դեռ ախտանշան ունի, նա անմաքուր պիտի համարվի։ Նա անմաքուր է, պետք է բնակվի առանձին, և նրա բնակության վայրը պետք է բանակատեղիից դուրս լինի։
47. Եվ այն հագուստը, որի վրա բորոտության ախտանշան կա, լինի բրդե թե կտավե հագուստ,
48. Լինի կտավից թե բրդից գործված, հենքի կամ թեզանիքի մեջ, կաշվի վրա թե կաշվից պատրաստված ամեն բանի վրա,
49. Այսինքն եթե հագուստի կամ կաշվի վրա, հենքի կամ թեզանիքի մեջ և կամ կաշվից պատրաստված ամեն տեսակ բանի վրա կանաչավուն կամ կարմրած ախտանշան լինի, դա բորոտության ախտ է, և պետք է այն ցույց տալ քահանային։
50. Եվ քահանան պետք է զննի ախտը ու յոթ օր մեկուսացած պահի ախտահարված իրը։
51. Եվ յոթերորդ օրը պետք է զննի ախտահարված իրը. եթե ախտը տարածվել է հագուստի մեջ, հենքի կամ թեզանիքի մեջ, կամ կաշվի վրա կամ գործածության համար կաշվից պատրաստված ամեն բանի վրա, այդ ախտը բորբոքվող բորոտություն է: Դա անմաքուր է։
52. Այնժամ նա պետք է այրի բրդե կամ կտավե հագուստը կամ հենքը, կամ թեզանիքը և կամ ամեն տեսակի կաշվից պատրաստված որևէ բան, որի մեջ կա այդ ախտանշանը։ Եվ քանի որ դա բորբոքված բորոտություն է, պետք է այրվի կրակով։
53. Իսկ եթե քահանան տեսնի, որ ախտը չի տարածվել հագուստի կամ հենքի, կամ թեզանիքի մեջ և կամ ամեն տեսակի կաշվից պատրաստված որևէ բանի մեջ,
54. Այնժամ քահանան թող հրամայի, որ լվանան ախտահարված իրը, և այն մեկուսացած պահեն ևս յոթ օր։
55. Ախտահարված իրը լվանալուց հետո քահանան թող զննի այն. եթե ախտը չի փոխել իր տեսքը և չի տարածվել, ապա այն անմաքուր է: Այրի՛ր կրակով, որովհետև այն փտած է ներսի կամ երեսի կողմից։
56. Իսկ եթե քահանան տեսնի, որ լվացվելուց հետո ախտը քիչ տեսանելի է, այնժամ թող այն հեռացնի հագուստից կամ կաշվից, կամ հենքից և կամ թեզանիքից։
57. Եթե այն դարձյալ երևա այդ հագուստի վրա կամ հենքի, կամ թեզանիքի մեջ և կամ ամեն տեսակ կաշվից պատրաստված որևէ բանի վրա, դա տարածված բորոտություն է. ախտահարված իրն այրի՛ր կրակով։
58. Եվ այն հագուստը կամ հենքը, կամ թեզանիքը, կամ ամեն տեսակ կաշվից պատրաստված որևէ բան, որի լվանալուց հետո ախտը հեռացել է, դարձյալ պետք է լվացվի և մաքուր կլինի։
59. Սա է բրդե կամ կտավե հագուստի վրա, հենքի կամ թեզանիքի մեջ և կամ կաշվից պատրաստված ամեն տեսակ բանի վրա երևացող բորոտության ախտի մասին օրենքը, որով դրանք մաքուր կամ անմաքուր են համարվում»։