Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 18

Մոտ ազգականների հետ ամուսնության և անօրեն ցանկությունների մասին արգելքը
   
1.  Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
3. Մի՛ արեք այն ամենը, ինչ անում են Եգիպտոսի երկրում, որտեղ բնակվում էիք, և ոչ էլ՝ ինչպես անում են Քանանի երկրում, ուր պիտի տանեմ ձեզ և մի՛ ընթացեք նրանց օրենքներով:
4. Գործադրե՛ք Իմ օրենքները և պահե՛ք Իմ կանոնները, որպեսզի առաջնորդվեք դրանցով. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5. Եվ պահե՛ք Իմ կանոններն ու Իմ օրենքները: Դրանք կատարող մարդը կապրի դրանցով: Ես եմ Տերը։
6. Ոչ ոք թող չմոտենա իր արյունակից հարազատին՝ նրա մերկությունը բացելու համար: Ես եմ Տերը։
7. Մի՛ բացիր քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը. նա քո մայրն է, մի՛ բացիր նրա մերկությունը։
8. Մի՛ բացիր քո հոր կնոջ մերկությունը. դա քո հոր մերկությունն է։
9. Մի՛ բացիր քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա, այսինքն՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, մի՛ բացիր նրա մերկությունը:
10. Մի՛ բացիր քո որդու աղջկա կամ աղջկադ աղջկա մերկությունը, քանի որ դա նաև քո մերկությունն է։
11. Մի՛ բացիր քո հոր կնոջ աղջկա մերկությունը, ով քո հորից ծնված քո քույրն է, մի՛ բացիր նրա մերկությունը։
12. Մի՛ բացիր քո հոր կնոջ մերկությունը, նա քո հոր արյունակիցն է։
13. Մի՛ բացիր քո մոր քրոջ մերկությունը, որովհետև նա քո մոր ազգականն է։
14. Մի՛ բացիր քո հոր եղբոր մերկությունը, մի՛ մերձեցիր նրա կնոջը. նա քո հոր եղբոր կինն է։
15. Մի՛ բացիր քո հարսի մերկությունը, նա քո որդու կինն է, մի՛ բացիր նրա մերկությունը։
16. Մի՛ բացիր քո եղբոր կնոջ մերկությունը, դա քո եղբոր մերկությունն է։
17. Մի՛ բացիր որևէ կնոջ և նրա աղջկա մերկությունը։ Նրա որդու աղջկան կամ նրա աղջկա աղջկան մի՛ առ՝ նրանց մերկությունը բացելու համար, որովհետև նրանք նրա ազգականներն են: Դա պղծություն է։
18. Եվ մի՛ առ որևէ կնոջ իր քրոջ հետ միասին, որպեսզի սրա մերկությունը բացելով՝ չվշտացնես նրան իր կենդանության օրերին:
19. Եվ մի՛ մերձեցիր կնոջ՝ բացելով նրա մերկությունը իր անմաքրության՝ դաշտանի ժամանակ։
20. Եվ զուգավորության համար մի՛ պառկիր քո հարևանի կնոջ հետ՝ պղծվելով նրա հետ։
21. Քո սերնդից ոչ մեկին թույլ մի՛ տուր անցնել Մողոքի համար վառվող կրակի վրայից, որ չպղծես քո Աստծո անունը: Ես եմ Տերը։
22. Եվ այր մարդու հետ մի՛պառկիր, ինչպես պառկում են կնոջ հետ, դա պղծություն է։
23. Եվ ոչ մի անասունի հետ մի՛զուգավորվիր՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առջև բնավ թող չկանգնի՝ նրա հետ զուգավորության համար, դա գարշելի է։
24. Սրանցից ոչ մեկով մի՛ պղծվեք, որովհետև այս ամենով պղծվեցին այն ազգերը, որոնց պիտի քշեմ ձեր առջևից ։
25. Այդ երկիրը պղծվեց, և Ես նրա անօրենության համար պիտի հատուցեմ. այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։
26. Իսկ դուք պահե՛ք Իմ կանոններն ու Իմ օրենքները և այս պղծություններից ոչ մեկը մի՛ արեք, ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ պանդխտացող օտարականը,
27. Որովհետև ձեզանից առաջ այդ երկրի մեջ եղած մարդիկ արեցին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց։
28. Եվ որպեսզի այս երկիրը ձեզ էլ չփսխի, եթե դուք այն պղծեք, ինչպես որ ձեզանից առաջ եղած այն ազգերին փսխեց։
29. Որովհետև ամեն ոք, ով այս պղծություններից որևէ մեկն անի, այդ անող անձինք կվերանան իրենց ժողովրդի միջից։
30. Պահե՛ք իմ հրամանները, որպեսզի չանե՛ք ձեզանից առաջ եղած պիղծ սովորույթները և չպղծվե՛ք դրանցով: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։