Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 6

Կանոններ ողջակեզի, հացի ընծայի և մեղքի թողության զոհաբերության մասին
   

1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Եթե մեկը մեղանչի ու Տիրոջ դեմ հանցանք գործի՝ սուտ խոսելով իր մերձավորին մի ավանդի կամ իր ձեռքը հանձնված կամ հափշտակված մի բանի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ,
3. Կամ մի կորած բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկի մեջ, որ մարդ կարող է անել և դրանցով մեղանչել,
4. Այնժամ մեղք գործելու ու հանցավոր լինելու պատճառով նա պետք է վերադարձնի հափշտակածը, որ հափշտակել էր, կամ խարդախությամբ ձեռք բերածը, կամ իրեն հանձնված ավանդը, կամ գտածը, որ կորցրել էր,
5. Կամ յուրաքանչյուր բան, որի համար սուտ երդում էր տվել: Նա պետք է հատուցի ամբողջը՝ ավելացրած մեկ հինգերորդ մասը, և իր հանցանքի քավության համար զոհաբերություն մատուցելու օրը վերադարձնի նրան, ում որ պատկանում էր:
6. Եվ թող իր հանցանքի քավության զոհը բերի Տիրոջը, այսինքն քո որոշած արժեքով հոտերից մի անարատ խոյ բերի քահանայի մոտ որպես հանցանքի քավության զոհաբերություն:
7. Թող քահանան քավություն տա նրան Տիրոջ առաջ, և ինչ բանի համար որ հանցանք է գործել, նրան թողություն լինի»:
8. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
9. «Պատվիրի՛ր Ահարոնին և նրա որդիներին ու ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանին եղած կրակի վրա պետք է մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի կրակը նրա մեջ վառ պիտի մնա:
10. Եվ թող քահանան հագնի կտավե պատմուճանը ու իր մարմնի վրա՝ կտավե վարտիքը, զոհասեղանի վրայից վերցնի կրակով այրված ողջակեզի մոխիրը և դնի զոհասեղանի մոտ:
11. Թող հանի իր զգեստները, ուրիշ զգեստներ հագնի և մոխիրը բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ տանի:
12. Եվ կրակը վառ պիտի լինի զոհասեղանի վրա, պիտի չհանգչի: Եվ քահանան պիտի ամեն առավոտ նրա վրա փայտեր այրի, վրան դնի ողջակեզը և այրի խաղաղության զոհերի ճարպը:
13. Կրակը միշտ վառ պիտի լինի զոհասեղանի վրա, պիտի չհանգչի:
14. Եվ այս է Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց Ահարոնի որդիներ հացի ընծա մատուցելու կարգը:
15. Եվ քահանան թող լեցուն ափով վերցնի դրանից, այսինքն հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը, և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա որպես անուշ բուրմունք Տիրոջ համար:
16. Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները: Պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում՝ վկայության խորանի գավթում:
17. Թող այն չեփվի թթխմորով: Այն տվեցի Իմ ընծաներից՝ իրենց բաժին լինելու համար: Դա ամենասուրբ է, ինչպես մեղքի ու հանցանքի քավության զոհաբերությունները:
18. Թող այն ուտեն Ահարոնի բոլոր արու զավակները: Եվ թող Տիրոջ զոհաբերություններից սա հավիտենական օրենք լինի ձեր սերունդների մեջ։ Ամեն նրանց դիպչողը սուրբ պիտի լինի”»:
19. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
20. «Այս է Ահարոնի և նրա որդիների ընծայաբերությունը, որ պիտի մատուցեն Տիրոջը իրենց օծության օրը. ամեն օր մեկ տասներորդ արդու 1 ընտիր ալյուր՝ հացի ընծայի համար, կեսը՝ առավոտյան, և մյուս կեսը՝ երեկոյան:
21. Այն պիտի հունցվի ու տապակի մեջ յուղով պատրաստվի: Եվ հացի ընծայի եփած կտորները պիտի մատուցես Տիրոջը որպես անուշ բուրմունք:
22. Եվ սա պիտի մատուցի այն քահանան, ով նրա որդիներից է և օծվել է նրա փոխարեն: Սա Տիրոջ հավիտենական օրենք է. այն պիտի ամբողջապես այրվի:
23. Եվ քահանայի ամեն հացի ընծա ամբողջապես պիտի այրվի. պիտի չուտվի»:
24. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
25. «Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ ու ասա՛. “Այս է մեղքի քավության համար զոհաբերության օրենքը. մեղքի քավության զոհը պիտի մորթվի Տիրոջ առաջ՝ ողջակեզ մորթելու տեղում։ Դա ամենասուրբ է։
26. Այն քահանան, ով մատուցում է մեղքի քավության զոհը, թող նա ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ տեղում՝ վկայության խորանի գավթում:
27. Ինչ որ դիպչի դրա մսին, սուրբ պիտի լինի։ Եթե դրա արյունից ցողվի հանդերձի վրա, պետք է սուրբ տեղում լվանաս այն տեղը, որի վրա ցայտել էր:
28. Կավե այն անոթը, որի մեջ կեփվի այդ միսը, պետք է կոտրվի, իսկ եթե պղնձե անոթի մեջ եփվի, այն պետք է շփվի և լվացվի ջրով։
29. Այն պիտի ուտեն քահանաների բոլոր արու զավակները. դա ամենասուրբ է։
30. Եվ մեղքի քավության ամեն զոհաբերություն, որի արյունից բերվում է վկայության խորան՝ սուրբ տեղում քավություն անելու համար, պիտի չուտվի, այլ կրակով այրվի”»։