Խաղաղության զոհի կանոնները
1. Եթե մեկի ընծան խաղաղության զոհաբերություն է, և նա այն մատուցում է արջառներից, արու լինի, թե էգ, անարատը թող մատուցի Տիրոջ առաջ:
2. Եվ թող իր ձեռքը դնի ընծայաբերվող զոհի գլխին ու այն մորթի վկայության խորանի մուտքի մոտ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը ցողեն զոհասեղանի շուրջբոլորը:
3. Եվ խաղաղության զոհաբերությունից թող ընծա մատուցի Տիրոջը, այսինքն հանի փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքից վեր եղած ամբողջ ճարպը,
4. Երկու երիկամները, դրանց վրա և կողոսկրերի միջև եղած ճարպն ու լյարդի թաղանթը՝ երիկամներով:
5. Եվ Ահարոնի որդիները թող դրանք այրեն ողջակեզի հետ, որ դրված է զոհասեղանի կրակի վրա դրված փայտերին՝ Տիրոջը մատուցվող անուշահոտ զոհաբերություն լինելու համար:
6. Եվ եթե խաղաղության զոհաբերության համար Տիրոջը մատուցվող զոհը հոտերից է, լինի արու, թե էգ, թող մատուցի անարատը:
7. Եթե որպես զոհաբերություն գառ է մատուցում, թող այն մոտեցնի Տիրոջ առաջ,
8. Իր ձեռքը դնի զոհի գլխին ու այն մորթի վկայության խորանի դիմաց, իսկ Ահարոնի որդիները նրա արյունը ցողեն զոհասեղանի շուրջբոլորը:
9. Եվ թող խաղաղության զոհաբերությունից ընծա մատուցի Տիրոջը, այսինքն հանի նրա ճարպը, ամբողջ դմակը՝ կտրելով ողնաշարի մոտից, փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքից վեր եղած ամբողջ ճարպը,
10. Երկու երիկամները, դրանց վրա և կողոսկրերի միջև եղած ճարպն ու լյարդի թաղանթը՝ երիկամներով:
11. Եվ քահանան թող դրանք այրի զոհասեղանի վրա որպես Տիրոջը մատուցվող ընծայաբերություն:
12. Եվ եթե զոհաբերվող ընծան այծ է, թող այն բերի Տիրոջ առաջ,
13. Իր ձեռքը դնի նրա գլխին ու այն մորթի վկայության խորանի դիմաց, իսկ Ահարոնի որդիները նրա արյունը ցողեն զոհասեղանի շուրջբոլորը:
14. Եվ թող դրանից իր ընծան մատուցի Տիրոջը, այսինքն հանի փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքից վեր եղած ամբողջ ճարպը,
15. Երկու երիկամները, դրանց վրա և կողոսկրերի միջև եղած ճարպն ու լյարդի թաղանթը՝ երիկամներով:
16. Եվ քահանան թող այրի դրանք զոհասեղանի վրա՝ անուշահոտ ընծայաբերություն լինելու համար: Ամբողջ ճարպը Տիրոջինն է:
17. Թող սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ բոլոր բնակավայրերում, որ բնավ չուտեք ո՛չ ճարպ և ո՛չ էլ արյուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: