Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 19

Տասը պատվիրանների մեկնությունները
   
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ։
3. Ձեզանից յուրաքանչյուրը թող ակնածի իր մորից ու իր հորից: Եվ պահե՛ք Իմ շաբաթները. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
4. Մի՛ հետևեք կուռքերին և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ կերտեք. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5. Եվ եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, ապա մատուցեք այնպես, որ ընդունելի լինի։
6. Այն պետք է ուտել ձեր զոհ մատուցելու օրը կամ հաջորդ օրը, իսկ եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն պետք է այրվի կրակով։
7. Եվ եթե դրանից ուտեն երրորդ օրը, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։
8. Այն ուտողը պիտի կրի իր անօրենության պատիժը, որովհետև պղծել է Տիրոջ սրբությունը։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։
9. Ձեր հողերում հունձ անելիս մի՛ հնձիր մինչև վերջ՝ մինչև քո արտի եզերքը և քո հնձից ընկած հասկերը մի՛ հավաքիր։
10. Քո այգում ճռաքաղ մի՛ արա, այսինքն մի՛ քաղիր քո այգու մեջ մնացած ողկույզները. դրանք թող աղքատին և օտարականին: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
11. Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք և իրար մի՛ խաբեք։
12. Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծո անունը մի՛ պղծեք: Ես եմ Տերը։
13. Մի՛ զրկիր քո հարևանին և մի՛ հափշտակիր։ Քո վարձկանի օրական վարձը թող քեզ մոտ չմնա մինչև հաջորդ առավոտ։
14. Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև խոչընդոտ մի՛ դիր, այլ վախեցի՛ր քո Աստծուց: Ես եմ Տերը։
15. Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա և հարուստին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությամբ դատիր։
16. Մի՛ շրջիր քո ժողովրդի մեջ՝ չարախոսություն անելով։ Քո ընկերոջ արյան դեմ մի՛ կանգնիր: Ես եմ Տերը։
17. Մի՛ ատիր եղբորդ քո սրտում: Անպատճառ հանդիմանի՛ր մերձավորիդ, որպեսզի մեղք չկրես նրա համար։
18. Վրեժխնդիր մի՛ եղիր և քո ժողովրդի որդիների դեմ ոխ մի՛ պահիր, այլ սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես: Ես եմ Տերը։
19. Պահե՛ք Իմ կանոնները. քո անասունի մի տեսակը ուրիշ տեսակի հետ զուգավորել մի՛ տուր, քո արտում տարբեր տեսակի սերմեր մի՛ ցանիր, երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ մի՛ կրիր։
20. Եթե մեկը զուգավորության համար պառկի մի կնոջ հետ, ով ուրիշի հետ նշանված մի աղախին է և դեռ փրկագնված չէ, ոչ էլ նրան ազատություն է տրված, ապա նրանք չպետք է մահվան մատնվեն, որովհետև կինն ազատ չէր։
21. Եվ մարդը թող իր հանցանքի քավության զոհը բերի Տիրոջը՝ վկայության խորանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի քավության համար։
22. Եվ քահանան Տիրոջ առաջ հանցանքի քավության զոհի՝ խոյի զոհաբերումով թող քավություն անի նրան իր գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի իրեն։
23. Եվ երբ մտնեք այն երկիրը ու ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրա պտուղը՝ որպես անթլպատ, անմաքո՛ւր համարեք։ Երեք տարի դա ձեզ համար որպես անթլփատություն պիտի համարվի, և պիտի չուտեք։
24. Եվ չորրորդ տարում դրա բոլոր պտուղները Տիրոջը փառավորելու համար սուրբ պիտի լինեն։
25. Եվ հինգերորդ տարում պիտի ուտեք դրա պտուղը, որպեսզի ձեզ համար ավելացնի իր բերքը: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
26. Մի՛ կերեք միսն արյունով։ Հմայություն և գուշակություն մի՛ արեք։
27. Ձեր գլուխների մազերի եզրերը շուրջանակի մի՛ կտրեք և ոչ էլ ձեր մորուքի ծայրերը կտրեք։
28. Եվ որևէ մեկի համար ձեր մարմնի վրա կտրվածքներ մի՛ արեք և ձեզ վրա դաջվածքներ մի՛ արեք: Ես եմ Տերը։
29. Մի՛ պղծիր քո աղջկան՝ նրան պոռնիկ դարձնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի, և երկիրը գարշանքով չլցվի։
30. Պահե՛ք Իմ շաբաթ օրերը և պատվե՛ք Իմ սրբարանը: Ես եմ Տերը։
31. Մի՛ հետևեք վհուկներին և մի՛ հարցրեք ոգեհմաներին, որպեսզի չպղծվեք նրանցով: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
32. Ոտքի՛ կանգնիր ալեհեր մարդու առաջ, պատվի՛ր ծերին և երկյուղի՛ր քո Աստծուց: Ես եմ Տերը։
33. Եվ եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդուխտ լինի, մի՛ նեղեք նրան։
34. Ձեզ մոտ պանդխտացող օտարականը ձեզ համար թող լինի ձեր երկրի տեղաբնակի պես։ Սիրի՛ր նրան քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
35. Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք, ո՛չ կանգունաչափի, ո՛չ կշռելու և ո՛չ չափելու մեջ։
36. Թող ճիշտ լինի ձեր կշեռքը, ճիշտ՝ ձեր կշռաքարը, ճիշտ՝ ձեր արդուն, ճիշտ՝ ձեր հեղուկաչափը։ Ես եմ ձեզ Եգիպտոսի երկրից դուրս բերող Տերը՝ ձեր Աստվածը։
37. Եվ պահե՛ք Իմ բոլոր կանոններն ու Իմ բոլոր օրենքները և գործադրե՛ք դրանք: Ես եմ Տերը”»։