Մեղքի թողության համար զոհաբերության մասին
1. Եթե մեկը, երդումի խոսք լսելով ու վկա լինելով, չհայտնի իր տեսածը կամ իմացածը, այնժամ մեղանչած կլինի ու իր վրա մեղք կվերցնի:
2. Կամ եթե մեկը դիպչի որևէ անմաքուր բանի կամ անմաքուր գազանի դիակի, կամ անմաքուր անասունի դիակի, կամ անմաքուր սողունի դիակի, թեպետ չի իմացել, նա անմաքուր և հանցավոր կլինի:
3. Կամ առանց իմանալու դիպչի մարդու անմաքրության կամ որևէ անմաքրության, որից մարդ պղծվում է, թեպետ հետո իմանա, հանցավոր կլինի:
4. Կամ եթե մեկը շրթունքներով անխոհեմ երդում անի չարիք կամ բարիք գործելու համար (ինչպես երբ մարդը երդումով դատարկ բաներ է խոսում), և եթե մոռանա, սակայն հետո հիշի, ապա սրանցից մեկի մեջ հանցավոր կլինի:
5. Եվ եթե այս բաներից մեկի մեջ հանցավոր լինի, թող խոստովանի իր գործած մեղքը
6. Եվ իր գործած մեղքի համար թող Տիրոջ մոտ բերի իր հանցանքի քավության զոհը՝ իր հոտերից մի էգ, այսինքն մի էգ գառ կամ մի էգ ուլ, և թող քահանան քավություն անի նրան իր գործած մեղքի համար:
7. Եվ եթե նա ոչխար կամ այծ բերելու կարողություն չունի, իր գործած հանցանքի քավության համար թող երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերի Տիրոջը, մեկը՝ որպես զոհ մեղքի քավության համար, մյուսը՝ ողջակեզ:
8. Եվ թող դրանք բերի քահանայի մոտ ու նախ մատուցի այն, որը զոհաբերություն է մեղքի քավության համար. գլուխը ոլորի վզից, բայց չբաժանի մարմնից,
9. Եվ մեղքի քավության զոհի արյունից ցողի զոհասեղանի մի կողմում, իսկ մնացած արյունը քամվի զոհասեղանի հատակին: Դա զոհաբերություն է մեղքի քավության համար:
10. Իսկ մյուսը օրենքի համաձայն թող ողջակեզ անի, քահանան քավություն անի նրան իր գործած մեղքի համար, և նրան թողություն լինի:
11. Եվ եթե նա երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ բերելու կարողություն չունի, այնժամ մեղք գործողը մեղքի քավության զոհաբերության համար որպես ընծա թող բերի մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր: Դրա վրա թող ո՛չ յուղ լցնի, ո՛չ էլ վրան կնդրուկ դնի, որովհետև դա զոհաբերություն է մեղքի քավության համար:
12. Թող այն բերի քահանայի մոտ, և նրա հիշատակի համար քահանան մի բուռ լիքը վերցնի դրանից ու այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհաբերությունների հետ: Դա զոհաբերություն է մեղքի քավության համար:
13. Եվ թող քահանան քավություն անի նրան այս բաներից մեկի մեջ իր գործած մեղքի համար, և նրան թողություն լինի: Իսկ մնացածը, ինչպես հացի ընծան, թող քահանային լինի:
Հանցանքի քավության համար զոհաբերության կանոնները
14. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
15. «Եթե մեկը հանցանք գործի և սխալմամբ մեղանչի ընդդեմ Տիրոջ սրբությունների, ապա իր հանցանքի քավության համար որպես զոհ թող հոտերից մի անարատ խոյ բերի Տիրոջը՝ քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի:
16. Եվ հատուցի սրբություններին հասցրած իր վնասը, ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը և այն տա քահանային: Քահանան հանցանքի թողության համար թող քավություն տա նրան զոհաբերված խոյով, և նրան թողություն լինի:
17. Եթե մեկը մեղանչի և թեպետ անգիտակցաբար խախտի Տիրոջ այն բոլոր պատվիրանները, որ արգելված են, նա հանցավոր կլինի և պիտի կրի իր անօրենության պատիժը:
18. Եվ քո գնահատած արժեքի չափով թող նա հոտերից մի անարատ խոյ բերի քահանայի մոտ որպես զոհ հանցանքի քավության համար: Թող քահանան քավություն տա նրան անգիտակցաբար գործած իր հանցանքի համար, և նրան թողություն լինի:
19. Սա հանցանքի քավության զոհաբերություն է. նա, անշուշտ, հանցավոր է Տիրոջ առաջ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: