Ողջակեզի կանոնները
1. Եվ Տերը կանչեց Մովսեսին ու վկայության խորանից խոսեց նրա հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը կամենա զոհ մատուցել Տիրոջը, ապա ձեր զոհը մատուցեք արջառներից կամ հոտերից:
3. Եթե նրա ողջակեզի զոհը արջառներից է, ապա թող մատուցի անարատ արուն: Եվ թող այն մատուցի վկայության խորանի մուտքի մոտ, որպեսզի ընդունելի լինելի Տիրոջ առաջ:
4. Եվ թող իր ձեռքը դնի ողջակեզի գլխին, որ ընդունելի լինի, իսկ իրեն՝ քավություն:
5. Եվ թող զվարակը մորթի Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, բերեն արյունը և այն ցողեն վկայության խորանի մուտքի մոտ եղած զոհասեղանի շուրջբոլորը:
6. Եվ թող մաշկի ողջակեզն ու այն կտորների բաժանի:
7. Եվ Ահարոն քահանայի որդիները թող կրակ դնեն զոհասեղանին և փայտեր շարեն այդ կրակի վրա:
8. Եվ Ահարոնի որդիները՝ քահանաները, թող կտորները, գլուխը և ճարպը շարեն զոհասեղանի կրակին եղած փայտերի վրա,
9. Իսկ փորոտիքը և ոտքերը լվանան ջրով: Քահանան պետք է այդ ամբողջն այրի զոհասեղանի վրա՝ իբրև ողջակեզ և անուշահոտ ընծա Տիրոջը:
10. Եթե նրա ողջակեզի զոհը հոտերից, այսինքն ոչխարներից կամ այծերից է, ապա թող մատուցի անարատ արուն:
11. Եվ թող զոհասեղանի մոտ՝ հյուսիսային կողմում, մորթի այն Տիրոջ առաջ, իսկ Ահարոնի որդիները՝ քահանաները, ցողեն արյունը զոհասեղանի շուրջբոլորը:
12. Եվ թող այն գլխի և ճարպի հետ բաժանեն կտորների, և քահանան դրանք շարի զոհասեղանի կրակին դրված փայտերի վրա,
13. Իսկ փորոտիքն ու ոտքերը լվանա ջրով: Քահանան թող բերի այդ ամենն ու այրի զոհասեղանի վրա: Սա ողջակեզ է, անուշահոտ ընծա Տիրոջը:
14. Եվ եթե Տիրոջ համար ողջակեզի զոհը թռչուններից է, այնժամ նա իր զոհը թող մատուցի տատրակներից կամ աղավնու ձագերից:
15. Քահանան թող այն բերի զոհասեղանի մոտ, ոլորի նրա գլուխը և այրի զոհասեղանի վրա, իսկ նրա արյունը թող քամվի զոհասեղանի մի կողմում:
16. Եվ հանի նրա քարճիկն իր աղբով ու նետի զոհասեղանի արևելյան կողմում եղած մոխրանոցի մեջ:
17. Եվ թող ջարդի նրա թևերն առանց իրենից կտրելու: Քահանան թող այն այրի զոհասեղանի կրակին դրված փայտերի վրա: Սա ողջակեզ է, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար”»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: