Հացի ընծայի կանոնները
1. Եվ երբ մեկը հացի ընծա մատուցի Տիրոջը, այդ ընծան պետք է լինի ընտիր ալյուրից. դրա վրա թող յուղ լցնի և վրան կնդրուկ դնի:
2. Եվ թող այն բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ: Քահանան թող լեցուն ափով վերցնի նրա ընտիր ալյուրից և յուղից ամբողջ կնդրուկի հետ ու հիշատակի համար այրի զոհասեղանի վրա՝ Տիրոջն անուշահոտ ընծա լինելու համար:
3. Եվ հացի ընծայից մնացածը թող լինի Ահարոնին ու նրա որդիներին: Դա ամենասուրբ ընծայաբերություն է Տիրոջը:
4. Եվ եթե թոնրի մեջ եփված հացի ընծա մատուցես, թող դրանք լինեն ընտիր ալյուրով և յուղով շաղված բաղարջ բլիթներ կամ յուղով օծված բաղարջ լավաշներ:
5. Եվ եթե քո ընծայաբերությունը տապակի վրա եփված հացի ընծա է, թող այն ընտիր ալյուրից և յուղով շաղված բաղարջ լինի:
6. Այն կբաժանես կտորների և վրան յուղ կլցնես: Դա հացի ընծա է:
7. Եվ եթե քո ընծան կասկարայի վրա եփված հացի ընծա է, թող այն պատրաստվի յուղով շաղված ընտիր ալյուրից:
8. Եվ դրանցից պատրաստված հացի ընծան կբերես Տիրոջը, կտաս քահանային, ու թող նա այն մոտեցնի զոհասեղանին:
9. Եվ թող քահանան հիշատակի մաս վերցնի մատուցվող ընծայից և այն այրի զոհասեղանի վրա՝ Տիրոջը անուշահոտ ընծա լինելու համար:
10. Եվ ընծայից մնացածը թող լինի Ահարոնին ու նրա որդիներին: Դա ամենասուրբ ընծայաբերություն է Տիրոջը:
11. Հացի ընծան, որ պիտի մատուցեք Տիրոջը, պետք է չլինի թթխմորով, որովհետև Տիրոջն ընծայաբերելու համար ո՛չ թթխմոր, ո՛չ մեղր բնավ պիտի չայրեք:
12. Դրանք կմատուցեք Տիրոջը որպես երախայրիքի ընծա, բայց զոհասեղանի վրա պիտի չայրվեն անուշահոտ բուրմունքի համար:
13. Եվ քո բոլոր հացի ընծաները թող աղով լինեն, ու քո հացի ընծաներից քո Աստծո ուխտի աղը պակաս չլինի: Քո բոլոր ընծաների հետ աղ էլ կմատուցես:
14. Եվ երբ քո առաջին բերքից ընծա մատուցես Տիրոջը, կմատուցես առաջին հասկերից վերցրած, կրակով բոված և մանրացրած ցորենը: Դա կլինի քո առաջին բերքի ընծան:
15. Եվ դրա վրա յուղ կլցնես ու վրան կնդրուկ կդնես: Դա հացի ընծա է:
16. Եվ քահանան թող այրի նրա մանրացրած ցորենից ու իր ամբողջ կնդրուկով յուղից հիշատակի մասը՝ Տիրոջն ընծա լինելու համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: