Գիրք` 3. Ղեւտական

Գլուխ 2

   
1. Եւ անձն ոք` եթէ մատուցանիցէ պատարագ Տեառն, նաշիհ լիցի պատարագն նորա. եւ արկցէ զնովաւ եւղ, եւ դիցէ ի վերայ նորա կնդրուկ. զի զոհ է:

2. Եւ տարցի զայն առ քահանայսն որդիս Ահարոնի. եւ լցեալ զձեռն իւր ի նաշհւոյ անտի իւղովն հանդերձ, եւ զամենայն զկնդրուկն նորա, եւ դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն զոհ ի հոտ անուշից Տեառն:

3. Եւ նշխարն ի զոհէ անտի` Ահարոնի եւ որդւոց իւրոց եղիցի. սրբութիւն սրբութեանց ի զոհից անտի Տեառն:

4. Ապա թէ մատուցանիցէ պատարագ զոհ եփեալ ի թոնրի. պատարագ Տեառն ի նաշհւոյ` պանս բաղարջս, ի նաշհւոյ զանգեալ իւղով, եւ քաքարս բաղարջս աւծեալ իւղով:

5. Իսկ եթէ զոհ ի տապակէ իցէ պատարագն քո. նաշիհ զանգեալ իւղով, բաղարջ լինիցի.

6. եւ բրդեսցես զայն պատառս պատառս. եւ արկցես ի վերայ նոցա եւղ. զի զոհ Տեառն է:

7. Ապա թէ զոհ ի կասկարայից իցէ պատարագն քո, նաշիհ իւղով գործեսցի.

8. եւ մատուսցես զոհն զոր առնիցես ի նոցանէ Տեառն. եւ տարցիս առ քահանայն: Եւ մատուցեալ քահանայն առ սեղանն,

9. հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէ նորա. եւ դիցէ քահանայն ի վերայ սեղանոյն ընծայ անուշութեան Տեառն:

10. Եւ որ մնայցէ ի զոհէ անտի, Ահարոնի եւ որդւոց նորա լինիցի. սրբութիւն սրբութեանց ի զոհիցն քոց:

11. Զամենայն զոհ զոր մատուցանիցէք Տեառն, ոչ առնիցէք խմորուն: Զամենայն խմորուն, եւ զամենայն մեղրեալ` մի մատուցանիցէք ի նոցանէ պտուղ ի զոհ Տեառն:

12. Պատարագ պտղոյ մատուցանիցէք զայն Տեառն. բայց ի սեղանն մի ելանիցէ ի հոտ անուշից Տեառն:

13. Եւ ամենայն պատարագ զոհից ձերոց աղիւ Տեառն յաղեսցի: Մի պակասեցուցանիցէք զաղ ուխտին Աստուծոյ ի զոհից ձերոց. ընդ ամենայն պատարագս աղ մատուցանիցէք:

14. Իսկ եթէ յառաջին արմտեաց մատուցանիցես պատարագ Տեառն, մուրկ նոր փխրեալ եւ մաքրեալ` Տեառն, մատուսցես զոհ զառաջնոց արմտեաց քոց:

15.Եւ արկցես զնովաւ եւղ, եւ դիցես ի վերայ նորա կնդրուկ, զի զոհ է:

16. Եւ հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա ի մրկէ անտի հանդերձ իւղովն, եւ զամենայն կնդրուկ նորա զի պտուղ Տեառն է: