Գիրք` 3. Ղեւտական

Գլուխ 8

Քահանաների օծությունը
   

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա հետ իր որդիներին, զգեստները, օծության յուղը, մեղքի քավության համար զոհաբերվող զվարակը, երկու խոյերը, բաղարջ հացի սակառը
3. Եվ հավաքի՛ր ամբողջ ժողովրդին վկայության խորանի մուտքի մոտ»։
4. Եվ Մովսեսն արեց այնպես, ինչպես որ Տերը պատվիրեց իրեն, ու ժողովուրդը հավաքվեց վկայության խորանի մուտքի մոտ:
5. Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Այս է պատվիրում Տերը»։
6. Եվ Մովսեսը մոտ բերեց Ահարոնին ու նրա որդիներին և ջրով լվաց նրանց։
7. Եվ նրան հագցրեց շապիկը, նրա մեջքին գոտի կապեց, ապա հագցրեց պատմուճանը, դրա վրայից՝ եփուդը և եփուդի ժապավենով փաթաթեց ու դրանով գոտևորեց նրան։
8. Եվ դրա վրա կապեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։
9. Եվ գլխին խույր դրեց, խույրի վրա՝ առջևի կողմից, ոսկե թիթեղ, այսինքն սուրբ պսակ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
10. Եվ Մովսեսն առավ օծության յուղը, օծեց խորանը և նրանում եղած ամեն բան ու
սրբագործեց դրանք։
11. Եվ դրանից յոթ անգամ ցողեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա խարիսխը և սրբագործեց։
12. Եվ օծության յուղից լցրեց Ահարոնի գլխին, օծեց ու սրբագործեց նրան։
13. Եվ Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, նրանց շապիկներ հագցրեց, նրանց մեջքին գոտի կապեց և ապարոշներ 1 փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
14. Ապա մոտեցրեց մեղքի քավության համար զոհաբերվող զվարակը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքը դրեցին մեղքի քավության համար զոհաբերվող զվարակի գլխին
15. Եվ մորթեց: Մովսեսն առավ արյունը, իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին և սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի հատակին ու սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։
16. Եվ Մովսեսն առավ փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա:
17. Բայց զվարակը, այսինքն դրա մորթը, միսը և նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
18. Եվ մոտեցրեց ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքը դրեցին խոյի գլխին։
19. Եվ մորթեց: Մովսեսն արյունը ցողեց զոհասեղանի շուրջբոլորը,
20. Խոյը բաժանեց կտորների, այրեց գլուխը, կտորներն ու ճարպը,
21. Եվ փորոտիքն ու ոտքերը լվաց ջրով: Մովսեսն ամբողջ խոյն այրեց զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ էր, Տիրոջը մատուցվող անուշահոտ զոհաբերություն, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
22. Եվ մոտեցրեց մյուս խոյը, այսինքն քահանաների նվիրագործության համար խոյը, և Ահարոնն ու նրա որդիներն իրենց ձեռքը դրեցին խոյի գլխին:
23. Եվ մորթեց: Մովսեսն առավ դրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
24. Եվ մոտեցրեց Ահարոնի որդիներին. Մովսեսն այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատերին և նրանց աջ ոտքերի բթամատերին, իսկ մնացած արյունը ցողեց զոհասեղանի շուրջբոլորը։
25. Եվ առավ ճարպը, դմակը, փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամները, դրանց վրայի ճարպը և աջ զիստը,
26. Տիրոջ առջևի բաղարջ հացի սակառից վերցրեց մի բաղարջ շոթ, յուղով հունցված մի շոթ և մի լավաշ ու դրեց ճարպերի և աջ զիստի վրա։
27. Եվ այդ ամենն Ահարոնի ու նրա որդիների ձեռքը դնելով՝ դրանք մատուցեց Տիրոջ առջև որպես երերացնելու ընծա:
28. Եվ Մովսեսը նրանց ձեռքից առավ ու դրանք այրեց զոհասեղանի վրա եղած ողջակեզի վրա: Դրանք նվիրագործության համար Տիրոջը մատուցված անուշահոտ ընծայաբերություն էին:
29. Եվ Մովսեսն առավ լանջամիսն ու այն որպես երերացնելու ընծա երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործության խոյից եղավ, Մովսեսի բաժինը ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
30. Եվ Մովսեսը, վերցնելով օծության յուղից և զոհասեղանի վրա եղած արյունից, ցողեց Ահարոնի վրա ու նրա զգեստների վրա և նրա հետ՝ նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա։ Եվ սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ՝ նրա որդիներին և նրա որդիների զգեստները։
31. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփեք վկայության խորանի մուտքի մոտ և այնտեղ կերեք սակառի մեջ եղած հացերով, որ նվիրագործության համար են, ինչպես որ պատվիրվեց ինձ, թե՝ “Դրանք պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները”։
32. Եվ մսից ու հացից ավելացածը կայրեք կրակով։
33. Եվ յոթ օր պետք է չհեռանաք վկայության խորանի մուտքից, մինչև չլրանան ձեր նվիրագործության օրերը, որովհետև ձեր նվիրագործությունը պիտի լինի յոթ օրվա մեջ:
34. Եվ ձեր քավության համար Տերը պատվիրեց այսպես անել, ինչպես արվեց այսօր:
35. Եվ յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, պիտի նստեք վկայության խորանի մուտքի մոտ և կատարեք Տիրոջ հսկման կարգը, որպեսզի չմեռնեք, որովհետև այդպես է պատվիրված ինձ»։
36. Եվ Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։