Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 24

Կանոններ ճրագների և առաջավորության հացերի համար
   
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մոտ զտված մաքուր ձեթ բերեն լուսավորության համար, որպեսզի շարունակ ճրագ վառվի։
3. Թող Ահարոնն այն դնի վկայության խորանի մեջ՝ վարագույրից դուրս, որ միշտ՝ երեկոյից մինչև առավոտ, վառվի Տիրոջ առաջ։ Թող դա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ։
4. Ճրագները ոսկե աշտանակի վրա պետք է միշտ վառ լինեն Տիրոջ առաջ։
5. Եվ ընտիր ալյուր կառնես ու դրանով տասներկու շոթեր կպատրաստես։ Ամեն մի շոթը պետք է երկու տասներորդական հիմեն լինի։
6. Եվ դրանք Տիրոջ առջև երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա. ամեն շարքում՝ վեց հատ։
7. Եվ ամեն մի շարքի վրա կդնես մաքուր կնդրուկ, որպեսզի հացի վրա ընծայաբերության հիշատակ լինի Տիրոջ համար։
8. Ամեն շաբաթ օր նա պետք է միշտ պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։
9. Եվ դրանք պետք է լինեն Ահարոնին ու նրա որդիներին, և պետք է ուտեն սուրբ տեղում, որովհետև դա Տիրոջ ընծայաբերություններից հավիտենական կանոնով ամենասուրբ է նրանց համար»։
   
Հայհոյիչը պետք է քարկոծվի
   
10. Եվ իսրայելացի մի կնոջ որդի, որի հայրը եգիպտացի էր, դուրս ելավ իսրայելի որդիների մեջ, և այդ իսրայելացի կնոջ որդին բանակատեղիում կռվեց իսրայելացի մի մարդու հետ։
11. Եվ այդ իսրայելացի կնոջ որդին հայհոյեց Տիրոջ անունն ու անիծեց: Նրան բերեցին Մովսեսի մոտ: Նրա մոր անունը Սաղոմիթ էր՝ Դանի ցեղից Դաբրիի դուստրը։
12. Եվ բանտարկեցին նրան, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնի լինի իրենց։
13. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
14. «Դո՛ւրս հանիր այդ հայհոյողին բանակատեղիից: Բոլոր լսողներն իրենց ձեռքերը թող դնեն նրա գլխին, և ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։
15. Եվ խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Ով անիծի իր Աստծուն, նա պետք է կրի իր մեղքի պատիժը։
16. Եվ ով հայհոյի Տիրոջ անունը, անշուշտ, պետք է մահվան մատնվի։ Ամբողջ ժողովուրդն, անշուշտ, պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը, լինի օտարական թե տեղաբնակ, պիտի մահվան մատնվի։
   
Պատիժներ սպանության և վիրավորելու համար
   
17. Եվ ով մարդ սպանի, անշուշտ պիտի մահվան մատնվի։
18. Եվ ով անասուն սպանի, փոխարենը պիտի հատուցի նույնով։
19. Եթե մի մարդ խեղվածք պատճառի իր մերձավորին, իր արածի պես պետք է իրեն անեն:
20. Ջարդվածքի դիմաց՝ ջարդվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղվածք որ նա պատճառի այդ մարդուն, նույնն իրեն պիտի լինի։
21. Եվ անասուն սպանողը պիտի հատուցի այն, բայց մարդ սպանողը պիտի մահվան մատնվի։
22. Օրենքը պետք է նույնը լինի թե՛ օտարականի և թե՛ տեղաբնակի համար, որովհետև Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23. Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, ու այն անիծող մարդուն հեռացրին բանակատեղիից և քարկոծեցին նրան։ Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։