Զոհաբերության այլևայլ կանոններ
1. «Եվ այս է հանցանքի քավության համար զոհաբերության օրենքը. դա ամենասուրբ է:
2. Հանցանքի քավության զոհը պետք է մորթվի ողջակեզ մորթելու տեղում, և դրա արյունը պետք է ցողվի զոհասեղանի շուրջբոլորը:
3. Եվ թող դրանից մատուցի ամբողջ ճարպը, այսինքն դմակը և փորոտիքը ծածկող ճարպը,
4. Հանի երկու երիկամները, դրանց վրայի ու կողոսկրերի միջև եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը՝ երիկամներով:
5. Եվ թող քահանան դրանք այրի զոհասեղանի վրա որպես զոհաբերություն Տիրոջը: Դա զոհաբերություն է հանցանքի քավության համար։
6. Թող այն ուտեն քահանաների բոլոր արու զավակները, սուրբ վայրում թող ուտեն, որովհետև դա ամենասուրբ է:
7. Ինչպես որ մեղքի քավության զոհաբերությունն է, այդպես է հանցանքի քավության զոհաբերությունը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պետք է լինի քավություն անող քահանային։
8. Եթե մի քահանա, ով մեկի համար ողջակեզ է մատուցում, այդ քահանան թող իրեն վերցնի իր մատուցած ողջակեզի մորթը:
9. Եվ թոնրի մեջ եփված ու կասկարայի կամ տապակի վրա պատրաստված հացի ամեն ընծա պետք է լինի մատուցող քահանային:
10. Ամեն յուղով շաղված կամ չոր հացի ընծա պետք է լինի Ահարոնի որդիներին: Բոլորի բաժինը պետք է հավասար լինի:
11. Սա է Տիրոջը մատուցվող խաղաղության զոհի օրենքը.
12. Եթե մեկն այն պիտի մատուցի շնորհակալության համար, այնժամ շնորհակալության զոհի հետ թող մատուցի յուղով շաղված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ ու ընտիր ալյուրից և յուղով հունցված շոթեր:
13. Շնորհակալության համար եղած իր խաղաղության զոհի շոթերի հետ պետք է թթխմորով հացի ընծա մատուցի։
14. Եվ դրանից, այսինքն յուրաքանչյուր ընծայից մեկ հատ պիտի մատուցվի Տիրոջը որպես բարձրացնելու ընծա. թող դա խաղաղության զոհի արյունը ցողող քահանային լինի։
15. Եվ շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը պետք է ուտվի հենց մատուցելու օրը։ Մինչև առավոտ դրանից ոչինչ չպետք է մնա։
16. Եթե մեկի զոհն ուխտի համար է կամ կամավոր զոհ է, թող ուտվի զոհը մատուցելու օրը, իսկ մնացածը հետևյալ օրն ուտվի։
17. Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։
18. Եվ եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողի համար զոհ չի համարվի, այլ պղծություն կլինի, և դրանից ուտող անձն իր վրա անօրենություն պիտի կրի։
19. Միսը, որը կդիպչի որևէ անմաքուր բանի, պիտի չուտվի, այլ կրակով այրվի, սակայն ամեն ոք, ով մաքուր է, կարող է ուտել այդ մսից։
20. Իսկ այն անձը, ով անմաքուր լինելով ուտի Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից, պիտի վերանա իր ժողովրդի միջից:
21. Ամեն անմաքուր բանի՝ մարդու անմաքրության, կամ պիղծ անասունի և կամ ամեն տեսակ անմաքուր, պիղծ բանի դիպչող անձը եթե ուտի Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից, պիտի վերանա իր ժողովրդի միջից»:
22. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
23. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ պիտի չուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։
24. Սատկած և հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի ամեն պարագայում, բայց դրանից բնավ պիտի չուտեք,
25. Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհաբերված անասունի ճարպից, պիտի վերանա իր ժողովրդի միջից։
26. Եվ ձեր բոլոր բնակավայրերում արյուն բնավ պիտի չուտեք, լինի թռչնի, թե անասունի։
27. Արյուն ուտող ամեն ոք պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։
28. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
29. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Իր խաղաղության զոհը Տիրոջը մատուցողը թող իր խաղաղության զոհից ընծայաբերի Տիրոջը։
30. Տիրոջը մատուցվող ընծաները թող բերի իր ձեռքով. ճարպը թող բերի լանջամսի հետ, որպեսզի լանջամիսը երերացվի Տիրոջ առաջ որպես երերացնելու ընծա:
31. Եվ թող քահանան ճարպն այրի զոհասեղանի վրա, իսկ լանջամիսը լինի Ահարոնին ու նրա որդիներին։
32. Ձեր խաղաղության զոհերից աջ զիստը՝ որպես բարձրացնելու ընծա, պիտի տաք քահանային։
33. Ահարոնի որդիներից նա, ով կմատուցի խաղաղության զոհի արյունն ու ճարպը, աջ զիստը թող լինի իր բաժինը,
34. Որովհետև Իսրայելի որդիներից Ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու լանջամիսն ու բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական կանոնով Իսրայելի որդիներից տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին”»։
35. Սա Տիրոջ ընծաներից Ահարոնի և նրա որդիների օծության համար է, որ նրանց օծության օրը տրվեց Տիրոջը քահանայություն անելու համար:
36. Տերը պատվիրեց Իսրայելի որդիների միջից տալ նրանց իրենց օծության օրը՝ որպես հավիտենական կանոն իրենց սերունդների մեջ։
37. Այս է ողջակեզի, հացի ընծայի, մեղքի քավության, հանցանքի քավության, նվիրաբերության և խաղաղության համար զոհեր մատուցելու օրենքը,
38. Որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց, որ իրենց զոհաբերությունները Տիրոջը մատուցեն Սինայի անապատում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: