Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 17

Զոհաբերության վայրը
   

1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Ահա թե ինչ է պատվիրում Տերը՝ ասելով.
3. "Իսրայելի տնից ով որ արջառ, ոչխար կամ այծ մորթի բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս
4. Եվ չբերի վկայության խորանի մուտքի մոտ՝ Տիրոջ խորանի առաջ՝ Տիրոջը զոհ մատուցելու համար, ապա այդ մարդը արյունապարտ կլինի: Նա արյուն է թափել, և այդ մարդը պետք է վերանա իր ժողովրդի միջից",
5. Որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ մորթում են դաշտում, բերեն քահանային՝ Տիրոջ առաջ՝ վկայության խորանի մուտքի մոտ, և որպես խաղաղության զոհեր զոհաբերեն Տիրոջը։
6. Եվ թող քահանան վկայության խորանի մուտքի մոտ ցողի արյունը Տիրոջ զոհասեղանի վրա ու ճարպն այրի որպես անուշահոտ բուրմունք Տիրոջ առաջ։
7. Եվ թող նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևելով՝ պոռնկություն են անում։ Թող սա նրանց հավիտենական կանոն լինի իրենց սերունդների մեջ”։
8. Եվ ասա՛ նրանց. “Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ պանդխտացող օտարականներից մեկը ողջակեզ կամ զոհ մատուցելու լինի
9. Եվ այն չբերի վկայության խորանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից։
   
Արյունը, սատկած կամ հոշոտվածը ուտելու արգելքը
   
10. Եվ եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ պանդխտացող օտարականներից մեկն արյուն ուտի, Իմ երեսը պիտի շրջեմ արյուն ուտող այդ մարդուց և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից,
11. Որովհետև մարմնի շունչն իր արյան մեջ է։ Եվ Ես այն տվեցի ձեզ, որ զոհասեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով”։
12. Դրա համար էլ ասացի Իսրայելի որդիներին. “Ձեզանից ոչ ոք թող արյուն չուտի, և ձեր մեջ պանդխտացող օտարականն էլ թող արյուն չուտի”։
13. Եվ եթե Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ պանդխտացող օտարականներից մեկը ուտելի անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով,
14. Որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է՝ իր հոգով։ Եվ ասացի Իսրայելի որդիներին. “Որևէ մարմնի արյուն բնավ պիտի չուտեք”, որովհետև ամեն մարմնի շունչն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորստյան մատնվի։
15. Եվ ով որ ուտի սատկած կամ գազանից հոշոտվածը, լինի երկրացի, թե օտարական, պիտի լվանա իր հագուստները, և ինքն էլ լվացվի ջրով։ Նա անմաքուր կլինի մինչև երեկո, ապա մաքուր կլինի։
16. Բայց եթե չլվանա իր զգեստները և չլվանա իր մարմինը, այնժամ նա պիտի կրի իր անօրենության պատիժը»։