ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՈՃԻՐՆԵՐԸ
Իսրայէլացիներին
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, եթէ դատելու ես, դատի՛ր արիւնահեղութեան քաղաքը,
3. խայտառակի՛ր նրա բոլոր անօրէնութիւնները եւ ասա՛. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ո՛վ քաղաք, որ արիւն է թափում իր մէջ, երբ իր ժամանակն է հասնում, իր ներսում խորհուրդներ է որոճում՝ ինքն իրեն ապականելու համար նրանց արիւնով:
4. Իզուր արիւն թափեցիր ու թաթախուեցիր, քո որոճացած խորհուրդներով ապականուեցիր: Քո օրերը մօտեցրիր եւ քո կեանքի վախճանին մօտեցար: Դրա համար է որ քեզ յանձնեցի նախատինքին ազգերի, ամօթանքներին բոլոր աշխարհների,
5. որոնք մօտ էին քեզ կամ քեզնից հեռու, որպէսզի այպանեն քեզ ու ասեն. «Դու՝ անուանի քաղաքդ, պղծութեան մատնուեցիր, որովհետեւ յաճախակի անօրէնութիւններ գործեցիր»:
6. Ահա Իսրայէլի այդ տան իշխանները. քո մէջ իւրաքանչիւրն իր ազգի մերձաւորների հետ էր խառնակւում, որ արիւն թափէր.
7. քո մէջ հօրն ու մօրն էին անարգում, եկուորի ու պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում, որբին ու այրուն բռնադատում,
8. սրբութիւններս արհամարհում էին ու շաբաթներս պղծում քո մէջ:
9. Աւազակ մարդիկ կային քո մէջ, որ արիւն թափէին քո մէջ, լեռների վրայ էլ զոհեր մատուցէին քո մէջ եւ անմաքուր գործեր անէին:
10. Իրենց հօր ամօթն էին մէջտեղ հանում քո մէջ եւ պղծութեամբ դաշտանաւոր կնոջ էին բռնաբարում քո մէջ:
11. Իւրաքանչիւրն իր ընկերոջ կնոջն էր պղծում, իւրաքանչիւրն ամբարշտութեամբ իր հարսին էր պղծում, իւրաքանչիւրն իր քրոջը՝ իր հօր դստերն էր բռնաբարում քո մէջ:
12. Կաշառք էին վերցնում քո մէջ, որպէսզի արիւն թափէին, վաշխ ու տոկոս էին առնում քո մէջ: Եւ ես վերջ եմ տալու քո չարագործութիւններին՝ ըստ քո գործած բռնութեան, որովհետեւ մոռացել ես ինձ», - ասում է Տէր Աստուած:
13. «Ահա ծափ եմ զարնելու քո կատարած գործերին ի տես եւ ի տես քո մէջ կատարուած արիւնահեղութեան:
14. Պիտի դիմանա՞յ քո սիրտը, պիտի զօրանա՞ն քո ձեռքերն այն օրերին, երբ դրանք գլխիդ բերեմ: Ես՝ Տէրս եմ ասում, եւ անելու եմ:
15. Սփռելու եմ քեզ ազգերի մէջ, ցիր ու ցան եմ անելու երկրներով մէկ, եւ քո միջից պղծութիւնը պակասելու է:
16. Դա եմ ժառանգութիւն թողնելու քեզ ազգերի մէջ, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»»:
ԱՍՏԾՈՒ ԶՏՈՂ ՓՈՒՌԸ
17. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
18. «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունն ինձ համար խառնուեց, ինչպէս հալոցում խառնւում են պղինձն ու երկաթը, անագը, կապարն ու արծաթը:
19. Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Տէր Աստուած. այն բանի համար, որ դուք բոլորդ էլ միախառնուեցիք, դրա համար ես ձեզ հաւաքելու եմ Երուսաղէմում,
20. ինչպէս որ մէկը հալոցում արծաթն ու պղինձը, երկաթն ու կապարը կը հաւաքի՝ նրա վրայ կրակ փչելու եւ ձուլելու համար: Նոյն ձեւով էլ ձեզ եմ հաւաքելու իմ բարկութեամբ
21. հաւաքելու եւ ձուլելու եմ ձեզ. ձեզ վրայ իմ բարկութեամբ հուր եմ փչելու, ու դուք ձուլուելու էք նրա մէջ.
22. ինչպէս որ արծաթն է ձուլւում քուրայում, այնպէս էլ դուք էք ձուլուելու դրա մէջ: Եւ պիտի իմանաք, որ ես՝ Տէրս եմ սրտմտութիւնս թափել ձեր վրայ»»:
ԻՍՐԱՅԷԼԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԵՂՔԸ
23. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
24. «Մարդո՛ւ որդի, ասա՛ դրան. «Դու այն երկիրն ես, որ չես թրջւում. քեզ վրայ անձրեւ չի կաթել զայրոյթի օրը:
25. Դու այն երկիրն ես, որի իշխաններն այնտեղ յափշտակելիս ու կողոպտելիս առիւծների պէս էին մռնչում. բռնութեամբ տնանկների մարմիններն էին յօշոտում եւ անիրաւութեամբ պատիւներ խլում: Եւ այրիները բազմացան քո մէջ:
26. Նրա քահանաներն անարգում էին օրէնքներս ու պղծում սրբութիւններս. սուրբը պիղծից չէին տարբերում, արատաւորը անարատից չէին ջոկում. իմ շաբաթներին աչք էին փակում եւ պղծում էին շաբաթներս իրենց մէջ:
27. Նրա իշխանները յափշտակիչ գայլերի պէս էին նրա մէջ՝ յափշտակելու եւ կողոպտելու, արիւն թափելու եւ մարդկանց կորստի մատնելու համար, որպէսզի իրենց սաստիկ ագահութեանը յագուրդ տային:
28. Նրա մարգարէները, որոնք կոծկում էին այդ մեղքերը, ընկնելու են, նրանք, որ սնոտի բաներ էին գուշակում, ստութիւններ տենչում եւ ասում էին, թէ այսպէս է ասում Ամենակալ Տէրը, մինչդեռ Տէրը նման բան չէր կարող խօսել:
29. Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրաւութեամբ, յափշտակում ու կողոպտում. աղքատին ու տնանկին բռնադատում էին. պանդխտի հետ անիրաւութեամբ էին վարւում:
30. Նրանց միջից մի մարդ փնտռեցի, որ ուղիղ ընթանար, զայրոյթիս պահին առջեւս յօժարակամ կանգնէր, որպէսզի չջնջէի նրանց, բայց չգտայ:
31. Եւ նրանց վրայ թափեցի սրտմտութիւնս իմ զայրոյթի հրով՝ նրանց վրայ բարկութիւնս ի կատար ածելու համար: Ըստ նրանց բռնած ճանապարհի էլ նրանց գլխին բերեցի»»,- ասում է Տէր Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: