Մեղքի քավության համար զոհաբերության կանոնները
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը սխալմամբ մեղանչում է և խախտում Տիրոջ բոլոր պատվիրաններից մեկը, որ արգելված է,
3. Եվ եթե մեղանչում է օծված քահանան՝ հանցավոր դարձնելով ժողովրդին, ապա նա իր գործած մեղքի համար արջառներից մի անարատ զվարակ թող մատուցի Տիրոջը որպես մեղքի քավության զոհաբերություն:
4. Եվ թող զվարակը բերի վկայության խորանի մուտքի մոտ՝ Տիրոջ առաջ, իր ձեռքը դնի զվարակի գլխին և զվարակը մորթի Տիրոջ առաջ:
5. Եվ թող օծված քահանան վերցնի զվարակի արյունից ու բերի վկայության խորան:
6. Եվ թող քահանան իր մատը թաթախի արյան մեջ ու Տիրոջ առաջ այդ արյունից յոթ անգամ ցողի սրբարանի վարագույրի առջև:
7. Եվ քահանան Տիրոջ առաջ թող այդ արյունից քսի անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին, որ վկայության խորանում է, իսկ զվարակի մնացած ամբողջ արյունը թափի վկայության խորանի մուտքի մոտ եղած ողջակեզի զոհասեղանի հատակին:
8. Եվ մեղքի քավության համար զոհաբերված զվարակից թող վերցնի նրա ամբողջ ճարպը, այսինքն փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքից վեր եղած ամբողջ ճարպը,
9. Հանի երկու երիկամները, դրանց վրա և կողոսկրերի միջև եղած ճարպն ու լյարդի վրայի թաղանթը՝ երիկամներով,
10. Ինչպես որ հանում են խաղաղության համար զոհաբերվող արջառից, և քահանան դրանք այրի ողջակեզի զոհասեղանի վրա:
11. Եվ զվարակի մորթը, նրա ամբողջ միսը՝ գլխով և ոտքերով, փորոտիքն ու աղբը,
12. Այսինքն ամբողջ զվարակը տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, որտեղ մոխիր են թափում և փայտերի վրա այրի կրակով, այրի այն տեղում, ուր մոխիր են թափում:
13. Եթե սխալվում է Իսրայելի ամբողջ ժողովուրդը, ու դա ծածուկ է մնում ժողովրդի աչքից, և եթե խախտում է Տիրոջ պատվիրաններից մեկը, որ արգելված է, այնժամ հանցավոր կլինի:
14. Եվ եթե հայտնի լինի այդ գործած մեղքը, թող ժողովուրդն արջառներից մի զվարակ մատուցի որպես մեղքի քավության զոհաբերություն ու այն բերի վկայության խորանի առաջ:
15. Եվ Տիրոջ առաջ ժողովրդի ծերերը թող իրենց ձեռքը դնեն զվարակի գլխին ու Տիրոջ առաջ մորթեն զվարակը:
16. Եվ թող օծյալ քահանան զվարակի արյունից բերի վկայության խորան:
17. Եվ քահանան թող իր մատը թաթախի արյան մեջ ու Տիրոջ առաջ յոթ անգամ ցողի վարագույրի առջև:
18. Եվ թող արյունից քսի վկայության խորանում Տիրոջ առաջ եղած սեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի վկայության խորանի մուտքի մոտ եղած ողջակեզի զոհասեղանի հատակին:
19. Եվ թող հանի զվարակի ամբողջ ճարպն ու այրի զոհասեղանի վրա,
20. Եվ ինչպես արեց մեղքի քավության համար զոհաբերվող զվարակին, այդպես թող անի այս զվարակին: Քահանան թող քավություն անի նրանց, և նրանց թողություն լինի:
21. Եվ զվարակը թող դուրս բերեն բանակատեղիից ու այրեն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը: Դա մեղքի քավության զոհաբերություն է ժողովրդի համար:
22. Եվ եթե մի իշխան սխալմամբ մեղանչում է՝ խախտելով իր Տեր Աստծո պատվիրաններից մեկը, որ արգելված է, այնժամ հանցավոր կլինի:
23. Եթե նա գիտակցի իր գործած մեղքը, ապա թող իր արու այծերից անարատ մի նոխազ զոհաբերի իր համար:
24. Թող նա իր ձեռքը դնի նոխազի գլխին և Տիրոջ առաջ մորթի նրան, որտեղ մորթում են ողջակեզներին: Դա զոհաբերություն է մեղքի քավության համար:
25. Եվ թող քահանան իր մատով վերցնի մեղքի քավության զոհի արյունից ու քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափի ողջակեզի զոհասեղանի հատակին:
26. Եվ թող նրա ամբողջ ճարպն այրի զոհասեղանի վրա, ինչպես խաղաղության զոհի ճարպը: Քահանան թող քավություն անի նրա մեղքի համար, և նրան թողություն լինի:
27. Եվ եթե երկրի ժողովրդից մեկը մեղանչում է՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկը, որ արգելված է, այնժամ հանցավոր կլինի:
28. Եթե նա գիտակցի իր մեղքը, ապա թող իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ զոհաբերի:
29. Եվ թող իր ձեռքը դնի մեղքի քավության զոհի գլխին ու մեղքի քավության զոհը մորթի ողջակեզ մորթելու տեղում:
30. Եվ թող քահանան իր մատով վերցնի նրա արյունից ու քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի հատակին:
31. Թող հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես խաղաղության զոհի ճարպը, և քահանան այրի այն զոհասեղանի վրա որպես անուշահոտ բուրմունք Տիրոջ առաջ: Քահանան թող քավություն անի նրա համար, և նրան թողություն լինի:
32. Եթե մեղքի քավության համար պիտի գառ զոհաբերի, թող բերի անարատ մի էգ գառ,
33. Իր ձեռքը դնի մեղքի քավության զոհի գլխին և որպես մեղքի քավության զոհ այն մորթի այն տեղում, ուր ողջակեզ են մորթում:
34. Եվ թող քահանան իր մատով վերցնի մեղքի քավության զոհի արյունից ու քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի հատակին:
35. Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես որ հանվում է գառան ճարպը խաղաղության զոհից: Եվ թող քահանան այրի այն զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհաբերությունների հետ: Քահանան թող քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն լինի”»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: