Ով կարող է ուտել զոհից
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ, որ զգույշ լինեն Իսրայելի որդիների մատուցած սրբություններից, որ նրանք չպղծեն Իմ սուրբ անունը այն բաներով, որ ընծայում են Ինձ: Ես եմ Տերը։
3. Ասա՛ նրանց. “Ձեր ազգատոհմի բոլոր սերունդներից նա, ով անմաքուր լինելով կմոտենա այն սուրբ բաներին, որ Իսրայելի որդիներն ընծայում են Տիրոջը, այդ անձը պիտի վերանա Իմ առջևից: Ես եմ Տերը։
4. Ահարոնի ցեղից նա, ով բորոտ լինի կամ ծորում ունենա, մինչև իր մաքրվելը պետք է չուտի այդ սուրբ բաներից: Եվ ով դիպչի մեռելից պղծված որևէ բանի կամ մի մարդու, ով սերմնահոսություն է ունեցել,
5.Կամ որևէ սողունի, որով կարող է անմաքուր լինել, կամ մի մարդու, որից նա կարող էր անմաքուր լինել, ինչ անմաքրություն որ նա ունենա,
6. Սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա պետք է չուտի սուրբ բաներից, և իր մարմինը պետք է լվանա ջրով։
7. Եվ երբ արեգակը մայր մտնի, այնժամ նա մաքուր կլինի և դրանից հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա իր հացն է։
8. Թող չուտի սատկած կամ գազանից հոշոտվածը, որպեսզի դրանով չպղծվի: Ես եմ Տերը։
9. Եվ պետք է պահեն Իմ հրամանը, որ դրա համար մեղք չգործեն ու չմեռնեն այն պատճառով, որ պղծվել են: Ես եմ Տերը, որ սրբացնում եմ նրանց։
10. Եվ որևէ օտարական պետք է չուտի սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը պետք է չուտի այդ սուրբ բանից։
11. Բայց քահանայի դրամով գնված անձը և նրա տան մեջ ծնվածը կարող են ուտել դրանից. նրանք կարող են ուտել նրա կերակրից։
12. Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի օտարականի հետ, ապա այդ ամուսնացած աղջիկը պետք է չուտի ընծայաբերված սուրբ բաներից։
13. Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տուն, այնժամ, ինչպես նախքան իր ամուսնությունը, թող ուտի իր հոր հացից, սակայն ոչ մի օտարական պետք է չուտի դրանից։
14. Եթե մի մարդ սխալմամբ մի սուրբ բան ուտի, դրա վրա պետք է ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը և սուրբ բանի հետ տա քահանային։
15. Եվ քահանաները թող չպղծեն Իսրայելի որդիների կողմից Տիրոջն ընծայված սուրբ բաները
16. Եվ իրենց վրա հանցանքի անօրենություն չկրեն՝ նրանց սուրբ բաներն ուտելով, որովհետև Ես եմ Տերը, որ սրբացնում եմ նրանց”»։
Զոհը պետք է անարատ լինի
17. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
18. «Խոսի՛ր, Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տանից կամ Իսրայելում բնակվող օտարականներից ամեն մարդ, ով զոհ մատուցի՝ իր բոլոր ուխտերի և բոլոր կամավոր ընծաների համար, որ մատուցվում են Տիրոջը իբրև ողջակեզ,
19. Թող լինի արջառներից, ոչխարներից կամ այծերից անարատ արու, որ ձեզ համար ընդունելի լինի։
20. Մի՛ մատուցեք արատավորը, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։
21. Եվ ով արջառներից կամ ոչխարներից Տիրոջը խաղաղության զոհ մատուցի՝ ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար, պետք է անարատ լինի, որ ընդունելի լինի. այն ոչ մի արատ պետք է չունենա։
22. Դրանցից կույրերին, վնասվածք, կոտրվածք, ուռուցք, քոս կամ քոր ունեցողներին պիտի չմատուցեք Տիրոջը և ոչ էլ Տիրոջ համար զոհաբերություն պիտի անեք զոհասեղանին։
23. Ականջը կտրած և պոչատ զվարակը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա, սակայն ուխտի համար որպես զոհաբերություն, ընդունելի չէ։
24. Ամորձատված կամ ամորձիները ջարդված, ճմլված, պոկված կամ կտրած կենդանի մի՛ մատուցեք Տիրոջը և մի՛ արեք այս բաները ձեր երկրում։
25. Եվ օտարականի ձեռքից էլ դրանցից որևէ մեկը ձեր Աստծուն զոհ մի՛ մատուցեք, որովհետև դրանք մեջ խեղումներ և արատներ կան. դրանք ձեզ համար ընդունելի չեն”»։
26. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
27. «Երբ մի զվարակ, ոչխար կամ այծ ծնվի, այն պետք է յոթ օր մնա իր մոր մոտ և ապա ութերորդ օրն ու դրանից հետո Տիրոջն ընդունելի կլինի որպես զոհաբերության ընծա։
28. Եվ կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ մեկ օրվա մեջ մի՛ մորթեք։
29. Եվ երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը, այնպես մատուցեք, որ ձեզ համար ընդունելի լինի։
30. Այն պետք է ուտել նույն օրը, ոչինչ մի՛ թողեք մինչև առավոտ: Ես եմ Տերը։
31. Եվ պահե՛ք Իմ պատվիրաններն ու կատարե՛ք դրանք: Ես եմ Տերը։
32. Եվ մի՛ պղծեք Իմ սուրբ անունը, որպեսզի Ես սուրբ լինեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ Տերը, որ սրբացնում եմ ձեզ,
33. Որ ձեզ Աստված լինելու համար դուրս բերեցի ձեզ Եգիպտոսի երկրից: Ես եմ Տերը»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: