Անձնական ուխտ և փրկագին քահանայի գնահատմամբ
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը ուխտ անի, անձանց գինը պետք է Տիրոջը լինի՝ ըստ քո գնահատման:
3. Եվ այսպես պետք է գնահատես. քսան տարեկանից մինչև վաթսուն տարեկան եղող տղամարդու համար պետք է գնահատես հիսուն սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։
4. Եվ եթե կին է, պետք է գնահատես երեսուն սիկղ։
5. Եվ եթե հինգ տարեկանից մինչև քսան տարեկան է, այնժամ տղայի համար՝ քսան սիկղ, իսկ աղջկա համար՝ տասը սիկղ։
6. Եվ եթե մեկ ամսականից մինչև հինգ տարեկան է, այնժամ տղայի համար՝ հինգ սիկղ արծաթ և աղջկա համար՝ երեք սիկղ արծաթ։
7. Եվ եթե վաթսուն տարեկանից բարձր է, տղամարդու համար՝ տասնհինգ սիկղ, իսկ կնոջ համար՝ տասը սիկղ։
8. Եվ եթե քո գնահատումը վեր լինի նրա կարողությունից, թող նրան կանգնեցնեն քահանայի առաջ, և քահանան գնահատի նրան։ Քահանան թող նրան գնահատի ուխտ անողի կարողության չափով։
9. Եվ եթե իր ուխտը Տիրոջը զոհ մատուցելու անասուններից է, դրանցից ինչ որ տա Տիրոջը, սուրբ պետք է լինի։
10. Եվ թող չփոխի այն. պիտի չփոխանակի լավը վատի հետ կամ վատը լավի հետ։ Եթե մի անասունը փոխարինի այլ անասունով, այնժամ այդ ընծայվածը և դրա հետ փոխանակվածը սուրբ պիտի լինեն։
11. Եվ եթե իր ուխտն անմաքուր անասուններից է, որոնցից Տիրոջը զոհ չեն մատուցում, այնժամ թող այդ անասունը կանգնեցնի քահանայի առաջ,
12. Եվ քահանան թող գնահատի դրան՝ իբրև լավ կամ վատ։ Ինչպես որ քահանան գնահատի, թող այդպես լինի։
13. Իսկ եթե ուխտ անողը կամենա ետ վերցնել, այնժամ գնահատած արժեքի վրա պետք է ավելացնի դրա մեկ հինգերորդ մասը։
14. Եվ եթե սրբության համար մի մարդ իր տունն ընծայի Տիրոջը, այնժամ քահանան թող գնահատի այն՝ իբրև լավ կամ վատ։ Ինչպես որ քահանան գնահատի, թող այդպես լինի։
15. Եվ եթե նվիրաբերողը կամենա ետ վերցնել իր տունը, այնժամ գնահատած արժեքի վրա պետք է ավելացնի դրա մեկ հինգերորդը, և տունն իրենը կլինի։
Ինչը կարող է փրկագնվել և ինչը՝ ոչ։
16. Եվ եթե մի մարդ իր կալվածքի արտից նվիրաբերություն անի Տիրոջը, այնժամ պետք է գնահատես դրա սերմի համեմատ. մեկ քոռ 14 գարու սերմի համար՝ հիսուն սիկղ արծաթ։
17. Եվ եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարվա սկզբին, ապա թող արժեքը մնա այնպես, ինչպես որ գնահատել ես:
18. Իսկ եթե իր արտը նվիրաբերի հոբելյան տարուց հետո, ապա մինչև հոբելյան տարին եղած տարիների համար քահանան նրա հետ թող հաշվի դրամը և նվազեցնի քո գնահատած արժեքից:
19. Իսկ եթե արտը նվիրաբերողը կամենա այն ետ գնել, այնժամ քո գնահատած դրամի վրա թող ավելացնի դրա մեկ հինգերորդը, և այդ արտը կփոխանցվի իրեն։
20. Իսկ եթե նա ետ չգնի արտը կամ այն վաճառած լինի մեկ ուրիշին, ապա այլևս չի կարող այն ետ վերցնել։
21. Այլ երբ հոբելյան տարում ետ բերվի արտը, նվիրված արտի պես սուրբ պետք է լինի Տիրոջ համար. այն պիտի լինի քահանայի կալվածքը:
22. Եվ եթե մեկը Տիրոջը նվիրաբերի իր գնած արտը, որն իր կալվածքի արտից չէ,
23. Այնժամ քահանան նրա հետ թող հաշվի քո գնահատած արժեքը մինչև հոբելյան տարին, և այդ օրը թող տա քո գնահատածը: Դա սուրբ է Տիրոջ համար։
24. Հոբելյան տարում արտը թող անցնի նրան, ով այն վաճառել էր, այսինքն նրան, ում կալվածքն էր:
25. Քո սահմանած բոլոր արժեքները պիտի սահմանվեն ըստ սրբարանի սիկղի՝ մեկ սիկղը քսան կերատ հաշվելով։
26. Միայն թե ոչ ոք թող չընծայի անասունների առաջնածինը, որը պատկանում է Տիրոջը՝ առաջնածին լինելու պատճառով: Լինի արջառ, թե ոչխար, այն Տիրոջինն է:
27. Եվ եթե դա անմաքուր անասուններից է, կարող է ետ վերցնել՝ քո գնահատած արժեքին ավելացնելով դրա մեկ հինգերորդը։ Իսկ եթե չկամենա ետ գնել, ապա թող վաճառվի՝ ըստ քո գնահատած արժեքի։
28. Բայց եթե մեկն իր ամբողջ ունեցվածից որևէ բան է նվիրաբերել Տիրոջը, լինի դա իր մարդկանցից, իր անասուններից կամ իր կալվածքի արտից, ապա այն պետք չէ վաճառել կամ ետ գնել։ Ամեն նվիրաբերում ամենասուրբ է Տիրոջ համար։
29. Տիրոջը նվիրաբերված մարդկանցից որևէ մեկը չի կարող ետ գնվել, այլապես պիտի մահվան մատնվի:
30. Եվ երկրի ամբողջ տասանորդը, լինի հողի բերքից կամ ծառերի պտուղներից, Տիրոջինն է։ Դա սուրբ է Տիրոջ համար։
31. Եվ եթե մի մարդ կամենա իր տասանորդից մի մաս ետ գնել, ապա դրա արժեքի վրա պետք է ավելացնի մեկ հինգերորդը։
32. Եվ արջառների և ոչխարների ամբողջ տասանորդը, այսինքն հովվի գավազանի տակից ամեն տասներորդ անցնողը, սուրբ պիտի լինի Տիրոջ համար:
33. Պետք չէ տարբերություն դնել լավի և վատի միջև, և այն պետք չէ փոխարինել: Իսկ եթե փոխարինվի, այնժամ թե՛ նա և թե՛ փոխարինվողը սուրբ պիտի լինեն և չեն կարող ետ գնվել”»։
34. Ահա այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: