Այս գրքի հեղինակն է Սիրաքի որդի (եբրայերէն՝ Բեն Սիրա) Յիսուս (Եօշուա) անունով մի մարդ, որից եւ գիրքը ստացել է իր անունը: Հեղինակը ապրել է Երուսաղէմում մակաբայեցիների ապստամբութիւնից առաջ: Նա նուիրուած մասնագէտ էր Իսրայէլի սրբազան գրքերի, շատ էր ճանապարհորդել եւ պատկանում էր Իմաստունների դասին:
Սիրաքի գրքի նպատակն է եղել հելլէնիզմի մեծացող ազդեցութեան դէմ պաշտպանել իսրայէլացի ժողովրդի՝ անցած սերունդներից փոխանցուած մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը: Օգնելու համար իր հրեայ ժամանակակիցներին, որպէսզի պահպանեն իրենց ազգային ինքնութիւնը խռովայոյզ եղելութիւններով հարուստ ժամանակաշրջանում, հեղինակը աշխատում է համոզել նրանց, որ Իսրայէլը ոչ մի պատճառ չունի նախանձելու հելլէնիստական մշակոյթին, սովորոյթներին եւ կրօնին:
Սիրաքի գրքի եբրայերէն բնագիրը, որից կարեւոր հատուածներ են գտնուել, դժբախտաբար լրիւ չի պահպանուել: Գիրքը ամբողջութեամբ մեզ է հասել միայն յունական թարգմանութեամբ, որ կատարել է հեղինակի թոռը:
Դժուար է որոշակիօրէն ասել, թե գրուածքն ունի ընդհանուր մի ծրագիր: Այսուհանդերձ թւում է, թէ հեղինակն իր ուսուցումը բաժանել է հինգ մասի: Վերջին մասում նա փառաբանում է Աստծուն որպէս Արարչի եւ գովքն է հիւսում իր նախնիների՝ Ենոքից եւ Նոյից սկսած մինչեւ Նէեմի։
Լինելով ժառանգորդը իմաստալից գրուածքների, ինչպիսիք են Յոբի գիրքը եւ մանաւանդ Առակները, հեղինակը իր ամբողջ գիտելիքներն ու փորձառութիւնը ի սպաս է դնում ժամանակի երիտասարդութեանը՝ ուսուցանելու համար նրան, թէ բոլոր հանգամանքներում հարկաւոր է գործել Աստծու կամքի համաձայն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: