Գիրք` 4. Ըստ Հովհաննու

Գլուխ 10

   
1. Ամէն ամէն ասե՛մ որ ո՛չ մտանէ ընդ դուռն ի գաւիթ ոչխարացն, այլ ընդ ա՛յլ ելանէ, նա՝ գո՛ղ է եւ աւազա՛կ:

2. Իսկ որ մտանէ ընդ դուռն, հովի՛ւ է ոչխարաց:

3. Նմա դռնապանն բանայ, եւ ոչխարքն ձայնի նորա լսե՛ն. եւ զիւր ոչխարսն կոչէ յանուանէ, եւ հանէ զնոսա:

4. Եւ յորժամ զիւրն զամենայն հանիցէ, առաջի նոցա երթայ, եւ ոչխարքն զհե՛տ նորա երթան, զի ճանաչե՛ն զձայն նորա:

5. Զաւտարի զհետ ո՛չ երթիցեն, այլ փախիցե՛ն ի նմանէ, զի ո՛չ ճանաչեն զձայն աւտարաց:

6. Զայս առակ՝ ասաց նոցա՛ Յիսուս, եւ նոքա ո՛չ գիտէին՝ թէ զինչ էր որ խաւսէրն ընդ նոսա:

7. Դարձեալ՝ ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ զի ե՛ս եմ դուռն ոչխարաց:

8. Ամենեքեան որ յառաջ քան զիս եկին, գո՛ղք էին եւ աւազա՛կք. այլ ո՛չ լուան նոցա ոչխարքն:

9. Ես եմ դուռն. ընդ իս թէ ոք մտանիցէ, կեցցէ՛. մտցէ, եւ ելցէ, եւ ճարա՛կ գտցէ:

10. Գող ո՛չ գայ՝ եթէ ոչ զի գողասցի՛ եւ սպանցէ՛ եւ կորուսցէ. ես եկի զի զկեանս ունիցին, եւ առաւե՛լ եւս ունիցին:

11. Ե՛ս եմ հովիւն քաջ. հովիւ քաջ զա՛նձն իւր դնէ՛ ի վերայ ոչխարաց:

12. Իսկ վարձկանն որ ոչ է հովիւ, որոյ ո՛չ իւր են ոչխարքն, իբրեւ տեսանէ զգայլն զի գայ, թողու զոչխարսն եւ փախչի՛. եւ գայլն յափշտակէ՛ զնոսա եւ ցրուէ.

13. քանզի վարձկա՛ն է, եւ չէ՛ փոյթ նմա վասն ոչխարացն:

14. Ե՛ս եմ հովիւն քաջ. եւ ճանաչեմ զիմսն, եւ ճանաչի՛մ յիմոցն:

15. Որպէս գիտէ զիս հայր, գիտե՛մ եւ ես զհայրն. ղա. եւ զանձն իմ դնեմ ի վերայ ոչխարաց:

16. Նա՝ եւ ա՛յլ եւս ոչխարք են իմ, որ ո՛չ են յայսմ գաւթէ. եւ զա՛յնս եւս պա՛րտ է ինձ ածե՛լ այսր. եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հաւտ՝ եւ մի հովիւ:

17. Վասն այնորիկ սիրէ զիս հայր իմ, զի ես դնեմ զանձն իմ. զի միւսանգամ առի՛ց զնա:

18. Ո՛չոք հանէ զնա յինէն. այլ ե՛ս դնեմ զնա անձամբ իմով: Իշխանութիւն ունիմ դնե՛լ զնա. եւ իշխանութիւն ունիմ միւսանգամ առնուլ զնա: Զա՛յս պատուէր առի՛ ի հաւրէ իմմէ:

19. Դարձեալ հերձուած լինէր ի մէջ հրէիցն վասն բանիցս այսոցիկ:

20. Եւ ասէին բազումք ի նոցանէ. Դե՛ւ գոյ ի նմա՝ եւ մոլեգնի՛, զի՞ բնաւ լսէք նմա:

21. Կէսքն ասէին, այսպիսի բանք ո՛չ դիւահարի են. մի՞թէ՝ դե՞ւ կարէ զաչս կուրի բանալ:

22. Եղեն յայնժամ նաւակատիքն յԵրուսաղէմ, եւ ձմե՛ռն էր:

23. Եւ շրջէ՛ր Յիսուս ի տաճարին՝ ի սրահին Սողովմոնի:

24. Շո՛ւրջ եղեն զնովաւ հրեայքն՝ եւ ասեն. Մինչեւ յե՛րբ թափես զոգիս մեր, եթէ դու ես Քրիստոսն՝ ասա՛ մեզ համարձակ:

25. Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ասացի՛ ձեզ՝ եւ ո՛չ հաւատայք ինձ: Զգործսն զոր ես գործեմ յանուն հաւր իմոյ՝ նոքի՛ն վկայեն վասն իմ:

26. Այլ դուք ո՛չ հաւատայք, զի չէ՛ք յոչխարաց անտի իմոց:

27. Ոչխարք իմ ձայնի իմում լսե՛ն, եւ ե՛ս ճանաչե՛մ զնոսա, եւ զկնի իմ գա՛ն.

28. եւ ես տա՛մ նոցա զկեանսն յաւիտենականս. եւ մի՛ կորիցեն ի յաւիտեան. եւ մի՛ ոք յափշտակեսցէ զնոսա ի ձեռաց իմոց:

29. Հայրն իմ որ ետ ինձ զնոսա՝ մե՛ծ է քան զամենայն, եւ ո՛չ ոք կարէ յափշտակել ի ձեռաց հաւր իմոյ:

30. Ես եւ հայր իմ մի եմք:

31. Վէմս առին հրեայքն՝ զի քարկո՛ծ արասցեն զնա:

32. Պատասխանի ետ նոցա Յիսուս. Բազում գործս բարիս ցուցի ձեզ ի հաւրէ իմմէ. վասն որո՞յ գործոյ ի նոցանէ քարկոծ առնէք զիս:

33. Պատասխանի ետուն նմա հրեայքն. Վասն բարւոյ գործոյ ո՛չ առնեմք զքեզ քարկոծ, այլ վասն հայհոյութեան. եւ զի դու մա՛րդ ես, եւ զանձն քո Աստուա՛ծ առնես:

34. Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ յաւրէնսն ձեր գրեալ ես ասացի թէ աստուա՛ծք իցէք:

35. Իսկ եթէ զնոսա աստուա՛ծս ասէ, առ որս բանն Աստուծոյ եղեւ. եւ չէ՛ մարթ եղծանել գրոյն.

36. իսկ զոր հայր սրբեաց՝ եւ առաքեաց յաշխարհ, դուք ասէք՝ թէ հայհոյե՛ս. զի ասացի՝ թէ որդի Աստուծոյ եմ:

37. Եթէ ո՛չ գործեմ զգործս հաւր իմոյ, մի՛ հաւատայք ինձ:

38. Ապա թէ գործեմ, թէ եւ ինձ ո՛չ հաւատայք, սակայն գործոցն հաւատայցէ՛ք. զի գիտասջիք եւ ծանիջի՛ք՝ եթէ հայր յիս, եւ ես ի հա՛յր:

39. Դարձեալ խնդրէին զնա ունել, եւ ե՛լ ի ձեռաց նոցա:

40. Եւ գնա՛ց միւսանգամ յայն կոյս Յորդանանու, ի տեղին ուր էր Յովհաննէս զառաջինն՝ եւ մկրտէր. եւ ա՛նդ լինէր:

41. Եկի՛ն բազումք առ նա՝ եւ ասեն. Զի Յովհաննէս նշան ինչ ո՛չ արար:

42. Բայց զամենայն զոր ասաց Յովհաննէս վասն նորա՝ ճշմարի՛տ էր. եւ բազումք հաւատացին ի նա անդ: