1. Յետ այսորիկ գնա՛ց Յիսուս յայնկոյս ծովուն գալիլեացւոց Տիբերեայ:
2. Եւ զհե՛տ երթայր նորա ժողովուրդ բազում. զի տեսանէին զնշանսն՝ զոր առնէր ի վերայ հիւանդաց:
3. Ե՛լ ի լեառն Յիսուս, եւ ա՛նդ նստէր աշակերտաւքն հանդերձ:
4. Եւ էր մե՛րձ Զատիկ տաւնն հրէից:
5. Բա՛րձ ի վեր զաչս իւր Յիսուս, եւ ետես զի ժողովո՛ւրդ բազում գայր առ նա: Ասէ ցՓիլիպպոս. Ուստի՞ գնեսցուք հաց՝ զի կերիցեն դոքա:
6. Զայս ասէր փորձելո՛վ զնա. Այլ ինքն գիտէ՛ր զինչ առնելոց էր:
7. Պատասխանի ետ նմա Փիլի՛պպոս. Երկերի՛ւր դահեկանի հաց՝ չէ՛ դոցա բաւական, թէպէտ եւ իւրաքանչի՛ւր ոք սակա՛ւ ինչ առնուցու:
8. Ասէ ցնա մի յաշակերտացն նորա, Անդրէ՛աս՝ եղբայր Սիմովնի՛ վիմի.
9. Է՛ աստ՝ պատանեակ մի որ ունի հի՛նգ նկանակ գարեղէն՝ եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ ա՛յդչափ մարդիկդ:
10. Ասէ Յիսուս. Բազմեցուցէ՛ք զմարդիկդ: Եւ էր խոտ յո՛յժ ի տեղւոջն. եւ բազմեցան մարդիկն թուով իբրեւ հի՛նգ հազար:
11. Եւ ա՛ռ զհացն Յիսուս, եւ գոհացա՛ւ. եւ բաշխեաց բազմականացն. նոյնպէս եւ ի ձկանցն որչափ եւ կամեցան:
12. Եւ իբրեւ յագեցան, ասէ ցաշակերտսն. Ժողովեցէ՛ք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ:
13. Ժողովեցին. եւ լցին երկոտասա՛ն սակառի զկոտորոցն՝ ի հինգ գարեղէն նկանակէ՛ անտի, որ յաւելաւ ի կերողացն:
14. Իսկ մարդիկն՝ իբրեւ տեսին զնշանսն զոր արար, ասէին, թէ սա՛ է ճշմարիտ մարգարէն՝ որ գալո՛ց էր յաշխարհ:
15. Յիսուս իբրեւ գիտաց եթէ գալոց են յափշտակել զնա, զի արասցեն զնա թագաւո՛ր, գնա՛ց դարձեալ ի լեառնն միայն:
16. Եւ իբրեւ երեկոյ եղեւ, իջին աշակերտքն նորա ի ծովեզրն:
17. Եւ մտեալ ի նաւ՝ գնացի՛ն յայնկոյս ծովուն ի Կափառնաում: Եւ իբրեւ նսեմացաւ եւ չեւեւս եկեալ էր առ նոսա Յիսուս.
18. եւ ծովն ի սաստիկ հողմոյ շնչելոյ յուզէ՛ր:
19. Եւ վարեալ իբրեւ ասպարէսս քսան եւ հինգ՝ կամ երեսուն, տեսանէին զՅիսուս՝ զի գայր ի վերայ ծովուն՝ եւ մերձ է՛ր ի նաւն, եւ զարհուրեցա՛ն յոյժ:
20. Եւ նա՝ ասէ ցնոսա. Ե՛ս եմ՝ մի՛ երկնչիք:
21. Եւ կամէին զնա ընդունե՛լ ի նաւն. եւ վաղվաղակի՛ եհաս նաւն յերկիրն յոր երթային:
22. Ի վաղիւ անդր ժողովուրդն որ կայր յայնկոյս ծովուն. տեսանէր թէ ա՛յլ նաւ ո՛չ գոյր անդ բայց միայն ի միո՛յն՝ յոր մտին աշակերտքն Յիսուսի. եւ զի չէ՛ր մտեալ Յիսուս ընդ աշակերտսն իւր ի նաւն. բայց միայն աշակե՛րտքն նորա գնացին:
23. Իբրեւ ա՛յլ նաւք գային ի Տիբերեայ մաւտ յա՛յն տեղի՝ ուր զհա՛ցն կերան:
24. Իսկ իբրեւ ետես ժողովուրդն եթէ Յիսուս ո՛չ է անդ՝ եւ ո՛չ աշակերտքն նորա, առին նոքա զնա՛ւսն, եւ եկին ի կափառնաում խնդրե՛լ զՅիսուս:
25. Եւ իբրեւ գտին զնա յա՛յնկոյս ծովուն, ասեն ցնա. Ռա՛բբի՝ ե՞րբ եկիր այսր:
26. Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Ամէն ամէն ասե՛մ խնդրէ՛ք դուք զիս, իբրեւ ո՛չ եթէ զի նշա՛նս ինչ տեսէք, այլ զի կերա՛յք ի հացէ անտի՝ եւ յագեցարո՛ւք:
27. Երթա՛յք գործեցէք՝ մի՛ զկորստակա՛ն կերակուրն, այլ զկերակուրն որ մնայ ի կեա՛նսն յաւիտենակա՛նս, զոր որդին մարդոյ տացէ՛ քանզի զնա հայր կնքեա՛ց Աստուած:
28. Ասեն ցնա. Զի՞նչ առնիցեմք զի զգործսն Աստուծոյ գործեսցուք:
29. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Ա՛յս է գործն Աստուծոյ, զի հաւատասջիք յայն, զոր առաքեացն նա:
30. Ասեն ցնա. Զի՞նչ նշան առնիցես, զի տեսցո՛ւք եւ հաւատասցուք, զի՞նչ գործիցես:
31. Հա՛րքն մեր կերան զմանանայն յանապատի անդ, որպէս եւ գրեալ Հա՛ց երկնից ե՛տ նոցա ուտել:
32. Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ թէ ո՛չ Մովսէս ետ ձեզ զհա՛ցն յերկնից. այլ հա՛յրն իմ տացէ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ:
33. Զի հաց յԱստուծո՛յ է, որ իջանէն յերկնից՝ եւ կեա՛նս տայ աշխարհի:
34. Ասեն ցնա. Տէր՝ յամենա՛յն ժամ տո՛ւր մեզ զհացն զայն:
35. Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գայ առ իս՝ ո՛չ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ո՛չ երբէք ծարաւեսցի:
36. Այլ ասացի ձեզ՝ եթէ տեսէք զիս, եւ ո՛չ հաւատայք:
37. Զամենայն զոր տա՛յ ինձ հայր, առ ի՛ս եկեսցէ. եւ որ գա՛յ առ իս, ո՛չ հանից արտաքս:
38. Զի իջի՛ ես յերկնից, ո՛չ զի զկա՛մս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս:
39. Ա՛յս են կամք հաւր իմոյ որ առաքեացն զիս. զի զամենայն զոր ե՛տ ցիս հայր՝ ո՛չ կորուսից ի նմանէ, այլ յարուցի՛ց զնա յաւուրն յետնում:
40. Ա՛յս են կամք հաւր իմոյ. զի ամենայն որ տեսանիցէ զորդի՝ եւ հաւատայցէ ի նա, ընկալցի՛ զկեանսն յաւիտենականս. եւ ես՝ յարուցի՛ց զնա յաւուրն յետնում:
41. Տրտնջէին զնմանէ հրէայքն, զի ասաց՝ թէ ե՛ս եմ հա՛ցն իջեալ յերկնից.
42. եւ ասէին. Ո՞չ սա է որդին Յովսեփու, զորոյ մե՛ք գիտեմք զհայրն. իսկ արդ՝ զիա՛րդ ասէ՝ եթէ ես յերկնից իջի:
43. Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ ցնոսա. Մի՛ քրթմնջէք ընդ միմեանս.
44. ո՛չ ոք կարէ գալ առ իս, եթէ ոչ հայրն՝ որ զիս առաքեաց՝ ձգեսցէ զնա. եւ ես յարուցից զնա յաւուրն յետնում:
45. Գրեա՛լ է ի մարգարէս. եւ եղիցին ամենեքեան ուսեալք յԱստուծոյ: Ամենայն որ լսէ ի հաւրէ՝ եւ ուսանի՝ գա՛յ առ իս:
46. Իբրեւ ո՛չ եթէ զհայր՝ ուրուք տեսեալ իցէ. եթէ ոչ որ է՛ն յԱստուծոյ, նա՛ ետես զհայր:
47. Ամէն ամէն ասե՛մ զի որ հաւատայ՝ ընդունի՛ զկեանսն յաւիտենականս:
48. Ե՛ս եմ հացն կենաց:
49. Հարքն ձեր կերան զմանանայն յանապատին՝ եւ մեռան:
50. Ա՛յս է հացն, որ յերկնիցն իջեալ զի որ ուտիցէ ոք ի սմանէ՝ մի՛ մեռանիցի:
51. Ե՛ս եմ հացն կենդանի, որ յերկնից իջեալ:
52. Եթէ ոք ուտիցէ ի հացէ յայսմանէ՝ կեցցէ՛ ի յաւիտեան: Եւ հացն զոր ես տաց՝ մարմին իմ է, զոր ես տաց վասն կենաց աշխարհի:
53. Մարտնչէին ընդ միմեանս հրէայքն եւ ասէին. Զիա՞րդ կարէ սա՝ տա՛լ մեզ զմարմին իւր յուտել:
54. Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, եթէ ո՛չ կերիջիք զմարմին որդւոյ մարդոյ, եւ արբջիք զարիւն նորա, ո՛չ ունիք կեանս յանձինս:
55. Որ ուտէ զմարմին իմ՝ եւ ըմպէ զարիւն իմ, ունի զկեա՛նս յաւիտենականս. եւ ես՝ յարուցից զնա յաւո՛ւրն յետնում:
56. Զի մարմին իմ՝ ճշմարի՛տ կերակուր է, եւ արիւն իմ՝ ճշմարի՛տ ըմպելի է:
57. Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ, յի՛ս բնակեսցէ, եւ ես ի նմա՛:
58. Որպէս առաքեա՛ց զիս կենդանին հայր, եւ ես կենդանի՛ եմ վասն հաւր. եւ որ ուտէն զիս՝ եւ նա՛ կեցցէ վասն իմ:
59. Ա՛յս է հացն՝ որ յերկնից իջեալ: Ո՛չ որպէս կերա՛ն հարքն ձեր զմանանայն՝ եւ մեռան. որ ուտէ զհացս զայս՝ կեցցէ՛ յաւիտեան:
60. Զայս ասա՛ց ի ժողովրդեանն՝ յուսուցանելն ի Կափառնաում:
61. Եւ բազո՛ւմք յաշակերտացն իբրեւ լուան՝ ասեն. Խի՛ստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա:
62. Իբրեւ գիտաց Յիսուս յանձն իւր՝ եթէ տրտնջեն վասն այնորիկ աշակերտքն նորա, ասէ ցնոսա: Այդ՝ գայթագղեցուցանէ՞ զձեզ:
63. Իսկ արդ՝ եթէ տեսանիցէք զորդի մարդոյ՝ զի ելանիցէ՛ ուր էր զառաջինն:
64. Հոգին է կենդանարար, մարմին՝ ինչ ոչ աւգնէ: Զբանն զոր ես խաւսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեա՛նք:
65. Այլ են ոմանք ի ձէնջ՝ որ ո՛չ հաւատան: Քանզի գիտէ՛ր Յիսուս իսկզբանէ, ո՛վ են այնոքիկ որ ո՛չն հաւատան, եւ ո՛վ այն է որ մատնելոցն է զնա: Եւ ասէր.
66. Վասն այնորիկ ասացի ձեզ՝ թէ ո՛չոք կարէ գալ առ իս, եթէ ո՛չ իցէ տուեալ ի հաւրէ իմմէ:
67. Յա՛յսմանէ բազումք յաշակերտացն նորա չոգան յետս, եւ ո՛չ եւս շրջէին ընդ նմա:
68. Ասէ Յիսուս ցերկոտասա՛ն աշակերտսն. Մի՞թէ՝ եւ դո՛ւք կամիք երթալ:
69. Պատասխանի ետ նմա Սի՛մովն Պե՛տրոս. Տէր՝ առ ո՞վ երթիցուք. բա՛նս կենաց յաւիտենականա՛ց ունիս.
70. եւ մեք՝ հաւատացա՛ք եւ ծանեաք՝ եթէ դո՛ւ ես Քրիստոսն որդի Աստուծոյ:
71. Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ո՞չ ես զձեզ զերկոտասա՛նսդ ընտրեցի, եւ միդ ի ձէնջ սատանա՛յ է:
72. Եւ ասէր զՍիմովնեան Յուդայէ՛ Սկարիովտացւոյ. զի նա՛ իսկ՝ մատնելո՛ց էր զնա. եւ մի էր յերկոտասանի՛ցն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: