Գիրք` 4. Ըստ Հովհաննու

Գլուխ 5

   
1. Յետ այսորիկ տա՛ւն էր հրէից. եւ ել Յիսուս յԵրուսաղէմ:

2. Եւ էր յԵրուսաղէմ ի Պրոբատիկէ աւազանին՝ որ կոչէր եբրայեցերէն Բեթհեզդա, հի՛նգ սրահ:

3. Յորս անկեալ դնէր բազմութիւն յոյժ հիւանդաց, կուրա՛ց, կաղա՛ց, գաւսացելո՛ց, որ ա՛կն ունէին ջրոցն յուզելոյ:

4. Եւ հրեշտա՛կ Տեառն ըստ ժամանակի իջանէր յաւազանն՝ եւ յուզէ՛ր զջուրսն. եւ որ նա՛խ ի շարժումն ջուրցն իջանէր՝ բժշկէ՛ր, ո՛չ ունելով նշան հիւանդութեան:

5. Եւ ա՛նդ էր ա՛յր մի՝ որոյ երեսո՛ւն եւ ո՛ւթ ա՛մ էր ի հիւանդութեան իւրում:

6. Զնա իբրեւ ետես Յիսուս՝ զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել:

7. Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր՝ ո՛չ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին՝ արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ, ա՛յլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ:

8. Ասէ ցնա Յիսուս. Արի՛ ա՛ռ զմահիճս քո՝ եւ գնա՛:

9. Եւ ողջացա՛ւ այրն. եւ յարեաւ, ա՛ռ զմահիճս իւր՝ եւ շրջէր. եւ էր շաբա՛թ յաւուրն յայնմիկ:

10. Ասեն հրեայքն ցբժշկեալն. Շաբա՛թ է, եւ ո՛չ էր արժան առնուլ քեզ զմահիճս քո:

11. Պատասխանի ետ նոցա՝ եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա՛ ասաց ցիս՝ ա՛ռ զմահիճս քո եւ գնա՛:

12. Հարցին ցնա՝ եւ ասեն՝. Ո՞վ է այրն որ ասացն ցքեզ. Ա՛ռ զմահիճս քո եւ շրջեա՛ց:

13. Եւ բժշկեալն ո՛չ գիտէր թէ ո՞վ իցէ. քանզի Յիսուս խո՛յս ետ վասն ամբոխին ի տեղւոջէ անտի:

14. Յետ այսորիկ գտանէ զնա Յիսուս ի տաճարին, եւ ասէ ցնա. Ահաւադիկ ողջացար, մի՛ եւս մեղանչեր. զի մի՛ չար եւս ինչ լինիցի քեզ:

15. Գնա՛ց այրն՝ եւ պատմեաց հրէիցն, եթէ Յիսուս էր՝ որ բժշկեացն զիս:

16. Եւ վասն այնորիկ հալածէին զՅիսուս հրէայք, զի զա՛յն առնէր ի շաբաթու:

17. Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա. Հայր իմ մինչեւ ցայժմ գործէ, եւ ե՛ս գործեմ:

18. Վասն այնորիկ առաւե՛լ խնդրէին հրէայքն սպանանել զնա. Զի ո՛չ միայն լուծանէր զշաբաթս, այլ եւ հա՛յր իւր կոչէր զԱստուած, եւ հաւասա՛ր առնէր զանձն Աստուծոյ:

19. Պատասխանի՛ ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասե՛մ ո՛չ կարէ որդի մարդոյ առնել յանձնէ եւ ո՛չինչ, եթէ ոչ տեսանիցէ զհայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ որդի՛ն նմին նման գործէ:

20. Զի հայր սիրէ զորդի, եւ զամենայն ինչ ցուցանէ նմա՝ զոր ինքն առնէ: Եւ մեծամե՛ծս եւս քան զսոյնս ցուցանէ նմա զգործս, ընդ որ դուքդ զարմանայք:

21. Զի որպէս հայր յարուցանէ զմեռեալս եւ կենդանի առնէ, նոյնպէս եւ որդի՛ զորս կամի կենդանի առնէ:

22. Եւ ո՛չ եթէ հայր դատի զոք՝ այլ զամենայն դատաստանն ետ որդւո՛յ իւրոյ.

23. զի ամենեքեա՛ն պատուեսցեն զորդի, որպէս պատուեն զհայրն: Որ ո՛չ պատուէ զորդին, ո՛չ պատուէ զհայր զառաքիչն նորա:

24. Ամէն ամէն ասե՛մ զի որ զբանն իմ լսէ, եւ հաւատայ ա՛յնմ որ առաքեացն զիս, ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ ի դատաստան ո՛չ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեա՛նս:

25. Ամէն ամէն ասե՛մ զի գա՛յ ժամանակ՝ եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցեն՝ կեցցեն:

26. Զի որպէս հա՛յր ունի կեա՛նս յանձին իւրում, նո՛յնպէս ետ եւ որդւո՛յ ունել կեա՛նս յանձին իւրում:

27. Եւ իշխանութի՛ւն ետ նմա դատաստա՛ն առնել: Եւ զի որդի մարդոյ է,

28. ընդ այն զի՞ զարմանայք: Զի եկեսցէ ժամանակ՝ յորում ամենեքին որ ի գերեզմանս կայցեն, լուիցե՛ն ձայնի նորա,

29. եւ եկեսցե՛ն արտաքս. որոց զբարիս գործեալ իցէ՝ ի յարութի՛ւն կենաց, եւ որոց զչա՛ր արարեալ իցէ՝ ի յարութիւն դատաստանաց:

30. Ո՛չ կարեմ ես յանձնէ առնել՝ եւ ո՛չինչ. այլ որպէս լսե՛մ՝ դատիմ, եւ դատաստանն իմ արդա՛ր է: Զի ո՛չ խնդրեմ զկամս իմ, այլ զկա՛մս այնորիկ՝ որ առաքեացն զիս:

31. Եթէ ե՛ս վկայեմ վասն իմ, վկայութիւն իմ չէ՛ ճշմարիտ:

32. Ա՛յլ է որ վկայէ վասն իմ. եւ դուք գիտէք եթէ ճշմարի՛տ է վկայութիւնն զոր վկայեաց վասն իմ:

33. Դուք առաքեցէք առ Յովհա՛ննէս, եւ վկայեա՛ց ճշմարտութեանն:
34. Այլ ես՝ ո՛չ եթէ ի մարդկանէ՛ առնում վկայութիւն. այլ զա՛յս ասեմ զի դուք ապրեսջի՛ք:

35. Նա՛ էր ճրա՛գն՝ որ լուցեա՛լ էր եւ ծագէր. եւ դուք կամեցարուք ցնծա՛լ առ ժամանակ մի ի լոյս նորա:

36. Այլ ես ունիմ վկայութիւն մե՛ծ եւս քան զՅովհաննու. զգործսն՝ զոր ետ ցիս հայր՝ զի կատարեցից զնոսա, նոքի՛ն իսկ գործքն զոր գործեմ՝ վկայեն վասն իմ, եթէ հայր առաքեաց զիս:

37. Եւ որ առաքեա՛ցն զիս Հայր, նա՛ վկայեաց վասն իմ: Դուք ո՛չ զձայն նորա երբէք լուարուք. եւ ո՛չ զտեսիլ նորա տեսէք:

38. Եւ ո՛չ զբան նորա ունիք ի ձեզ բնակեալ. զի զոր նա առաքեաց, դուք նմա ո՛չ հաւատայք:

39. Քննեցէ՛ք զգիրս. զի դուք համարիք նոքա՛ւք ունել զկեանսն յաւիտենականս: Եւ նոքի՛ն իսկ են որ վկայեն վասն իմ, որովք համարիքն ունել կեանս:

40. Եւ դուք ո՛չ կամիք գա՛լ առ իս, զի զկեանսն ունիցիք:

41. Ես փառս ի մարդկանէ ո՛չ առնում:

42. Այլ գիտե՛մ զձեզ՝ զի զսէ՛րն Աստուծոյ ո՛չ ունիք յանձինս.

43. Ես եկի յանուն հա՛ւր իմոյ, եւ ո՛չ ընդունիք զիս. եթէ այլ ոք եկեսցէ յի՛ւր անուն, զնա՛ ընդունիցի՛ք:

44. Զիա՞րդ կարէք դուք հաւատալ. զի փառս ի միմեա՛նց առնուք, եւ զփա՛ռս զառ ի միո՛յն Աստուծոյ ո՛չ խնդրէք:

45. Մի՛ համարիք եթէ ես չարախա՛ւս ինչ իցեմ զձէնջ առ հաւր. գո՛յ որ չարախա՛ւս կայ զձէնջ՝ Մովսէ՛ս. յոր դուքն յուսացեալ էք:

46. Զի եթէ հաւատայիք դուք Մովսիսի, հաւատայի՛ք արդեւք եւ ինձ. զի նա վասն ի՛մ իսկ գրեաց:

47. Զի եթէ նորա գրոցն ո՛չ հաւատայք, զիա՞րդ իմոց բանիցս հաւատայցէք: