ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԽՈՒՐ ՊԱՅՄԱՆ
1․ «Կնոջածին մարդն է սակաւակեաց ու լի դառնութեամբ:
2․ Ով որ ծաղկել էր որպէս մի ծաղիկ՝ թափուեց ու ընկաւ, փախաւ իբր ստուեր. հաստատ չի մնայ:
3․ Մի՞թէ նրան ես հաշուի առնելու եւ ներս տանելու Քո դատաստանին:
4․ Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ո՛չ ոք. թէկուզ եւ կեանքն երկրի վրայ մէկօրեայ լինի:
5․ Արդ, հաշուուած են օրերը նրա. ժամ ես դրել Դու, խոյս չի տայ երբեք:
6․ Հեռո՛ւ նրանից, որ հանգչի մի քիչ, հաճոյք ստանայ իր կեանքից գէթ իբր մի վարձկան:
7․ Ծառի համար իսկ գտնւում է յոյս.թէեւ կտրում են, նորից է ծաղկում: Ճիւղերը նրա դեռ չեն պակասում:
8․ Անգամ արմատը թէ որ ծերանայ խորքի մէջ հողի, քարերի մէջ էլ խեղդուի բունը,
9․ ջրի հոտից իսկ կը ծաղկի իսկոյն, նորատունկի պէս պտուղներ կը տայ:
10․ Բայց մահկանացուն՝ վախճանուած մարդը գնում է եւ է՛լ գոյութիւն չունի:
11․ Ծանծաղում է ծովն իր ժամանակին. սպառած գետերը ցամաքում են.
12․ նոյնպէս մարդիկ թէ ննջեն՝ է՛լ վեր չեն կենայ: Մինչեւ երկինքը իսպառ չլուծուի՝ չեն զարթնի քնից:
13․ Ու երանի թէ գերեզմաններում պահէիր դու ինձ, մինչեւ որ անցնէր բարկութիւնը քո, եւ ժամանակ ինձ նշանակէիր, յիշէիր դու ինձ:
14․ Մարդը թէ մեռնի՝ կ՚ապրի՞ նա դարձեալ՝ ամբողջացնելով օրերն իր կեանքի: Պիտի սպասեմ, մինչեւ որ կրկին գոյութիւն առնեմ:
15․ Դու ձայն կը տաս ինձ՝ կը պատասխանեմ: Մի՛ մերժիր գործը քո սուրբ ձեռքերի:
16․ Նկատել ես վարքը իմ. չի վրիպի քեզանից մեղքերիցս ոչ մին:
17․ Յանցանքներս կնքել ես քսակի մէջ. նշել, թէ ի՛նչ յանցանք եմ գործել ակամայ:
18․ Փլուելու ենթակայ լեռը պէտք է փլուի.եւ վէմն էլ պիտ շարժուի իր տեղից:
19․ Եւ ինչպէս ջրերն են քարերը ողորկում, հեղեղում դաշտերը կոշտ հողի, այնպէս էլ դու մարդու յոյսերն ես չքացրել:
20․ Մերժել ես նրան իսպառ. նա անցել գնացել է: Դու նրա երեսն ես աւերել ու այդպէս արձակել:
21․ Թէպէտեւ նա բազում որդիներ ունենայ, նա այդ չի իմանայ, իսկ եթէ սակաւ էլ լինեն, չի ճանաչի:
22․ Բայց անդամներն իր ախտահարուած են, իսկ հոգին նրա սգում է իր մէջ»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: