ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԻՑ ԴԷՊԻ ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ
1․ Յոբը նորից խօսեց ու ասաց.
2․ «Շատ եմ լսել ես այդպիսի բաներ. խեղճ ամոքիչներ էք դուք բոլորդ էլ 618:
3․ Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խօսքերի, կամ մէկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես:
4․ Ես էլ ձեզ պէս կը խօսէի, եթէ ձեր հոգին էլ իմի պէս լինէր:
5․ Ձեզ պէս ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խօսքերով:
6․ Գուցէ իմ բերանում ուժ ունենայի, ու ես չզլանայի շրթունքներս շարժել,
7․ քանզի թէ խօսեմ՝ չի փարատուելու ցաւը վէրքերիս, իսկ եթէ լռեմ՝ աւելի՞ քիչ եմ խոցոտուելու ես:
8․ Արդ, դարձրել է ինձ ջարդուած, փտած ու ընդարմացած:
9․ Ձեռքը գցել է ահա ինձ վրայ. մարտիրոսուել եմ: Դէմս է կանգնեցրել իմ ստութիւնը, երեսովս տուել պատասխաններս:
10․ Բարկութեամբ մղուած՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրայ:
Նրա հէների նետերն են վրաս տեղացել ուժգին, աչքերի տէգով շարժուել ինձ վրայ:
11․ Իրար յետեւից խփել է ծնկիս. բոլորը մէկտեղ խուժել են վրաս:
12․ Տէրն ինձ մատնել է ձեռքն անիրաւի, ամբարիշտների մէջ է գցել ինձ:
13․ Մինչ խաղաղ էի՝ քայքայել է ինձ, քաշել մազերիցս ու փետել դրանք:
14․ Թիրախ կանգնեցրել, տէգեր են պատել: Երիկամներս են խոցել անխնայ, գետին են թափել մաղձն իմ.
15․ ինձ կործանել են՝ հարուած հարուածի վրայ իջեցնելով: Վրաս են թափուել զօրաւորները,
16․ եւ քուրձ են կարել մորթիս վրայ նրանք:
17․ Հանգել է գետնին զօրութիւնը իմ. լալուց խաշուել են աղիքները իմ. մահուան ստուերն է իջել կոպերիս:
18․ Անիրաւութիւն չկար իմ ձեռքին, եւ անարատ էր աղօթքն իմ հոգու:
19․ Երկի՛ր, մի՛ ծածկիր արիւնն իմ մարմնի.թող աղաղակս կանգ չառնի բնաւ:
20․ Եւ ահա հիմա վկաս երկնքում, դատապաշտպանս այն բարձունքում են:
21․ Խնդիրքս թող որ Տիրոջը հասնի, ու նրա առաջ աչքերս արտասուեն:
22․ Երանի մէկը պաշտպան կանգնի ինձ Տիրոջ յանդիման, ինչպէս որ մարդը՝ իր ընկերոջը:
23․ Իմ տարիները հաշուուած են արդ. բռնել եմ արդէն անդարձի ուղին»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: