Գիրք` 30. Յոբ

Գլուխ 21

ԵՂԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՐՔՈՒՄԸ
   

1. Յոբը նորից խօսեց ու ասաց.
2. «Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս: Երանի չլինէր ձեզանից եկած մխիթարանքը:
3. Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կը խօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար:
4. Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. եւ ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես:
5. Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր:
6. Հէնց որ յիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարմինս:
7. Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ:
8. Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ:
9. Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն ինչ երկիւղ:
Տիրոջից տանջանք չի հասնում նրանց:
10. Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում.
11. հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ: Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝
12. ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից:
13. Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ,
գերեզմաններում հանգիստ ննջել են:
14. Եւ Տիրոջ կ՚ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա:
15. Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք»:
16. Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր:
17. Սակայն կը մարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կը հասնի կործանումը մեծ. զայրոյթից վրէժի երկունքը կը բռնի նրանց:
18. Ու կը լինեն յարդ՝ հողմի բերանին, կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող:
19. Իր ունեցուածքը վերջ կը տայ մի օր իր որդիներին. կը հատուցի եւ ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն:
20. Նրա աչքերը կը տեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա:
21. Զուարճութիւնը իր տան մէջ է միշտ, իր հետ. կեանքի ամիսներն արդ կը կտրուեն:
22. Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին:
23. Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կը մեռնի սաստիկ անզգամ լինելու համար:
24. Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը:
25. Դառնութիւնն հոգու կը սպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից:
26. Կը ննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնն համակ:
27. Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս:
28. Հիմա դուք կ՚ասէք, Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա»:
29. Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց մի՛ տաք:
30. Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման:
31. Ո՞վ է պատմելու նրա առաջին՝ իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան:
32. Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում.
ձորի խիճերը քաղցր թուացին:
33. Նրա յետեւից կ՚երթան բոլորը, իսկ առջեւից էլ՝ մարդիկ բիւրաւոր:
34. Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել. ձեզանից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես»: