Գիրք` 30. Յոբ

Գլուխ 26

   
1․ Յոբը նորից խօսեց ու ասաց.
2․ «Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու դու.
արդեօք ո՞չ նրա, ում ուժն անբաւ է, ու բազուկն՝ հզօր:
3․ Ո՞ւմ խորհրդակից ես լինելու դու. արդեօք ո՞չ նրան, ով ամբողջապէս իմաստութիւն է:
4․ Ո՞ւմ յետեւից ես արդ գնալու դու. արդեօք ո՞չ նրա, որի զօրութիւնը այնքա՜ն մեծ է: Ո՞ւմ ես բան ասել, եւ կամ ո՞ւմ շունչն է դուրս եկել քեզնից:
5․ Միթէ երբեւէ կը ծնուեն ջրի խորքից հսկաներ, կամ էլ այնտեղի բնակիչներից:
6․ Մերկ է դժոխքը Աստծու առաջ, եւ կործանումը չունի վրան քօղ:
7․ Ոչնչի շուրջը փռեց երկինքը, կախեց երկիրը ոչնչի վրայ:
8․ Իր ամպերի մէջ ջուրն է ծրարում, եւ չի պատռուի մէգը նրանց տակ:
9․ Նա, ով պահում է երեսն իր գահի, փռում է վրան իր մառախուղը:
10․ Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչեւ վախճանը լոյսի ու մութի:
11․ Երկնի սիւները սարսուել են այնպէ՜ս ու զարհուրել են նրա սաստումից:
12․ Հանդարտեցրել է ծովն իր զօրութեամբ, եւ ովկիանոսը իր իմաստութեամբ տարածուել-փռուել:
13․ Սարսուել են նրանից փականքներն երկնի. սպանել է նա իր հրամանով վիշապն ապստամբ:
14․ Ահա այս է մասն իր ճանապարհի, եւ դեռ պիտ լսենք խօսքերը նրա, մինչեւ վերջին շիթ: Եւ ո՞վ կ՚իմանայ նրա որոտման զօրութիւնը մեծ, երբ այն արձակուի»: