ՄԵՂԱՒՈՐԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԴԻՄԵԼ ԱՍՏԾՈՒՆ
1. Յոբը նորից խօսեց ու ասաց.
2. «Կենդանի է Տէրն, որ ինձ հետ այսպէս դատաստան տեսաւ, Ամենակալը դառնացրեց հոգիս:
3. Եթէ տակաւին իմ մէջ է հոգիս, եւ աստուածային շունչը ապրում է իմ ռունգերի մէջ,
4. իմ շրթունքները անօրէնութիւն չեն արտասանի, եւ ոչ էլ հոգիս անիրաւութեան մասին կը խորհի:
5. Մինչեւ մեռնելս էլ չի լինի, որ ես ձեզ արդար կոչեմ, քանզի չեմ փոխի անմեղութիւնն իմ:
6. Եւ արդարութեան ձայնին անսալով՝ չեմ հրաժարուի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ:
7. Առաւել եւս՝ թող թշնամիներս լինեն կործանուող ամբարիշտները, իմ դէմ դուրս եկած, կորստի մատնուած անօրէնները:
8. Եւ ի՞նչ յոյս ունի ամբարիշտը, որ հաստատ կը մնայ. գուցէ Տիրոջը ապաւինելով կարենայ փրկուե՞լ,
9. կամ թէ Տէր Աստուածն ականջ կը դնի՞ իր խնդրանքներին:
10. Եթէ մի տագնապ հասնի իր վրայ, նա վստահութիւն պիտի չունենայ Աստծու առաջ: Դիմի էլ Նրան՝ ունկն կը դնի՞ արդեօք Նա իրեն:
11. Կ՚ասեմ հիմա ձեզ, թէ այն ի՞նչն է, որ Տիրոջ ձեռքին է, ու չեմ ծածկի ես ձեզնից այն բանը, ինչ որ ձեռքին է Ամենակալի:
12. Ահա բոլորդ հէնց քաջ գիտէք, որ ունայն բաներին ունայնութիւն էք աւելացնում դուք:
13. Այս է բաժինը ամբարիշտ մարդու՝ Տիրոջից գծուած. Ամենակալի կամքով անպայման զօրաւորների ունեցուածքը հէնց իրենց դէմ կ՚ելնի:
14. Ու եթէ անգամ բազում զաւակներ ունենան նրանք՝ պիտի սպանուեն,
իսկ թէ պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանութեամբ պիտի դեգերեն:
15. Ովքեր որ նրա շուրջը կը լինեն՝ մահով կը մեռնեն. նրանց այրիներին մէ՛կը չի գթայ:
16. Ու եթէ անգամ հողի պէս արծաթ հաւաքեն նրանք կամ կաւի նման պատրաստեն ոսկի՝
17. դրանք բոլորը արդարներին լոկ բաժին կը դառնան, ու արդար մարդիկ կը տիրեն նրանց ունեցուածքներին:
18. Դարձել է նրանց տունը ցեցի կեր, սարդոստայնի բոյն:
19. Քնում է հարուստ, բայց արթնանում է ոչ իբր մեծատուն, աչքերն է բացում, տեսում ամէն բան չքացած ընդմիշտ:
20. Ցաւեր պիտի գան վրան՝ ջրի պէս, գիշերուայ խաւարն պիտ ծածկի նրան:
21. Պիտ խլի նրան խորշակն ու գնայ,
22. պիտ քշի նրան տեղից հարազատ, շպրտի նրան ու չխնայի: Փախչելով պիտի փախչի խորշակից:
23. Ծափ պիտի զարնի սա նրա դիմաց, եւ քարշ պիտի տայ տեղից հարազատ»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: