ԵՂԻՓԱԶ. ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ
(4.1-14.22)
1. Եղիփազ Թեմնացին ասաց.
2. «Մի՞թէ շատ անգամներ են ասուել քեզ խօսքեր տանջալից. եւ ո՞վ կը դիմանայ խօսքերիդ զօրութեան:
3. Որովհետեւ եթե խրատել ես դու շատերին, բռնել ես ձեռքը տկարի ու մխիթարել,
4. խօսքովդ կանգնեցրել ոտքի անզօրին, եղել քաջալեր ծնկին կթոտած,
5. արդ քեզ վրայ են հասել տանջանքներ: Բայց տագնապել ես:
6. Չէ՞ որ երկիւղդ անզգամութիւն է, ինչպէս կասկածդ՝ ճամփի վրայ անչար:
7. Յիշի՛ր դու արդ. այն ո՞ր անմեղն է կորել-գնացել, կամ երբեւէ արդարները եղե՞լ են արմատախիլ:
8. Ինչպէս որ ես եմ տեսել միշտ. ով որ վարել է ու անպատշաճ սերմեր ցանել, փոխարէնը ցաւ է հնձելու:
9. Կորչելու են Տիրոջ հրամանով, ոչնչացուելու են Նրա զայրալից շնչից:
10. Հանգել են զօրութիւնն առիւծի, գոչիւնը էգ առիւծի 605 եւ պերճութիւնը վիշապների:
11․ Սատկել է մրջնառիւծը՝ կեր չլինելուց. իրար են լքել կորիւններն առիւծի:
12. Եթէ քո խօսքերում դեռ ճշմարիտ բան գոյութիւն ունենար, այդպիսի չար բաներ քեզ չէին պատահի:Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելու հրաշակերտ բաներ նրանից:
13. Գիշերային արհաւիրքներ ու դղրդիւններ ահ են գցել մարդկանց սրտում.
14. դողումն ու սոսկումն են պատել ինձ եւ սաստիկ ցնցել ոսկորներն իմ:
15. Մի շունչ դիպաւ իմ երեսին. քստմնեցին մազերս ու մարմինն իմ:
16. Կանգնեցի, բայց չհասկացայ. տեսայ, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ: Միայն շունչ ու մի շշնջիւն էի լսում:
17. Մահկանացուն միթէ Տիրոջ մօտ աւելի մաքո՞ւր է, կամ մի մարդ աւելի անարա՞տ է քան գործերը Նրա,
18. եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում:
19․ Արդ, գալով կաւէ տներում բնակուածներին (մենք էլ միեւնոյն կաւից ենք), ցեցի պէս կերաւ նրանց,
20. եւ առաւօտից մինչեւ երեկոյ նրանք գոյութիւն չեն ունենայ: Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել՝ կորան:
21. Փչեց նրանց վրայ, ու չորացան, ոչնչացան նրանք, զի չունէին իմաստութիւն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: