Գիրք` 30. Յոբ

Գլուխ 34

ԵՂԻՈՒՍԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՅՈԲԻՆ
   

1. Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2. «Ո՛վ իմաստուններ, լսեցէ՛ք ինձ, եւ դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրէք.
3. քանզի ականջն է քննում խօսքերը, իսկ կոկորդը կերակուրներ է ճաշակում:
4. Արդ, մենք մեզ համար ատեան ընտրենք ու մեր մէջ իմանանք, թէ ի՛նչն է բարի:
5. Յոբն ասաց. «Ես արդար եմ, բայց Տէրը մի կողմ նետեց իմ իրաւունքները,
6. արդար դատաստան չարեց իմ հանդէպ. սաստիկ է նետի յարուցած վէրքը,
եւ ես անիրաւութիւն չեմ գործել»:
7. Արդ, կա՞յ մարդ, որ, Յոբի պէս, արհամարհանքն իբրեւ ջուր խմի,
8. չմեղանչելով, ամբարշտութիւն չանելով, անօրէնութիւն անող մարդկանց գործերին չմասնակցելով՝ ընթանայ ամբարիշտների հետ:
9. Չասես՝ «Ոչ մէկին պատիժ վրայ չի հասնի, մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»:
10. Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեցէք: Այնպէս չլինի թող, որ ես ամբարշտութիւն անեմ Տիրոջ հանդէպ ու Ամենակալի առաջ աղմկեմ, թէ արդար եմ ես:
11. Յուրաքանչիւր մարդու, ըստ նրա արարքների, կը հատուցի Նա, ըստ նրա վարքի կը փոխադարձի նրան:
12. Գուցէ Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել,
կամ կը պղծի՞ իրաւունքն Ամենակալը, նա, որ երկիրն է ստեղծել:
13. Այն ո՞վ է, որ ստեղծել է երկնքի ներքոյ ու միջոցի մէջ եղած ամէն բան:
14. Եթէ կամենար սահմանափակել եւ հոգին յետ իր մէջ պահել,
15. առհասարակ ամէն մարմին վերջ կը գտնէր, ամէն մարմին կը դառնար հող,
որից որ ստեղծուել էր:
16. Իսկ եթէ չես խրատուել, սա՛ էլ լսիր, ակա՛նջ դիր խօսքիս ու բառերիս:
17. Չե՞ս մտածում, որ նա, ով ատել է անիրաւութիւնը, խորտակել է նաեւ չարիքը. արդարները յաւիտեան են ապրում:
18. Ամբարիշտ է նա, ով թագաւորին ասում է՝ անիրաւ ես դու,
իսկ իշխաններին համարում է է՛լ աւելի ամբարիշտ:
19. Նա չի պատկառել մեծապատիւ մարդկանցից, աւելի պատիւ չի ընծայել երեւելի մարդկանց, քան աղքատներին:
20. Ի զուր կը լինի նրանց՝ ուրիշներին ձայն տալն ու աղերսելը,
որովհետեւ անօրէնութեամբ են շարժուել՝ խեղճերին էլ խոտորեցնելու համար.
21. քանզի Տէրն ինքը տեսնում է մարդկանց արարքները, ինչ որ սրանք արել են. նրանից ոչինչ ծածուկ չի մնում:
22. Եւ թաքնուելու տեղ չեն ունենայ նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում,
23. որովհետեւ մարդու վրայ ոչինչ չի դնելու բացի իրաւունքից, որովհետեւ Տէրը տեսնում է ամէն ինչ,
24. քննում, վերահասու է լինում անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաների, որ թիւ ու համար չունեն:
25. Ինքն է, որ ճանաչում է նրանց գործերը եւ մի գիշերում տապալելու է նրանց, ու խորտակուելու են:
26. Խաւարեցրել է ամբարիշտներին, եւ սրանք մատնուել են իրենց թշնամիների ձեռքը:
27. Արդարեւ, նրանք շեղուել են Աստծու արդար օրէնքից, նրա կարգն ու կանոնը չեն ճանաչել:
28. Չեն հասցրել նրան աղաղակը տնանկի, բայց աղքատի բողոքը նա լսելու է:
29. Թէ ինքը լռութիւն պահի՝ ո՞վ է դատապարտելու, թէ դէմքը ծածկի՝ ո՞վ է նրան տեսնելու:
30. Ժողովրդի խստասրտութեան պատճառով ազգերի ու մարդկանց վրայ կեղծաւորին է թագաւոր կարգելու:
31. Մէկն ասելու է Ամենազօրին. «Առել ու գրաւել եմ առանց քեզ.
32. թէ անիրաւութիւնս տեսել ես՝ ցո՛յց տուր ինձ, իսկ եթէ անօրէնութիւն եմ արել՝ այլեւս չեմ անի»:
33. Մի՞թէ մէկը քեզնից դա պահանջելու է, որ դու մերժում ես:
Դու ես ընտրել, ոչ թէ ես, իսկ եթէ մի բան գիտես՝ ասա՛:
34. Դրա համար սրտով իմաստունները, նոյնպէս եւ ամէն խելացի մարդ, որ լսում է դա, պիտի ասի.
35. «Բայց Յոբն իմաստութեամբ չխօսեց, եւ նրա խօսքերը խելացի չեն»:
36. Բայց հաշուի՛ առ, Յո՛բ, եւ անզգամի պէս մի՛ պատասխանիր դեռ,
37. որպէսզի ձեր մեղքերը չաւելացնէք. Տիրոջ առաջ շատ բան խօսելն անօրէնութիւն է համարուելու ձեզ համար»: