Գիրք` 38. Նաւում

Գլուխ 2

ՊԱՏԳԱՄ ՆԻՆՈՒԷԻՆ
   
1. Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով.
2. քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին:
3. Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար:
4. Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում:
5. Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին:
6. Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ:
7. Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում:
8. Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին:
9. Չկար մէկը, որ հսկէր. յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար: Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները:
10. Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում, ծնկների թուլացում, ցաւ ամէն մէջքի վրայ, եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման:
   
ՆԻՆՈՒԷՆ ՆՄԱՆ Է ՊԱՐՏՈՒԱԾ ԱՌԻՒԾԻ
   
11. Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին:
12. Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝ յափշտակուած բաներով:
13. «Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը վերացնեմ քո որսը, եւ այլեւս չեն լսուի քո գործերը»: