ՅՈԲԸ ԳԱՆԳԱՏՒՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՑ
1․ «Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր:
2․ Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին,
3․ այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ: Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ.
4․ թէ քնեմ՝ ասում եմ. «Ե՞րբ պիտի բացուի լոյսը», արթնանամ՝ դարձեալ թէ՝ «Ե՞րբ կը լինի երեկոյ»: Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ:
5․ Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու:
6․ Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում:
7․ Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան.
8․ չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի: Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս:
9. Զի եթէ իջնի մարդ գերեզման,
10․ չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը.իր տեղն էլ նրան չի ճանաչի:
11․ Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտի խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտի բացեմ դառնութիւնն իմ հոգու:
12․ Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել:
13․ Ասացի՝ ամոքի պիտի ինձ մահիճն իմ. եւ ինքս պիտի քննեմ անկողնում իմ բոլոր գործերը,
14․ Եւ դու երազով վախեցնում ես ինձ, եւ տեսիլքով հարուածում ես դու ինձ:
15․ Իմ հոգին հանում ես դու ինձնից, մարմնիցս՝ շունչը իմ, մահուանից՝ կեանքը իմ:
16․ Քանի որ յաւիտեան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ:
Հեռո՛ւ կաց դու ինձնից, քանի որ իզուր է կեանքը իմ:
17․ Եւ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում նրա վրայ,
18․ կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առաւօտ, հանգստի ժամերին, փորձում միշտ:
19․ Մինչեւ ե՞րբ դու ինձ չես թողնելու, չես արձակելու ինձ, մինչեւ որ ցաւերով կուլ տամ ես թուքս:
20․ Թէ ես մեղք գործեցի՝ ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ: Ինչո՞ւ ես ինձ թշնամի դարձրել քեզ, որ լինեմ քեզ համար ես մի բեռ:
21․ Ինչո՞ւ չես ներում դու յանցանքներն իմ, թողություն չե՞ս տալիս մեղքերին իմ: Եւ ահա հող եմ դառնում ես, վաղն այլեւս չեմ լինի»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: