Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 9

Ահարոնի առաջին զոհն այրվում է երկնքից իջած հրով
   
1. Եվ ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայելի ծերերին:
2. Եվ ասաց Ահարոնին. «Արջառներից մի զվարակ վերցրու որպես մեղքի քավության զոհ և մի խոյ էլ՝ ողջակեզի համար, որ անարատ լինեն, ու բեր Տիրոջ առաջ։
3. Եվ խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք այծերից մի նոխազ՝ մեղքի քավության զոհաբերության համար, մի զվարակ և մեկ տարեկան մի գառ՝ ողջակեզի համար, որ անարատ լինեն։
4. Նաև մի արջառ և մի խոյ՝ իբրև խաղաղության զոհ Տիրոջը մատուցելու համար և յուղով հունցված հացի ընծա, որովհետև այսօր Տերը պիտի երևա ձեզ”»։
5. Եվ ինչ որ պատվիրեց Մովսեսը, բերեցին վկայության խորանի մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ:
6. Եվ Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվերը, արե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։
7. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի քավության զոհաբերությունն ու ողջակեզը և քավություն արա քեզ համար ու ժողովրդի համար։ Եվ ժողովրդի ընծան մատուցելով՝ քավություն արա նրանց համար, ինչպես որ պատվիրել է Տերը»։
8. Եվ Ահարոնը մոտեցավ զոհասեղանին ու մորթեց իր մեղքի քավության զվարակը։
9. Եվ Ահարոնի որդիներն արյունը բերեցին նրա մոտ: Նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի հատակին։
10. Բայց մեղքի քավության զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթն այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին,
11. Իսկ միսն ու մորթը կրակով այրեց բանակատեղիից դուրս։
12. Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիներն արյունը բերեցին նրա մոտ, և նա այն ցողեց զոհասեղանի շուրջբոլորը։
13. Եվ նրա մոտ բերեցին ողջակեզը՝ կտորներով և գլխով, ու նա դրանք այրեց զոհասեղանի վրա։
14. Եվ նա լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրա եղած ողջակեզի վրա։
15. Եվ մոտեցրեց ժողովրդի ընծան, առավ ժողովրդի մեղքի քավության համար զոհաբերվող նոխազը, մորթեց այն և նախորդի պես մեղքի քավության համար զոհաբերություն արեց։
16. Եվ մոտեցրեց ողջակեզն ու այն զոհաբերեց՝ ըստ օրենքի։
17. Եվ մոտեցրեց հացի ընծան, ափով վերցրեց դրանից ու այրեց զոհասեղանի վրա՝ առավոտվա ողջակեզից զատ։
18. Եվ մորթեց ժողովրդի խաղաղության զոհը՝ արջառն ու խոյը: Ահարոնի որդիները նրա մոտ բերեցին արյունը, և նա այն ցողեց զոհասեղանի շուրջբոլորը։
19. Եվ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, երիկամներն ու լյարդի թաղանթը,
20. Եվ ճարպերը դրեցին լանջամսերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա:
21. Եվ Ահարոնը լանջամսերն ու աջ զիստը՝ իբրև երերացնելու ընծա, երերացրեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։
22. Եվ Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի քավության զոհը, ողջակեզն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո իջավ։
23. Եվ Մովսեսն ու Ահարոնը մտան վկայության խորան և ապա դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։
24. Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ ու այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը: Եվ այդ տեսնելով՝ ամբողջ ժողովուրդն աղաղակեց ու ընկավ երեսնիվայր։