Կրակն այրում և ոչնչացնում է Նադաբին ու Աբիուդին
1. Եվ Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուդը, յուրաքանչյուրն իր բուրվառը վերցնելով, դրանց մեջ կրակ դրեցին, վրան խունկ լցրեցին և Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին, որ Նա իրենց չէր պատվիրել:
2. Եվ Տիրոջ առջևից կրակ դուրս ելավ, այրեց նրանց, ու նրանք մեռան Տիրոջ առաջ։
3. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Սա այն է, որ խոսեց Տերը՝ ասելով. “Ինձ մոտեցողների մեջ սուրբ պիտի լինեմ և պիտի փառավորվեմ ամբողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնը լռեց։
4. Եվ Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, ու ասաց նրանց. «Մոտեցե՛ք, սրբարանի առջևից դո՛ւրս տարեք ձեր եղբայրներին և հեռացրե՛ք նրանց բանակատեղիից»։
5. Եվ մոտեցան ու նրանց իրենց շապիկներով բանակատեղիից դուրս տարան։
6. Եվ Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին՝ Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի՛ բացեք և ձեր հանդերձները մի՛ պատառոտեք, որպեսզի չմեռնեք, և բարկություն չիջնի ամբողջ ժողովրդի վրա։ Բայց ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, թող լաց լինեն Տիրոջ կրակի մատնած հրկեզի համար։
7. Եվ դուք դուրս մի՛ եկեք վկայության խորանի մուտքից, որպեսզի չմեռնեք, որովհետև ձեզ վրա է Տիրոջ օծության յուղը»։ Եվ նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն:
8. Եվ Տերը խոսեց Ահարոնի հետ՝ ասելով.
9. «Տիրոջ վկայության խորան մտնելիս գինի և օղի չխմե՛ք, ո՛չ դու և ո՛չ էլ քեզ հետ քո որդիները, որպեսզի չմեռնեք։ Թող դա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ,
10. Սուրբի և անսուրբի, մաքուրի և անմաքուրի միջև տարբերություն դնելու
11. Եվ Իսրայելի որդիներին այն բոլոր կանոնները սովորեցնելու համար, որոնց մասին Տերը խոսել է նրանց հետ Մովսեսի միջոցով»։
12. Եվ Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի հետ՝ ասելով. «Առեք Տիրոջ զոհաբերություններից ավելացած հացի ընծան և զոհասեղանի մոտ բաղարջ կերեք, որովհետև դա ամենասուրբ է։
13. Այն կերեք սուրբ տեղում, որովհետև քո որդիների իրավունքն է, որ ուտեք Տիրոջ զոհաբերություններից, որովհետև ինձ այդպես է պատվիրված։
14. Դու, քո որդիներն ու քո աղջիկները մի մաքուր տեղում պիտի ուտեք երերացնելու լանջամիսը և բարձրացնելու զիստը, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք տրվում են որպես քո իրավունք և քո որդիների իրավունք։
15. Տիրոջ առաջ երերացնելու համար թող բերեն բարձրացնելու զիստը և երերացնելու լանջամիսը ճարպի ընծաների հետ. դրանք թող լինեն քոնը և քեզ հետ քո որդիներինը հավիտենական կանոնով, ինչպես որ պատվիրել է Տերը»։
16. Եվ Մովսեսը զգուշությամբ որոնեց մեղքի քավության համար զոհաբերվող նոխազը, բայց ահա այն այրված էր։ Նա բարկացավ Ահարոնի ողջ մնացած որդիների՝ Եղիազարի և Իթամարի վրա՝ ասելով.
17. «Ինչո՞ւ սուրբ վայրում չկերաք մեղքի քավության զոհը, քանի որ դա ամենասուրբ է, և Տերն այն տվեց ձեզ, որ վերացնեք ժողովրդի անօրենությունը և քավություն տաք նրան Տիրոջ առաջ։
18. Ահա դրա արյունը չբերվեց սրբարանից ներս: Դուք պետք է ուտեիք սուրբ վայրում, ինչպես որ պատվիրել էի ձեզ»։
19. Եվ Ահարոնն ասաց Մովսեսին. «Ահա այսօր Տիրոջ առաջ նրանք մատուցեցին իրենց մեղքի քավության զոհը և ողջակեզը, ու ինձ այսպիսի բաներ պատահեցին: Եվ եթե այսօր ուտեի մեղքի քավության զոհից, արդյոք դա ընդունելի կլիներ Տիրոջ առաջ»։
20. Եվ երբ Մովսեսն այս լսեց, հավանություն տվեց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: