Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 11

Մաքուր և անմաքուր անասունների տարբերությունը
   
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով նրանց.
2. «Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասե՛ք. “Երկրի վրա եղած բոլոր անասուններից ահա սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել.
3. Բոլոր կճղակավոր, կճղակը ճեղքված և որոճացող անասուններից կարող եք ուտել,
4. Բայց որոճացողներից և կճղակավորներից պիտի չուտեք սրանք: Ուղտը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, թող անմաքուր լինի ձեզ համար:
5. Եվ ճագարը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, թող անմաքուր լինի ձեզ համար:
6. Եվ նապաստակը, որը թեև որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, թող անմաքուր լինի ձեզ համար:
7. Եվ խոզը, որը թեև կճղակավոր է, ճեղքված կճղակ ունի, բայց չի որոճում, թող անմաքուր լինի ձեզ համար:
8. Դրանց մսից չուտեք և դրանց դիակներին չդիպչեք, դրանք անմաքուր են ձեզ համար։
9. Ջրերի մեջ բոլոր եղածներից կուտեք ջրերի մեջ, այսինքն ծովերի ու գետերի մեջ եղած բոլոր լողակ և թեփուկ ունեցողներին։
10. Բայց պիտի չուտեք ծովերի և գետերի ջրերի մեջ եղած բոլոր զեռուններից և բոլոր շնչավոր կենդանիներից այն ամենը, որ լողակ և թեփուկ չունեն. դրանք թող պիղծ լինեն ձեզ համար։
11. Եվ թող դրանք պիղծ լինեն ձեզ համար. պիտի չուտեք դրանց մսից և պիտի գարշեք դրանց դիակներից։
12. Ջրերում բոլոր եղածները, որ լողակ և թեփուկ չունեն, թող պիղծ լինեն ձեզ համար։
13. Եվ թռչունների մեջ գարշեք սրանցից. սրանք պիտի չուտվեն, որովհետև պիղծ են: Արծիվը, պասկուճը 2, գետարծիվը,
14. Անգղը, ցինը 3 իր տեսակներով,
15. Ագռավը իր տեսակներով,
16. Ջայլամը, բուն, որորը 4, բազեն իր տեսակներով,
17. Հավապատիրը 5, հողամաղը 6, քաջահավը 7,
18. Կարապը, հավալուսնը 8, սև անգղը,
19. Արագիլը, քարադրը 9 իր տեսակներով, հոպոպը 10 և չղջիկը։
20. Չորս ոտքի վրա գնացող և թռչող բոլոր զեռունները թող պիղծ լինեն ձեզ համար։
21. Բայց չորս ոտքի վրա գնացող և թռչող զեռուններից կուտեք նրանց, որոնք գետնի վրա ոստոստելու համար իրենց ոտքերի վրա սրունք ունեն։
22. Դրանցից կուտեք մորեխն իր տեսակներով, խառնիճն 11 իր տեսակներով, օձամարտն 12 իր տեսակներով։
23. Բայց մնացած բոլոր զեռունները, որոնք չորս ոտք ունեն և թռչում են, թող պիղծ լինեն ձեզ համար։
24. Դրանցով դուք անմաքուր կլինեք։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո:
25. Եվ ամեն ոք, ով վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո։
26. Բոլոր անասունները, որոնք կճղակավոր են, բայց կճղակը ճեղքված չէ, և չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. դրանց դիպչող ամեն ոք անմաքուր կլինի։
27. Բոլոր այն չորքոտանի կենդանիները, որոնք գնում են իրենց թաթերի վրա, թող անմաքուր լինեն ձեզ համար։ Ամեն ոք, ով դիպչի դրանց դիակներին, անմաքուր կլինի մինչև երեկո։
28. Եվ ով որ վերցնի դրանց դիակները, պիտի լվանա իր հագուստները և անմաքուր կլինի մինչև երեկո: Դրանք անմաքուր են ձեզ համար։
29. Եվ երկրի վրա սողացող սողուններից ձեզ համար անմաքուր են աքիսը, մուկը, տիտեռն 13 իր տեսակներով,
30. Առնետը, քամելեոնը, բծավոր մողեսը, մողեսն ու խլուրդը:
31. Բոլոր սողացողների մեջ ձեզ համար անմաքուրները սրանք են, և ամեն ոք, ով դիպչի սրանց դիակին, անմաքուր կլինի մինչև երեկո։
32. Եվ եթե սրանց դիակը ինչ բանի վրա որ ընկնի, լինի փայտե անոթ կամ հանդերձ, կամ մորթ, կամ քուրձ, ինչ տեսակ գործածական անոթ էլ լինի, անմաքուր կլինի. այն պետք է գցվի ջրի մեջ ու անմաքուր կլինի մինչև երեկո և ապա մաքուր կլինի։
33. Եվ եթե դրանցից որևէ բան ընկնի կավե անոթի մեջ, ապա անոթի մեջ եղածն անմաքուր կլինի. այդ անոթը պետք է կոտրեք:
34. Ամեն մի կերակուր, որի վրա կթափվի այդ ջրից, անմաքուր պիտի լինի։ Նույնպես այդպիսի ամանի մեջ եղած ամեն ըմպելիք, որ խմում են, անմաքուր պիտի լինի։
35. Եվ ամեն բան, որի վրա կընկնի դրանց դիակը, անմաքուր կլինի. լինի թոնիր, թե վառարան, պետք է քանդվի. դրանք անմաքուր են և անմաքուր կլինեն ձեզ համար։
36. Աղբյուրը, ջրհորն ու ջրակույտը պետք է մաքուր լինեն, սակայն ով որ դիպչի դրանց մեջ ընկած դիակին, անմաքուր կլինի։
37. Եթե դրանց դիակն ընկնի ցանելու սերմի վրա, այն մաքուր կլինի,
38. Բայց եթե սերմացուի վրա ջուր լցվի, և դրա վրա ընկնի դրանց դիակը, ապա այն անմաքուր կլինի ձեզ համար։
39. Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, դրա դիակին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։
40. Եվ դրա դիակից ուտողը պետք է լվանա իր հագուստները ու մինչև երեկո անմաքուր կլինի: Եվ ով որ վերցնի դրա դիակը, պետք է լվանա իր հագուստները ու անմաքուր կլինի մինչև երեկո։
41. Երկրի վրա սողացող ամեն սողուն պիղծ է, պետք է չուտվի։
42. Երկրի վրա սողացող բոլոր սողուններից, որոնք գնում են իրենց փորի վրա կամ գնում են չորս ոտքով և կամ բազմոտանի են, պետք է չուտեք, որովհետև դրանք պիղծ են։
43. Ձեր անձերը մի՛ պղծեք ոչ մի սողացող սողունով, դրանցով մի՛ պղծվեք և դրանցով անմաքուր մի՛ դարձեք,
44. Որովհետև Ես եմ ձեր Տեր Աստվածը: Ուստի սրբե՛ք ձեր անձերը և սուրբ եղեք, որովհետև Ես սուրբ եմ։ Մի՛ պղծեք ձեր անձերը երկրի վրա եղած ոչ մի սողունով,
45. Որովհետև Ես եմ Տերը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից, որ ձեզ համար Աստված լինեմ, և դուք սուրբ լինեք, որովհետև Ես սուրբ եմ։
46. Այս է չորքոտանիների, թռչունների, ջրերի մեջ շարժվող բոլոր շնչավոր կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների մասին օրենքը,
47. Որպեսզի տարբերություն դնեք անմաքուրի և մաքուրի, ուտելի և ոչ ուտելի անասունների միջև: