Տարեկան կատարվող քավության օրը
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ Ահարոնի երկու որդիների մեռնելուց հետո, ովքեր մոտեցան Տիրոջը և մեռան։
2. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ նա, անցնելով վարագույրից ներս, ամեն ժամանակ չմտնի սրբարան՝ տապանակի կափարիչի մոտ, որպեսզի չմեռնի, որովհետև Ես կափարիչի վրա երևալու եմ ամպի մեջ ։
3. Ահարոնը թող մտնի սրբարան՝ իր հետ վերցնելով մեկ զվարակ՝ մեղքի քավության զոհի համար և մեկ խոյ՝ ողջակեզի համար։
4. Թող նա կտավե սուրբ շապիկ հագնի և իր մարմնի վրա կտավե անդրավարտիք ունենա, իր մեջքին կտավե գոտի կապի և գլխին կտավե խույր դնի: Սրանք սուրբ զգեստներ են։ Նա իր մարմինը պիտի լվանա ջրով և ապա հագնի դրանք։
5. Եվ մեղքի քավության զոհաբերության համար Իսրայելի որդիների ժողովրդից թող վերցնի այծերից երկու նոխազ և մեկ խոյ էլ՝ ողջակեզի համար։
6. Եվ Ահարոնը թող մատուցի զվարակը որպես իր մեղքի քավության զոհ ու քավություն անի իր ու իր տան համար։
7. Եվ վերցնի երկու նոխազները ու դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ վկայության խորանի մուտքի մոտ։
8. Եվ Ահարոնն այդ երկու նոխազների համար թող վիճակ գցի. մի վիճակը՝ Տիրոջը զոհաբերվող նոխազի համար, և մյուս վիճակը՝ ազատ արձակվող նոխազի համար։
9. Եվ Ահարոնը թող մոտեցնի այն նոխազը, որի վրա վիճակ ընկավ Տիրոջ համար, և որպես մեղքի քավության զոհ զոհաբերի դրան։
10. Եվ այն նոխազը, որի վրա ընկավ ազատ արձակվող նոխազի վիճակը, թող նրան ողջ կանգնեցնի Տիրոջ առաջ, որ քավություն անի նրա համար և ազատ արձակելով՝ նոխազը բաց թողնի դեպի անապատ։
11. Եվ Ահարոնը պետք է մատուցի զվարակը՝ որպես իր մեղքի քավության զոհ, և քավություն անի իր ու իր տան համար: Եվ թող մորթի զվարակը՝ որպես իր մեղքի քավության զոհ։
12. Եվ թող վերցնի բուրվառը՝ լեցուն Տիրոջ առաջ եղող զոհասեղանից վերցրած կրակի կայծերով, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով և տանի վարագույրից ներս։
13. Թող Տիրոջ առաջ խունկը դնի այդ կրակի վրա, և խնկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրա եղած կափարիչը, որպեսզի չմեռնի։
14. Եվ թող վերցնի այդ զվարակի արյունից, իր մատով ցողի կափարիչի արևելյան կողմի վրա և իր մատով այդ արյունից յոթ անգամ էլ ցողի կափարիչի առջև։
15. Եվ մորթի մեղքի քավության զոհը՝ նոխազը, որ ժողովրդի համար է, նրա արյունը տանի վարագույրից ներս և այդ արյամբ անի նույնը, ինչ որ արեց զվարակի արյամբ, այսինքն այն ցողի կափարիչի վրա և կափարիչի առջև։
16. Եվ թող քավություն անի սրբարանի համար՝ այն մաքրելով Իսրայելի որդիների անմաքրություններից և նրանց բոլոր մեղքերից ու հանցանքներից։ Եվ այսպես անի նաև վկայության խորանի համար, որ լինում է նրանց հետ, նրանց անմաքրությունների մեջ։
17. Եվ երբ Ահարոնը սրբարան մտնի քավություն անելու համար մինչև նրա դուրս գալը ոչ ոք չպետք է լինի վկայության խորանում, որպեսզի նա քավություն անի իր և իր տան համար, Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։
18. Ապա թող դուրս գա դեպի Տիրոջ առաջ եղած զոհասեղանը ու քավություն անի նրա համար. վերցնի զվարակի արյունից ու նոխազի արյունից և քսի զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին։
19. Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ ցողի դրա վրա ու այն մաքրի Իսրայելի որդիների անմաքրություններից և սրբացնի։
20. Եվ երբ վերջացնի սրբարանի, վկայության խորանի և զոհասեղանի համար քավություն անելը, թող մոտեցնի կենդանի նոխազը։
21. Եվ Ահարոնը թող իր երկու ձեռքերը դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենություններն ու նրանց գործած բոլոր հանցանքներն իրենց բոլոր մեղքերով։ Եվ դրանք նոխազի գլխին թափելով՝ թող մի պատրաստ մարդու մարդու ձեռքով նրան ուղարկի դեպի անապատ։
22. Եվ նոխազը, նրանց բոլոր անօրենություններն իր վրա կրելով, թող անմարդաբնակ մի վայր տարվի: Եվ այդ մարդը անապատում թող արձակի նոխազը։
23. Եվ Ահարոնը թող մտնի վկայության խորան, սրբարան մտնելու համար հանի իր հագած կտավե զգեստները և դրանք դնի այնտեղ։
24. Եվ սուրբ վայրում թող ջրով լվանա իր մարմինը ու հագնի իր զգեստները և, ապա դուրս գալով, մատուցի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը և քավություն անի իր համար ու ժողովրդի համար։
25. Եվ զոհասեղանի վրա թող այրի մեղքի քավության զոհի ճարպը։
26. Եվ այն ազատ արձակվող նոխազին տանողը թող լվանա իր զգեստները, իր մարմինը լվանա ջրով և ապա մտնի բանակատեղի։
27. Եվ մեղքի քավության համար զոհաբերվող զվարակն ու մեղքի քավության համար զոհաբերվող նոխազը, որոնց արյունը սուրբ վայր է բերվել քավություն անելու համար, թող դուրս հանվեն բանակատեղիից, իսկ նրանց մորթերը, մսերն ու աղբը այրվեն կրակով։
28. Եվ դրանք այրողը պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվանա ջրով և ապա մտնի բանակատեղի։
29. Եվ թող սա ձեզ հավիտենական կանոն կլինի. յոթերորդ ամսին՝ ամսվա տասներորդ օրը, պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և ոչ մի գործ բնավ պիտի չանեք, թե՛ երկրացին և թե՛ ձեր մեջ պանդխտացող օտարականը,
30. Որովհետև այդ օրը քահանան ձեզ քավություն պիտի անի ձեզ մաքրելու համար, որպեսզի ձեր գործած բոլոր մեղքերից մաքրված լինեք Տիրոջ առաջ։
31. Դա ձեզ համար հանգստյան շաբաթ պիտի լինի, և պիտի խոնարհեցնեք ձեր անձերը հավիտենական կանոնով։
32. Եվ քավություն պիտի անի օծված ու իր հոր տեղը քահանայություն անելու համար նվիրաբերված քահանան։ Նա պիտի հագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները,
33. Եվ քավություն անի ամենասուրբ սրբարանի համար, քավություն անի վկայության խորանի և զոհասեղանի համար, քավություն անի քահանաների և ամբողջ ժողովրդի համար։
34. Եվ թող սա ձեզ հավիտենական կանոն լինի. այն է՝ Իսրայելի որդիների համար տարեկան մեկ անգամ քավություն անել իրենց գործած բոլոր մեղքերի համար»։ Եվ նա արեց այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: