Զատկի տոնը
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ահա Տիրոջ տոները, որ դուք սուրբ պիտի կոչեք. սրանք են Իմ տոները։
3. Վեց օր պետք է աշխատեք, բայց յոթերորդ օրը, որ հանգստյան շաբաթ օր է, սուրբ է: Ոչ մի գործ պիտի չանեք, որովհետև դա Տիրոջ շաբաթն է ձեր բոլոր բնակատեղերում։
4. Սրանք են Տիրոջ տոները, որ իրենց սահմանված օրը պիտի սուրբ հռչակեք.
5. Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ Զատիկն է։
6. Եվ նույն ամսվա տասնհինգերորդ օրը Տիրոջ Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։
7. Առաջին օրը պետք է սուրբ լինի ձեզ համար. մի՛ արեք ծառայության որևէ գործ։
8. Եվ յոթ օր պետք է Տիրոջը զոհ մատուցեք։ Յոթերորդ օրը պետք է սուրբ լինի. մի՛ արեք ծառայության որևէ գործ”»։
9. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
10. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, ձեր հնձից մի խուրձ երախայրիք պիտի բերեք քահանայի մոտ։
11. Եվ նա Տիրոջ առաջ երերացնելով թող մատուցի խուրձը, որ ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան թող այն երերացնելով մատուցի շաբաթ օրվա հաջորդ օրը։
12. Եվ ձեր խուրձը մատուցելու օրը մեկ տարեկան անարատ մի գառ էլ կմատուցեք Տիրոջը որպես ողջակեզ։
13. Եվ նրա հացի ընծան պետք է յուղով շաղված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի: Դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջը: Նաև որպես հեղելու ընծա մեկ չորրորդ հիմեն գինի թող լինի։
14. Եվ մինչև ձեր ընծան չմատուցեք ձեր Աստծուն, պետք է չուտեք ո՛չ հաց, ո՛չ աղանձ կամ էլ թարմ հասկեր։ Թող դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
Պենտեկոստեի տոնը
15. Եվ սկսած շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք կբերեք երերացնելու խուրձը, ձեզ համար հաշվե՛ք յոթ ամբողջ շաբաթ։
16. Հաշվեք մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը՝ հիսուներորդ օրը, և ապա հացի ընծա մատուցեք Տիրոջը։
17. Ձեր բնակարաններից երերացնելու ընծայի համար երկու հաց կբերեք, որ պետք է լինեն երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուրից և թթխմորով եփված։ Դա երախայրիք է Տիրոջ համար:
18. Եվ այդ հացերի հետ Տիրոջը կմատուցեք մեկ տարեկան անարատ յոթ գառ, արջառներից մեկ զվարակ և երկու խոյ, որ հացի ընծաների և հեղելու ընծաների հետ ողջակեզ՝ անուշահոտ զոհաբերություն լինեն Տիրոջ համար։
19. Եվ մեղքի քավության համար այծերից մեկ նոխազ կմատուցեք, և խաղաղության զոհի համար՝ մեկ տարեկան երկու գառ։
20. Եվ քահանան երախայրի հացի հետ երկու գառ պետք է մատուցի Տիրոջը որպես երերացնելու ընծա: Դրանք պետք է սուրբ լինեն Տիրոջ համար և լինեն քահանայինը։
21. Եվ այդ նույն օրը պիտի քարոզեք, որը ձեզ համար սուրբ ժողով լինի. մի՛ արեք ծառայության որևէ գործ։ Թող դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
22. Եվ երբ հնձեք ձեր երկրի հունձը, մի՛ հնձիր մինչև վերջ՝ մինչև քո արտի եզերքը և մի՛ հավաքիր հնձից մնացած հասկերը։ Դրանք թող աղքատին և օտարականին: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Փող հնչեցնելու օրը
23. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
24. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսվա առաջին օրը ձեզ համար թող հանգստյան օր լինի. փող հնչեցնելով՝ սուրբ տոն լինի հիշատակի համար։
25. Մի՛ արեք ծառայության որևէ գործ, այլ զոհ մատուցեք Տիրոջը”»։
Քավության օրը
26. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
27. «Նաև այս յոթերորդ ամսվա տասներորդ օրը քավության օր է: Թող այն ձեզ համար սուրբ լինի։ Եվ պիտի խոնարհեցնեք ձեր անձերը ու զոհ մատուցեք Տիրոջը։
28. Եվ այդ օրը ոչ մի գործ մի՛արեք, որովհետև դա ձեզ համար քավության օր է, ձեր Տեր Աստծո առաջ քավություն անելու օր,
29. Որովհետև ով չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։
30. Եվ ով այդ օրը որևէ գործ անի, նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։
31. Ոչ մի գործ պիտի չանեք. թող դա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ, ձեր բոլոր բնակավայրերում։
32. Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար: Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և ամսվա իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկո պիտի պահեք ձեր շաբաթը»։
Տաղավարահարաց տոնը
33. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
34. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Սկսած այս յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրվանից՝ յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։
35. Առաջին օրը պետք է սուրբ լինի. մի՛ արեք ծառայության որևէ գործ։
36. Յոթ օր պետք է զոհ մատուցեք Տիրոջը. ութերորդ օրը պետք է սուրբ լինի ձեզ համար, և զոհ պետք է մատուցեք Տիրոջը: Այդ օրը տոնախմբության օր է, մի՛ արեք ծառայության որևէ գործ։
37. Սրանք են Տիրոջ տոները, որ դուք պետք է սուրբ հռչակեք, որպեսզի զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծա և հեղելու ընծաներ մատուցեք Տիրոջը՝ յուրաքանչյուր օրվա պետք եղածը մատուցելով՝
38. Բացի Տիրոջ շաբաթներից, բացի ձեր ընծաներից, բացի ձեր բոլոր ուխտերից և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից, որ պետք է տաք Տիրոջը։
39. Նաև յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը, երբ հավաքեք երկրի բերքը, պետք է յոթ օր տոն կատարեք Տիրոջ համար։ Առաջին օրը և ութերորդ օրը թող հանգստյան օրեր լինեն։
40. Եվ առաջին օրը գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորի ուռենիների ճյուղեր կառնեք ձեզ համար և յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծո առաջ։
41. Եվ տարվա մեջ յոթ օր կատարե՛ք այս տոնը Տիրոջ համար. թող դա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. այն պետք է կատարեք յոթերորդ ամսվա մեջ։
42. Յոթ օր պետք է բնակվեք վրանների մեջ. տեղաբնակ բոլոր իսրայելացիները պետք է բնակվեն վրանների մեջ,
43. Որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից դուրս բերելիս նրանց վրանների մեջ բնակեցրի: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
44. Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտնեց, թե որոնք են Տիրոջ տոները։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: