Գիրք` 43. Մաղաքիա

Գլուխ 2

ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ
   
1. «Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր:
2. Եթէ չլսէք եւ չմտածէք փառք տալ իմ անուան, - ասում է ամենակալ Տէրը, - ձեզ վրայ անէծք կ՚ուղարկեմ, կ՚անիծեմ ձեր օրհնութիւնները, կը նզովեմ դրանք, քամուն կը տամ ձեր օրհնութիւնները, եւ չեն մնայ ձեր մէջ, քանի որ դրանք չդրեցիք ձեր սրտերում:
3. Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ:
4. Այն ժամանակ դուք կ՚իմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը՝ որ իմ ուխտը ղեւտացիների հետ է, - ասում է Ամենակալ Տէրը:
5. Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից:
6. Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց:
7. Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն [գիտութեան] հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը:
8. Իսկ դուք խոտորուեցիք ճանապարհից, շատերին թուլացրիք օրէնքը պահելուց եւ ապականեցիք Ղեւիի ուխտը, - ասում է Ամենակալ Տէրը:
9. Ուստի ես ձեզ բոլոր ազգերից լքուած եւ արհամարհուած դարձրի, քանի որ իմ ճանապարհը չպահեցիք, այլ կեղծաւորութիւն էիք անում օրէնքի առաջ:
   
ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
   
10. Արդարեւ, մէկ չէ՞ ձեր բոլորի հայրը, մէկ Աստուած չհաստատե՞ց ձեզ, ինչո՞ւ էք իւրաքանչիւրդ թոյլ տալիս ձեր եղբօրը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը:
11. Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին:
12. Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ՚անի մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց:
13. Ինչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով: Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից:
14. Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»: Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր:
15. Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ: Եւ ասացէք, թէ ուրիշ ի՞նչ է խնդրում Աստուած, եթէ ոչ զաւակ: Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող.
16. իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կը ծածկի քո խորհուրդը, - ասում է Իսրայէլի Տէր Աստուածը: Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք, - ասում է Ամենակալ Տէրը:
17. Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»: Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ: Էլ ո՞ւր է Արդարութեան Աստուածը»: