1. Յետ այսորիկ դարձեալ յայտնեա՛ց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց՝ առ ծովեզերբն Տիբերեայ. եւ յայտնեաց ա՛յսպէս:
2. Եին ի միասի՛ն Սի՛մովն Պե՛տրոս, եւ Թո՛վմաս՝ անուանեալն երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ի Կանա՛յ գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ ա՛յլք յաշակերտաց անտի երկու:
3. Ասէ ցնոսա Սի՛մովն Պե՛տրոս՝ երթամ ձուկն որսալ: Ասեն ցնա. Գամք եւ մեք ընդ քեզ: Գնացին եւ մտին ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան՝ եւ ո՛չ ինչ:
4. Իբրեւ ա՛յգ եղեւ՝ կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ո՛չ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ:
5. Ասէ ցնոսա Յիսուս. Մանկո՛ւնք՝ մի՞թէ՝ ունի՞ք ինչ ուտելոյ: Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ո՛չ:
6. Ասէ ցնոսա. Արկէ՛ք յաջակողմն նաւին զուռկանդ՝ եւ գտանիցէ՛ք: Արկին՝ եւ ո՛չ կարէին ձգել ի բազմութենէ անտի ձկանցն:
7. Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս՝ ցՊե՛տրոս. Տէ՛ր է այն: Սի՛մովն Պե՛տրոս իբրեւ լուաւ թէ Տէ՛ր է, արկաւ զիւրե՛ւ զսփածանելին՝ քանզի մե՛րկ էր, եւ ընկէ՛ց զինքն ի ծովն:
8. Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային, քանզի չէին հեռի ի ցամաքէն. այլ իբրեւ երկերի՛ւր կանգնաւ, քարշէի՛ն զգործիսն հանդերձ ձկամբն:
9. Իբրեւ ելին ի ցամաք, տեսանեն կրակե՛տղ կայծականց, եւ ձուկն մի ի վերայ, եւ հա՛ց:
10. Ասէ ցնոսա Յիսուս. Բերէ՛ք ինձ ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ:
11. Եմուտ Սի՛մովն Պե՛տրոս, եւ ձգէ՛ր զգործին ի ցամաք՝ լի՛ մեծամեծ ձկամբք, հարեւր եւ յիսուն եւ երիւք: Եւ ա՛յնչափ ինչ կայր, եւ ո՛չ պատառեցաւ գործին:
12. Ասէ ցնոսա Յիսուս. Եկայք ճաշեցէ՛ք: Եւ ո՛չ ոք յաշակերտացն իշխէր հարցանել՝ թէ դու ո՛վ ես, զի գիտէին թէ Տէրն է:
13. Գայ Յիսուս՝ եւ առնու զհացն՝ եւ տա՛յ նոցա, նոյնպէս եւ զձո՛ւկնն:
14. Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն՝ յարուցեա՛լ ի մեռելոց:
15. Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍի՛մովն Պե՛տրոս Յիսուս. Սի՛մովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա: Ասէ ցնա. Ա՛յո Տէր, եւ դո՛ւ գիտես զի սիրեմ զքեզ: Ասէ ցնա. Արածեա՛, զգառինս իմ:
16. Դարձեալ ասէ ցնա. Սի՛մովն Յովնանու սիրե՞ս զիս: Ասէ ցնա. Այո՛ Տէր, եւ դու գիտե՛ս զի սիրեմ զքեզ: Ասէ ցնա. Արածեա՛ զոչխարս իմ:
17. Ասէ ցնա երիցս անգամ. Սի՛մովն Յովնանու սիրե՞ս զիս: Տրտմեցա՛ւ Պետրոս՝ զի ասաց ցնա երիցս՝ թէ սիրես զիս. եւ ասէ ցնա. Տէր՝ դու զամենա՛յն գիտես. եւ դու իսկ՝ զամենայն ճանաչե՛ս, եւ եթէ սիրեմ զքեզ: Ասէ ցնա Յիսուս. Արածեա՛ զոչխարս իմ.
18. Ամէն ամէն ասե՛մ քեզ. զի մինչ մանուկն էիր՝ անձամբ անձի՛ն գաւտի ածէիր, եւ երթայի՛ր յո՛ եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վե՛ր կալցես՝ եւ այլք ածցեն քեզ գաւտի, եւ տարցին ուր ոչ կամիցիս:
19. Զայս ասաց՝ նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած: Եւ զայս իբրեւ ասաց՝ ասէ ցնա. Ե՛կ զկնի իմ:
20. Դարձաւ Պե՛տրոս՝ եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս՝ զի երթայր զկնի, որ եւ անկա՛ւ զլանջաւքն նորա՝ եւ ասէ. Տէր ո՞վ է որ մատնելոցն է զքեզ:
21. Զնա՝ տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. Տէր, իսկ սա՝ զի՞:
22. Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիմ զի կացցէ դա՝ մինչեւ ե՛ս գամ. քեզ զի՞ փոյթ է, դո՛ւ ե՛կ զկնի իմ:
23. Եւ ե՛լ բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ո՛չ մեռանիցի. եւ ո՛չ ասաց նմա Յիսուս. եթէ ո՛չ մեռանիցի. այլ թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ե՛ս գամ:
24. Ա՛յս աշակերտ է՝ որ վկայէ վասն այսոցիկ. որ եւ գրեա՛ցն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք, եթէ ճշմարի՛տ է վկայութիւն նորա:
25. Բայց է եւ ա՛յլ ինչ բազում զոր արա՛ր Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ՝ եւ ո՛չ աշխա՛րհս բաւակա՛ն էր տանել զգիրսն, որ եթէ գրեալ էին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: