Գիրք` 48. Եզեկիէլ

Գլուխ 38

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԳՈԳԻ ԴԷՄ
Գոգի ու Մագոգի մասին
   
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Գոգի եւ Ռոսմեսոքի ու Թոբէլի իշխան Մագոգի երկրի դէմ եւ մարգարէացի՛ր նրա մասին, ասա՛ նրան.
3. Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, ո՛վ իշխանդ Ռոսմեսոքի ու Թոբէլի,
4. ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնօտներին, հաւաքելու եմ քեզ ու քո բոլոր զօրքերը, հեծեալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառուածներին ու սպառազինուածներին, վահանաւորներին, սաղաւարտաւորներին ու սուսերաւորներին, բոլորին միասին՝
5. պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիւդացիներին, բոլորին, որ սաղաւարտակիր են ու վահանաւոր,
6. Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմայ տունը՝ հիւսիսի կողմերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիւ ազգերի էլ՝ քեզ հետ:
7. Պատրաստուի՛ր, պատրա՛ստ եղէք դու եւ քեզ մօտ հաւաքուած ամբողջ բազմութիւնը: Դու ինձ համար առաջապահ ես լինելու:
8. Պատրաստուի՛ր, որ բազում օրեր յետոյ, երբ գայ ժամանակների վախճանը, հասնէք սրից ապահով երկիրը՝ շատ ազգերի միջից հաւաքուելով Իսրայէլի երկրում, որ ամբողջովին աւերակ է դարձել: Նոյն ազգերի միջից հաւաքուելով՝ բոլորն էլ խաղաղութեամբ են ապրելու:
9. Ելնելու ես անձրեւի պէս, հասնելու ես ամպի պէս ու ծածկելու ես երկիրը: Դու եւ քո շուրջը գտնուող, քեզ հետ եղող բոլոր ազգերն էլ բազմամարդ էք լինելու»:
10. Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը խոհեր են միտքդ գալու,
11. չար խորհուրդներ ես մտածելու եւ ասելու ես. «Վեր կենամ ապահով երկրի վրայ, հասնեմ անհոգութեամբ հանգստացածների, խաղաղ ապրողների, բոլոր նրանց վրայ, ովքեր բնակւում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ.
12. աւար առնեմ, կողոպտեմ նրանց ունեցուածքը, ձեռքս գցեմ աւերուած ու վերաբնակեցուած երկրի, բազում ժողովուրդների միջից հաւաքուած ազգի, ունեցուածք ու դաստակերտ ձեռք բերածների, երկրի սրտում ապրողների վրայ»:
13. Սաբան ու Դեդան, կարկեդոնացիների վաճառականները, բոլոր աւաններն ասելու են քեզ. «Արշաւում-գալիս ես աւար առնելու համար, ամբոխներ ես հաւաքել՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցուածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար»»:
14. Ուստի մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, եւ ասա՛ Գոգին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. «Մի՞թէ այն օրը, երբ Իսրայէլի իմ ժողովուրդը խաղաղութեամբ ապրելիս լինի,
15. դու զարթնելու ու գալու ես քո տեղից՝ հիւսիսի կողմերից, դու եւ քեզ հետ՝ երիվարներ հեծած բազմաթիւ ժողովուրդներ, բոլորն էլ բազում եւ բազում զօրագնդեր կազմած:
16. Դու վեր ես կենալու Իսրայէլի իմ ժողովրդի դէմ՝ ամպի նման ծածկելու երկիրը: Եւ դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որ բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մէջ, նրանց առաջ»»:
   
ԱՍՏԾՈՒ ՊԱՏԻԺԸ ԳՈԳԻՆ
   
17. Այսպէս է ասում Տէր Աստուած Գոգին. «Դու նա ես, ում մասին խօսել եմ հին օրերից, իմ ծառաներից՝ Իսրայէլի իմ մարգարէներից մէկի միջոցով, այն օրերին ու տարիներին, երբ քեզ նրանց դէմ էի բերելու:
18. Եւ այն օրը, երբ Գոգը գայ Իսրայէլի երկրի դէմ, - ասում է Տէր Աստուած, - սաստկանալու է զայրոյթս,
19. նաեւ նախանձս՝ իմ բարկութեան հրով: Ասել եմ, որ այն օրն Իսրայէլի երկրի վրայ մեծ երկրաշարժ է լինելու.
20. ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտերի գազանները, երկրի բոլոր սողունները, նաեւ երկրի երեսին գտնուող բոլոր մարդիկ դողալու են իմ դիմաց: Ճեղքուելու են լեռները, տապալուելու են ձորերը, կործանուելու են երկրի բոլոր պարիսպները:
21. Սրի ահն եմ նրա վրայ բերելու, - ասում է Տէր Աստուած. - ամէն մարդու սուրն իր եղբօր դէմ է լինելու:
22. Նրա դատաստանն արիւնով ու համաճարակով եմ տեսնելու, անձրեւների հեղեղներով ու քարէ կարկուտներով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրայ, որ նրա հետ կը լինեն, բազմաթիւ ժողովուրդների վրայ, որ կը լինեն նրա հետ:
23. Այսպէս եմ ես ցոյց տալու իմ մեծութիւնը, սրբանալու եմ, փառաւորուելու ու ճանաչուելու ազգերի առաջ: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը»»: