Գիրք` 30. Յոբ

Գլուխ 6

ԸՆԿՃՈՒԱԾ ՄԱՐԴՆ Է ՍՈՍԿ ԻՄԱՆՈՒՄ ԻՐ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ
   

1․ Յոբը խօսեց ու ասաց.
2․ «Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կը լինէին դրանք:
3․ Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն,
4․ զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտըտում են ինձ:
5․ Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր: Կամ թէ կը գոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր:
6․ Կամ կ՚ուտուի՞ առանց աղի հաց: Կամ համ կը լինի՞ դատարկ խօսքերում:
7․ Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի:
8․ Երանի կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը:
9․ Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ:
10․ Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս:
11․ Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին:
12․ Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ: Կամ չէի վստահում ես դրան:
13․ Զրկուեցի ինքս իմ նեցուկից. Օգնութիւնն հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ:
14․ Մերձաւորը չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով: 606
15․ Ովքեր դողում էին ինձանից,
16․ այժմ ահա եկել են ինձ վրայ:
17․ Ինչպէս ձիւնը կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ,
18․ նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ:
19․ Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացիների.
20․ ամօթով կը մնան, ովքեր որ յոյս դրին քաղաքի, ինչքերի վրայ այս:
21․ Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով դուք երկիւղ կրեցէք:
22․ Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից,
23․ կամ միթէ ձե՞ր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց, կամ փրկել ինձ հզօրների ձեռքերից:
24․Ուսուցէք դուք էլ ինձ՝ կը լռեմ: Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք:
25․ Բայց կարծէք իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզանից զօրութիւն չեմ խնդրում:
26․ Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին:
27․ Բայց քանի հասել էք ինձ վրայ, իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր,
28․ էլի ես նայելով ձեր դէմքին՝ պիտի երբեք չստեմ:
29․ Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք,
30․ քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան»: