1. Չես երկնչի, որովհետեւ ես եմ այդ բոլորը պատրաստել:
Բայց ո՞վ է, որ ինձ պիտի հակառակուի, կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանայ,
2. երբ այն ամէնը, ինչ որ կայ երկնքի ներքոյ, իմն է:
3. Յանուն նրա՝ վիշապի, ես չեմ լռելու: Նրա գործն ուժեղ լինելով՝ խղճալու են նրա զուգընկերոջը:
4. Ո՞վ կը մերկացնի նրա երեսի քօղը, եւ ո՞վ կը մտնի նրա փակ պատեանից ներս,
5. ո՞վ բաց կ՚անի նրա երախի դռները: Ահն է իշխում նրա ատամների շուրջ-բոլորը.
6. փորը պղնձէ վահան է, յօդերը՝ սուր-սուր քարեր, մէկը միւսի յետեւից կպած են,
7. նրա միջով օդ չի անցնի:
8. Ասես եղբայրն իր եղբօր հետ գնայ. իրարից կը բռնեն ու չեն բաժանուի:
9. Նրա փռնչոցից փայլակներ են դուրս թռչում. նրա աչքերը փայլածուի տեսք ունեն:
10. Նրա բերանից վառուած լապտերներ են դուրս ժայթքում, եւ հրեղէն շանթեր են արձակւում:
11. Նրա ռունգերից, ինչպէս հնոցի կրակից, ծուխ է ելնում:
12. Նրա շնչից կայծեր են դուրս թռչում, եւ բերանից բոց է դուրս գալիս:
13. Նրա պարանոցում զօրութիւնն է հաստատուած. նրա առջեւից կործանումն է ընթանում:
14. Նրա մարմնի անդամները ամուր կպած են իրար. եթէ մէկը վրան ընկնի, նա չի էլ խլրտայ,
15. որովհետեւ նրա սիրտն ապառաժ քար է կտրել եւ դարբնի սալի նման անշարժ, հաստատուն է:
16. Երբ խլրտայ՝ ահը կը համակի երկրի գազաններին, չորքոտանիներին ու զեռուններին:
17. Թէ նրան տէգեր, զէնքեր ու նիզակներ հանդիպեն, վնաս չեն հասցնի,
18. որովհետեւ նա երկաթը յարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ:
19. Նրան չի խոցում պղնձէ աղեղը:
20. Ռմբաքարը նա խոտի տեղ է ընդունում, լախտը՝ եղէգի: Ծիծաղում է իր դիմաց ճօճուող կրակի վրայ:
21. Սուր-սուր տէգերը նրա անկողինն են: Ծովի ամբողջ ոսկին նրա տակ՝ անբաւ կաւի պէս է:
22. Անդունդները կաթսայի պէս է եռացնում: Ծովը ոչնչութիւն է համարում,
անդնդային տարտարոսը՝ մի գերի,
23. անդունդները՝ զբօսավայր:
24. Երկրի վրայ չկայ բան, որ նման լինի նրան: Նա ստեղծուել է իբրեւ խաղալիք իմ հրեշտակների համար:
25. Արհամարհանքով է նայում ամէն բարձր բանի, եւ ջրերում եղած ամէն ինչի թագաւորն ինքն է»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: