Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 14

Մարդկանց և իրերի վրա եղած բորոտության բժշկությունը
   
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Այս պետք է լինի բորոտի մասին օրենքն իր մաքրվելու օրը: Նրան պիտի տանեն քահանայի մոտ,
3. Եվ քահանան պիտի դուրս գա բանակատեղիից: Քահանան թող զննի. եթե բորոտը բժշկվել է բորոտության ախտից,
4. Այնժամ քահանան պետք է պատվիրի, որ մաքրվող մարդու համար առնեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղևնափայտ, մուգ կարմիր մանվածք և զոպա:
5. Եվ քահանան թող պատվիրի, որ թռչուններից մեկը մորթեն կավե ամանի մեջ՝ հոսող ջրի տակ,
6. Իսկ ինքը վերցնի կենդանի թռչունը, եղևնափայտը, մուգ կարմիր մանվածքն ու զոպան և դրանք կենդանի թռչնի հետ թաթախի հոսող ջրի մեջ մորթված թռչնի արյան մեջ։
7. Եվ թող յոթ անգամ ցողի բորոտության ախտից մաքրված մարդու վրա ու մաքրի նրան, իսկ կենդանի թռչունն ազատ արձակի՝ բաց թողնելով դեպի դաշտ։
8. Եվ մաքրվող մարդը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լվացվի ջրով և մաքուր կլինի։ Դրանից հետո թող մտնի բանակատեղի և յոթ օր մնա իր վրանից դուրս։
9. Եվ յոթերորդ օրը թող ածիլի իր գլուխը, մորուքն ու հոնքերը, այսինքն ածիլի իր բոլոր մազերը, լվանա իր հագուստները, լվանա իր մարմինը ջրով և մաքուր կլինի։
10. Եվ ութերորդ օրը թող առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան մի անարատ էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ բաժակ յուղ։
11. Եվ մաքրող քահանան մաքրվող մարդուն սրանցով հանդերձ պետք է բերի Տիրոջ առաջ՝ վկայության խորանի մուտքի մոտ։
12. Եվ քահանան թող վերցնի այն արու գառներից մեկը ու մատուցի որպես հանցանքի քավության զոհ և մի բաժակ յուղի հետ որպես երերացնելու ընծա երերացնի Տիրոջ առաջ։
13. Եվ պետք է գառը մորթի մեղքի քավության զոհի ու ողջակեզի մորթելու տեղում՝ սուրբ վայրում, որովհետև ինչպես որ մեղքի քավության զոհը, հանցանքի քավության զոհը ևս քահանայինն է. դա ամենասուրբ է։
14. Եվ քահանան թող վերցնի հանցանքի քավության զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
15. Եվ քահանան թող քիչ վերցնի մի բաժակ յուղից ու այն լցնի իր ձախ ափին։
16. Եվ քահանան թող իր աջ մատը թաթախի իր ձախ ափում եղած յուղի մեջ և իր մատով այդ յուղից յոթ անգամ ցողի Տիրոջ առաջ։
17. Եվ քահանան իր ափի մեջ մնացած յուղից պետք է հանցանքի քավության զոհի արյան վրայից քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
18. Եվ քահանան իր ափի մեջ մնացած յուղը պետք է քսի մաքրվող մարդու գլխին ու նրան քավություն անի Տիրոջ առաջ։
19. Եվ քահանան թող մատուցի մեղքի քավության զոհը, քավություն անի իր անմաքրությունից մաքրվող մարդու համար և ապա մորթի ողջակեզը։
20. Եվ քահանան ողջակեզն ու հացի ընծան թող մատուցի զոհասեղանի վրա, մաքրվողի համար քավություն անի, և նա մաքուր կլինի։
21. Եվ եթե նա աղքատ է ու այդչափ կարողություն չունենա, այնժամ նրան քավություն անելու համար որպես երերացնելու հանցանքի քավության զոհ թող վերցնի մի գառ, հացի ընծայի համար յուղով շաղված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ բաժակ յուղ
22. Եվ երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որը որ կարող է. մեկը որպես մեղքի քավության զոհ, իսկ մյուսը որպես ողջակեզ։
23. Եվ ութերորդ օրը իր մաքրվելու համար թող դրանք բերի քահանայի մոտ՝ վկայության խորանի մուտքի մոտ՝ Տիրոջ առաջ։
24. Եվ քահանան թող վերցնի հանցանքի քավության համար զոհաբերվող գառն ու մեկ բաժակ յուղը, դրանք որպես երերացնելու ընծա երերացնի Տիրոջ առաջ
25. Եվ ապա մորթի հանցանքի քավության համար զոհաբերվող գառը: Քահանան թող վերցնի հանցանքի քավության զոհի արյունից ու քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
26. Եվ թող քահանան յուղից լցնի իր ձախ ափին
27. Եվ իր աջ ձեռքի մատով ձախ ափի մեջ եղած յուղից յոթ անգամ ցողի Տիրոջ առաջ։
28. Եվ թող քահանան իր ափի մեջ եղած յուղից քսի մաքրվող մարդու աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերում, ուր քսել էր հանցանքի քավության զոհի արյունը։
29. Եվ քահանան իր ափի մեջ մնացած յուղը թող քսի մաքրվող մարդու գլխին՝ քավություն անելով նրան Տիրոջ առաջ։
30. Եվ տատրակներից կամ աղավնու ձագերից մեկը, որը որ կարող է,
31. Այսինքն որի համար կարողություն ունի և հացի ընծայի հետ այն մատուցի որպես մեղքի քավության զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Եվ թող քահանան մաքրվող մարդուն քավություն անի Տիրոջ առաջ։
32. Սա է բորոտության ախտ ունեցող և իր մաքրվելու համար կարողություն չունեցող մարդու մասին օրենքը»։
33. Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.
34. «Երբ մտնեք Քանանի երկիրը, որը Ես ձեզ տալու եմ իբրև ժառանգություն, և եթե Ես ձեր ժառանգությունը եղած երկրի մեկ տանը բորոտությամբ հարվածելու լինեմ,
35. Այնժամ այդ տան տերը պիտի գա և հայտնի քահանային՝ ասելով. “Ես կարծում եմ, որ իմ տան մեջ ախտ կա”։
36. Եվ քահանան պիտի պատվիրի, որ դեռ ներս չմտած՝ զննելու համար դատարկեն տունը, որպեսզի տան մեջ եղած որևէ բան անմաքուր չլինի: Եվ ապա քահանան թող ներս մտնի՝ զննելու տունը։
37. Եվ թող քահանան տեսնի. եթե տան պատերի վրա ախտանշան կա, այսինքն կանաչավուն կամ կարմրավուն փոս ընկած տեղեր կան, որոնք պատի երեսի տակ են և խորը,
38. Այնժամ քահանան թող դուրս գա տանից և յոթ օր կողպած պահի տունը։
39. Եվ յոթերորդ օրը քահանան պետք է դարձյալ գա և տեսնի. եթե ախտը տարածվել է այդ տան պատերին,
40. Այնժամ թող քահանան պատվիրի, որ քանդելով հեռացնեն տան այն քարերը, որոնց վրա ախտանշան կա և դրանք նետեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։
41. Եվ տան ներսի շուրջբոլորը քերել տա, և նրանց քերած հողը թափեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։
42. Եվ թող ուրիշ քարեր առնեն ու այդ քարերի տեղը դնեն, և ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։
43 Եվ եթե քարերը հանելուց և տունը քերելուց ու ծեփելուց հետո դարձյալ ախտանշան հայտնաբերվի ու երևա տան մեջ,
44. Այնժամ թող քահանան գա և տեսնի. եթե ախտանշանը տարածվել է տան մեջ, ապա բորոտության ախտը բորբոքված է այդ տան մեջ, և այն անմաքուր է։
45. Եվ պետք է քանդել այդ տունը, իսկ նրա քարերն ու փայտերը և տան ամբողջ հողը պետք է քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ տանել։
46. Եվ ով այդ տունը կմտնի նրա կողպված բոլոր օրերին, մինչև երեկո անմաքուր կլինի։
47. Եվ այդ տան մեջ քնողը պետք է լվանա իր հագուստները, այդ տանը հաց ուտողը պետք է լվանա իր հագուստները։
48. Եվ եթե քահանան գա ու տեսնի, որ տունը ծեփվելուց հետո ախտանշանը չի տարածվել տան մեջ, այնժամ քահանան պետք է այդ տունը մաքուր հայտարարի, որովհետև ախտը մաքրված է։
49. Եվ այդ տունը մաքրելու համար թող առնի երկու թռչուն, եղևնափայտ, մուգ կարմիր մանվածք և զոպա,
50. Եվ թռչուններից մեկը հոսող ջրի տակ մորթի կավե ամանի մեջ։
51. Եվ վերցնի եղևնափայտը, զոպան, մուգ կարմիր թելն ու ողջ մնացած թռչունը, դրանք թաթախի մորթված թռչնի արյան ու հոսող ջրի մեջ և յոթ անգամ ցողի տան վրա։
52. Եվ թող տունը մաքրի թռչնի արյամբ, այն հոսող ջրով, ողջ մնացած թռչնով, եղևնափայտով, զոպայով և մուգ կարմիր մանվածքով,
53. Իսկ կենդանի թռչունն ազատ արձակի՝ բաց թողնելով քաղաքից դուրս, դեպի դաշտ: Եվ թող քավություն անի այդ տան համար, և այն մաքուր կլինի։
54. Այս է բորոտության բոլոր ախտանշանների, գոնջության,
55. Հագուստի կամ տան բորոտության,
56. Ուռուցքի, քոսի և բշտիկի մասին օրենքը,
57. Որպեսզի ցույց տա, թե որն է մաքուրը, և որն՝ անմաքուրը: Այս է բորոտության մասին օրենքը»։