Պատիժներ զանազան ծանր մեղքերի համար
1. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Նաև ասա՛ Իսրայելի որդիներին. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում պանդխտացող օտարականներից մեկն իր զավակներից տա Մողոքին, անշուշտ պիտի մահվան մատնվի։ Այդ երկրի ժողովուրդը թող քարկոծի նրան։
3. Եվ Ես Իմ երեսը պիտի շրջեմ այդ մարդուց ու նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակներից տվել է Մողոքին՝ Իմ սրբարանը պղծելու և Իմ սուրբ անունն անարգելու համար։
4. Եվ եթե այդ երկրի ժողովուրդը փակի իր աչքերը իր զավակներից Մողոքին հանձնած մարդու վրա ու չսպանի նրան,
5. Այնժամ Ես Իմ երեսը պիտի շրջեմ այդ մարդուց և նրա ընտանիքից. նրան և Մողոքի հետ պոռնկություն անելու համար այդ մարդու բոլոր հետևորդներին պիտի վերացնեմ իրենց ժողովրդի միջից։
6. Եվ եթե մեկը հետևի վհուկներին ու ոգեհմաներին՝ նրանց հետ պոռնկություն անելու համար, Ես Իմ երեսը պիտի շրջեմ նրանից և կորստյան մատնեմ իր ժողովրդի միջից:
7. Ուրեմն սրբացրե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք, որովհետև Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
8. Պահե՛ք Իմ կանոնները և կատարե՛ք դրանք. Ես եմ Տերը, որ սրբացնում եմ ձեզ։
9. Ով անիծի իր հորը կամ իր մորը, անշուշտ, նա պիտի մահվան մատնվի: Նա անիծել է իր հորը կամ մորը, նրա արյունն իր վրա լինի։
10. Ով շնություն անի մի ուրիշ մարդու կամ իր ընկերոջ կնոջ հետ, ապա շնություն անողն, անշուշտ, պիտի մահվան մատնվի, թե՛ շնացող մարդը, թե՛ շնացած կինը։
11. Ով պառկի իր հոր կնոջ հետ, ապա նա բացած կլինի իր հոր մերկությունը: Անշուշտ, երկուսն էլ պիտի մահվան մատնվեն: Նրանց արյունն իրենց վրա լինի։
12. Եվ եթե մի մարդ պառկի իր հարսի հետ, երկուսն էլ, անշուշտ, պիտի մահվան մատնվեն: Նրանք գարշանք են գործել: Նրանց արյունն իրենց վրա լինի։
13. Եվ եթե մի տղամարդ պառկի մի այլ տղամարդու հետ, ինչպես կնոջ հետ, երկուսն էլ պղծություն կանեն: Անշուշտ, նրանք պիտի մահվան մատնվեն: Նրանց արյունն իրենց վրա լինի։
14. Եվ եթե մի մարդ առնի մի կնոջ ու նրա մորը, դա անօրենություն է: Կրակով պետք է այրվեն թե՛ ինքը, թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։
15. Եվ եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անշուշտ, նա պիտի մահվան մատնվի, իսկ անասունին պետք է սպանեք։
16. Եվ եթե մի կին մերձենա որևէ անասունի՝ զուգավորվելու համար, պիտի սպանես թե՛ կնոջը, թե՛ անասունին: Անշուշտ, նրանք պիտի մահվան մատնվեն: Նրանց արյունն իրենց վրա լինի։
17. Եվ եթե մի մարդ առնի իր քրոջը, այսինքն՝ իր հոր աղջկան կամ իր մոր աղջկան և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի իր մերկությունը, դա անարգանք է։ Նրանք պիտի վերանան իրենց ժողովրդի աչքի առաջից: Նա բացել է իր քրոջ մերկությունը և պիտի կրի իր անօրենության պատիժը։
18. Եվ եթե մի մարդ պառկի իր դաշտանում եղող մի կնոջ հետ և բացի նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, իսկ կինն էլ բացել է իր արյան աղբյուրը: Երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։
19 Եվ մի՛ բացիր քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը, որովհետև ով բացի իր ազգականի մերկությունը, պիտի կրի իր անօրենության պատիժը։
20. Եվ եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած կլինի իր հորեղբոր մերկությունը: Նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և անժառանգ մեռնեն։
21. Եվ եթե մի մարդ առնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է կլինի իր եղբոր մերկությունը: Նրանք անժառանգ պիտի լինեն։
22. Եվ պահե՛ք Իմ բոլոր կանոններն ու Իմ բոլոր օրենքները, կատարե՛ք դրանք, որպեսզի չփսխի ձեզ այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու։
23. Եվ մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և Ես գարշեցի նրանցից։
24. Եվ ասացի ձեզ. "Դո՛ւք պիտի ժառանգեք նրանց երկիրը: Ես այն պիտի տամ ձեզ որպես ժառանգություն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում"։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ ընտրեցի բոլոր ազգերից։
25. Ուստի տարբերություն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեր անձերը մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց Ես առանձնացրի ձեզ համար որպես անմաքուր։
26. Եվ դուք պիտի սուրբ լինեք Ինձ համար, որովհետև Ես՝ Տերս, սուրբ եմ և ձեզ ընտրեցի ազգերի միջից, որ Իմը լինեք։
27. Ամեն մի վհուկ կամ ոգեհմա, լինի տղամարդ թե կին, անշուշտ, պիտի մահվան մատնվի: Թող քարերով քարկոծեն նրանց, և նրանց արյունն իրենց վրա լինի”»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: