Գիրք` 3. Ղեվտական

Գլուխ 21

Քահանաները պետք է սուրբ և անարատ լինեն
   

1. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ և ասա՛ նրանց. “Քահանան մի անձի մահվան համար թող անմաքուր չլինի իր ժողովրդի մեջ,
2. Բայց իր մոտ ազգականի համար, այսինքն իր մոր, իր հոր, իր որդու, իր աղջկա և իր եղբոր համար,
3. Նաև իր կույս քրոջ համար, որ իր մոտ է և ամուսնացած չէ, թող անմաքուր լինի։
4. Նա, իր ժողովրդի մեջ գլխավոր անձ լինելով, թող անմաքուր չլինի՝ իրեն պղծելով։
5. Թող նրանք չածիլեն իրենց գլուխները, չկտրեն իրենց մորուքի ծայրերը և իրենց մարմնի վրա դաջվածքներ չանեն։
6. Սուրբ պիտի լինեն իրենց Աստծո առաջ և պիտի չանարգեն իրենց Աստծո անունը, որովհետև նրանք Տիրոջ ընծաները և իրենց Աստծո հացն են մատուցում: Ուրեմն սուրբ պիտի լինեն։
7. Թող չառնեն պոռնիկ կամ պղծված կին, ոչ էլ իր ամուսնուց արձակված կին, որովհետև քահանան սուրբ է իր Աստծո համար:
8. Ուստի պիտի սրբացնես նրան, որովհետև նա քո Աստծո հացն է մատուցում։ Նա սուրբ պիտի լինի քեզ համար, որովհետև Ես՝ Տերս, որ սրբացնում եմ ձեզ, սուրբ եմ։
9. Եվ եթե մի քահանայի աղջիկ պղծվի՝ պոռնկություն անելով, նա պղծած կլինի իր հորը: Նա պետք է այրվի կրակով։
10. Իր եղբայրների մեջ ավագ եղող քահանան, որի գլխին օծության յուղ է թափվել, և նվիրագործվել է՝ արժանանալով զգեստավորվելու, պետք է չբացի իր գլուխը և չպատռի իր հանդերձները։
11. Եվ թող մոտ չգնա ոչ մի մեռած մարդու, անգամ եթե նա իր հայրն է կամ իր մայրը, որ անմաքուր չլինի,
12. Եվ դուրս չգա սրբարանից ու չպղծի իր Աստծո սրբարանը, որովհետև իր վրա կրում է իր Աստծո օծության յուղի պսակը: Ես եմ Տերը։
13. Եվ թող նա կնության առնի մի կույս աղջիկ:
14. Որբևայրի, արձակված, պղծված կամ պոռնիկ կին պիտի չառնի, այլ որպես կին իր ժողովրդի միջից մի կույս առնի,
15. Որպեսզի չպղծի իր սերունդն իր ժողովրդի մեջ, որովհետև Ես եմ Տերը, որ սրբացնում եմ նրան”»։
16. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
17. «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛. “Քո ազգատոհմի սերունդներից նա, ով իր վրա արատ ունի, թող չմոտենա՝ իր Աստծո հացը մատուցելու համար։
18. Որովհետև արատ ունեցող որևէ մեկը պիտի չմոտենա՝ կույրը, կաղը, կճատը, ականջատը,
19. Ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը,
20. Կամ սապատավորը, գաճաճը, աչքը հատ ընկածը, քոսոտը, մաշկային հիվանդություն կամ վնասված ամորձիներ ունեցողը:
21. Ահարոն քահանայի սերնդից արատ ունեցող որևէ մեկը պիտի չմոտենա՝ Տիրոջը զոհեր մատուցելու. նա արատավոր է, թող չմոտենա՝ մատուցելու իր Աստծո հացը։
22. Նա թող ուտի իր Աստծո հացը, ամենասուրբ բաներից և սուրբ բաներից,
23. Միայն թե վարագույրի մոտ չգնա և զոհասեղանին չմոտենա, որովհետև նա արատ ունի: Եվ պետք է չպղծի Իմ սրբությունները, որովհետև Ես եմ Տերը, որ սրբացնում եմ նրանց”»։
24. Եվ Մովսեսն այս բաներն ասաց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ամբողջ ժողովրդին։