Յոթերորդ տարին որպես հանգստի տարի
1.Եվ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ Ես տալու եմ ձեզ, թող այդ երկիրը Տիրոջ համար պահի հանգստի շաբաթը։
3. Վեց տարի կմշակես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես դրա արդյունքը,
4. Բայց յոթերորդ տարին երկրի համար թող հանգստի շաբաթ, այսինքն Տիրոջ համար շաբաթ լինի. քո արտը պիտի չվարես և քո այգին պիտի չէտես,
5. Քո արտի մեջ ինքնաբույս բերքը պիտի չհնձես, քո չէտած այգու խաղողները պիտի չհավաքես, թող հանգստյան տարի լինի այդ հողի համար։
6. Եվ հողի հանգիստը կկերակրի ձեզ՝ քեզ, քո ծառային, քո աղախնուն, քո վարձկանին, քեզ մոտ պանդխտացող օտարականին:
7. Եվ դրա ամբողջ բերքը կերակուր կլինի քո անասունների և քո երկրում եղած կենդանիների համար”։
Հոբելյան տարի
8. Եվ դու քեզ համար յոթ հանգստյան տարիներ հաշվի՛ր, այսինքն յոթ անգամ յոթ տարի, ու յոթ հանգստյան տարիները քեզ համար քառասունինը տարի կլինի։
9. Եվ յոթերորդ ամսվա տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։
10. Եվ կսրբագործեք հիսուներորդ տարին ու երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան տարի կլինի ձեզ համար. ձեզանից յուրաքանչյուրը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։
11. Այս հիսուներորդ տարին թող հոբելյանական լինի ձեզ համար. պետք է չցանեք, ինքնաբույս բերքը չհնձեք և ոչ էլ չէտած այգու խաղողը հավաքեք,
12. Որովհետև հոբելյան տարի է։ Այն թող սուրբ լինի ձեզ համար։ Արտից պիտի ուտեք դրա բերքը։
13. Այդ հոբելյան տարում ձեզանից յուրաքանչյուրը թող վերադառնա իր կալվածքը։
14. Եվ երբ քո մերձավորին մի բան վաճառես կամ քո մերձավորից որևէ բան գնես, միմյանց հանդեպ անիրավություն չանեք։
15. Քո մերձավորից պիտի գնես հոբելյան տարուց հետո եղած տարիների հաշվով, և նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։
16. Որքան շատ են տարիների թիվը, այնքան պիտի ավելացնես նրա գինը, և որքան քիչ են տարիների թիվը, այնքան պիտի նվազեցնես նրա գինը, որովհետև
նա քեզ վաճառում է բերքի տարիների հաշվով։
17. Եվ անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
18. Եվ դուք կատարե՛ք Իմ կանոնները, պահե՛ք Իմ օրենքները, գործադրե՛ք դրանք, որ ապահով ապրեք այդ երկրում։
19. Երկիրը կտա իր բարիքները, դուք կհագենաք և ապահով կբնակվեք այնտեղ։
20. Եվ եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, եթե չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”,
21. Ես վեցերորդ տարում ձեզ կտամ Իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։
22. Կսերմանեք ութերորդ տարում և կուտեք հին բերքից մինչև իններորդ տարին։ Մինչև նոր բերքը հասնելը կուտեք հին բերքը։
23. Հողը պետք չէ ընդմիշտ վաճառել որովհետև Իմն է երկիրը, իսկ դուք պանդուխտներ և հյուրեր եք Ինձ մոտ։
24. Եվ փրկագին պիտի տաք ամբողջ երկրի մեջ եղած ձեր կալվածքի հողերի համար համար։
25. Եթե քո եղբայրն աղքատանա և իր կալվածքից մաս վաճառի, թող գա նրա մոտիկ ազգականը և գնելով փրկի իր եղբոր վաճառած արտը։
26. Եվ եթե մի մարդ չունենա փրկագին տվող, և ինքն էլ անձամբ չի կարող իր արտը հետ գնելով փրկել,
27. Այնժամ թող հաշվի վաճառքից հետո անցած տարիները, ավելորդը վերադարձնի այն մարդուն, որին վաճառել էր, և արտը դարձյալ կլինի իր սեփականությունը։
28. Բայց եթե նա վերադարձնելու կարողություն չունենա, այնժամ իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում գնողը պիտի հեռանա, իսկ վաճառողը տիրանա իր ստացվածքին։
29. Եվ եթե մեկը պարսպապատ քաղաքում բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն ետ գնել՝ վաճառքի օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։
30. Իսկ եթե այդ ողջ տարվա ընթացքում չկարողանա վճարելով ետ գնել, այնժամ պարսպապատ քաղաքում եղած տունը մշտապես կմնա այն գնողին և նրա սերունդներին։ Այն չի վերադարձվի հոբելյան տարում։
31. Բայց պարիսպներ չունեցող գյուղաքաղաքների տները թող համարվեն որպես երկրի արտեր։ Դրանք կարող են փրկագնվել և հոբելյան տարում վերադարձվեն։
32. Իսկ ղևտացիների քաղաքներում՝ իրենց կալվածքներն եղող քաղաքներում, ղևտացիները միշտ կարող են փրկագին տալ իրենց տների համար։
33. Եվ եթե մեկը տուն գնի ղևտացիներից, ապա հոբելյան տարում նրանց կալվածքը եղող քաղաքի մեջ վաճառված տունը պետք է իրենց վերադարձվի, որովհետև Իսրայելի որդիների մեջ ղևտացիների քաղաքների տներն իրենց կալվածքներն են:
34. Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող արտերը պետք է չվաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։
35. Եվ եթե քո եղբայրն աղքատանա ու քեզ մոտ տկարանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որ քեզ մոտ ապրի:
36. Վաշխ ու տոկոս մի՛ առ նրանից, այլ վախեցի՛ր քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։
37. Դրամդ վաշխով մի՛ տուր նրան և ոչ էլ կերակուրդ՝ տոկոսով։
38. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ Քանանի երկիրը ձեզ տալու և ձեր Աստվածը լինելու համար։
39. Եվ եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա ու իրեն վաճառի քեզ, նրան ծառայի պես մի՛ աշխատացրու։
40. Թող նա վարձկանի կամ պանդուխտի պես լինի քեզ մոտ և քեզ ծառայի մինչև հոբելյան տարին։
41. Ապա թող իր որդիների հետ հեռանա քո մոտից և վերադառնա իր ազգատոհմի մոտ՝ իր հայրերի կալվածք,
42. Որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց Ես դուրս բերեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք թող չվաճառվեն ինչպես ստրուկները։
43. Մի՛ իշխիր նրան խստությամբ, այլ վախեցի՛ր քո Աստծուց:
44. Եվ քո ծառան ու քո աղախինը, որ պիտի ունենաս, թող ձեր շուրջը եղած ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցից գնեք։
45. Կարող եք գնել նաև ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից և ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներից, որոնք ծնվել են ձեր երկրում, որպեսզի ձեր սեփականությունը լինեն։
46. Ձեզանից հետո որպես ժառանգություն՝ նրանց թողեք ձեր որդիներին, որպեսզի միշտ ձեր ծառաները լինեն։ Իսկ ձեր եղբայրները՝ Իսրայելի որդիները, թող խստությամբ չիշխեն միմյանց։
47. Եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, իսկ նրա մոտ բնակվող քո եղբայրն աղքատանա ու իրեն վաճառի քեզ մոտ պանդխտացող օտարականին կամ այդ օտարականի ընտանիքից մի ազգականի,
48. Ապա վաճառվելուց հետո նա կարող է ազատվել, եթե նրա եղբայրներից մեկը փրկագին տա իր համար։
49. Նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ազգատոհմից նրա մոտ ազգականներից մեկը թող փրկագին տա նրա համար, կամ էլ եթե ինքը կարողություն ունի, թող փրկագին տա ինքն իր համար։
50. Թող իրեն գնած անձի հետ հաշիվ անի՝ սկսած իր վաճառվելու տարուց մինչև հոբելյան տարի, և իր փրկագինը թող լինի ըստ այդ տարիների թվի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես թող հաշվեն։
51. Եթե դեռևս շատ տարիներ կան մինչև հոբելյան տարին, ապա որպես փրկագին թող հատուցի իր անձի վաճառքի գնից:
52. Իսկ եթե քիչ տարիներ են մնացել մինչև հոբելյան տարին, թող հաշվի նրա հետ և ըստ իր մնացած տարիների թվի՝ տա իր փրկագինը։
53. Նա նրա մոտ թող լինի տարեկան վարձկանի պես, գնողն էլ քո առաջ թող խստությամբ չիշխի նրան։
54. Իսկ եթե այս կերպերով չփրկագնվի, ապա հոբելյան տարում թող նա իր որդիների հետ ազատ արձակվի,
55. Որովհետև Իսրայելի որդիներն Իմ ծառաներն են, Եգիպտոսի երկրից դուրս բերած Իմ ծառաներն են նրանք: Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: