Խոստացած օրհնությունները
1. «Դուք ձեզ համար չաստվածներ և կուռքեր մի՛ կերտեք, ձեզ համար արձաններ մի՛ կանգնեցրեք և պատկերավոր կոթող մի՛ դրեք ձեր երկրում՝ դրան երկրպագություն անելու համար, որովհետև Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
2. Պահե՛ք Իմ շաբաթները և պատվե՛ք Իմ սրբարանը: Ես եմ Տերը։
3. Եթե հետևեք Իմ կանոններին, պահեք Իմ պատվիրաններն ու գործադրեք դրանք,
4. Ես ձեզ անձրև կտամ իր ժամանակին, հողը կտա իր բերքը, և դաշտի ծառերը կտան իրենց պտուղները։
5. Ձեր կալը կհասնի մինչև այգեկութը, և այգեկութը կհասնի մինչև ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ կուտեք ձեր հացը և ապահով կապրեք ձեր երկրում։
6. Եվ Ես խաղաղություն կտամ երկրին. դուք հանգիստ կքնեք, և ձեզ վախեցնող չի լինի։ Ես երկրից կվերացնեմ չար գազաններին, և ձեր երկրի վրայով սուր չի անցնի։
7. Եվ դուք կհալածեք ձեր թշնամիներին, ու նրանք սրով կընկնեն ձեր առաջ։
8. Ձեզանից հինգը կհալածի հարյուրին, և ձեր հարյուրը՝ բյուրավորներին, ձեր թշնամիները սրի քաշվելով կընկնեն ձեր առաջ։
9. Իմ հայացքը կդարձնեմ ձեզ, ձեզ կբազմացնեմ, կշատացնեմ և Իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ։
10. Եվ կուտեք հին պաշարը, իսկ նորն ամբարելու համար հինը դուրս պիտի հանեք։
11. Ես Իմ խորանը կհաստատեմ ձեր մեջ, և Իմ հոգին չի խորշի ձեզանից։
12. Ես միշտ կշրջեմ ձեր մեջ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք Իմ ժողովուրդը։
13. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ դուրս բերեցի եգիպտացիների երկրից, որ չծառայեք նրանց։ Ես քանդեցի լծի ձեր կապանքները և բարձրագլուխ քայլեցրի ձեզ։
Սպառնացող անեծքներ
14. Բայց եթե Ինձ չլսեք և չկատարեք այս բոլոր պատվիրանները,
15. Անարգեք Իմ կանոնները, ձեր հոգին խորշի Իմ հրամաններից, որ չգործադրեք Իմ պատվիրաններն ու դրժեք Իմ ուխտը,
16. Ահա թե ինչ պիտի անեմ ձեզ. կուղարկեմ տագնապ, հյուծախտ և տենդ, որոնք աչք են տկարացնում և հոգի մաշեցնում: Զուր տեղը պիտի սերմանեք ձեր սերմերը, որովհետև ձեր թշնամիները պիտի ուտեն դրանք։
17. Ես Իմ երեսը կշրջեմ ձեզանից, և դուք պիտի կոտորվեք ձեր թշնամիների առաջ. ձեզ ատողները պիտի իշխեն ձեզ, և դուք պիտի փախչեք առանց հալածվելու։
18. Եվ եթե այսքանից հետո էլ չլսեք Ինձ, այնժամ ձեր մեղքերի համար յոթնապատիկ կպատժեմ ձեզ։
19. Ես պիտի կոտրեմ ձեր զորության հպարտությունը, ձեր երկինքը կդարձնեմ երկաթի նման, և ձեր երկիրը՝ պղնձի։
20. Զուր տեղը պիտի սպառվի ձեր ուժը, ձեր հողը չի տա իր բերքը, ոչ էլ երկրի ծառերը՝ իրենց պտուղը։
21. Եվ եթե դուք չհնազանդվեք և չուզենաք Ինձ լսել, այնժամ ըստ ձեր մեղքերի՝ յոթնապատիկ կհարվածեմ ձեզ։
22. Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, նրանք ձեզ անզավակ կդարձնեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասի ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։
23. Իսկ եթե սրանցով էլ չխրատվեք և չհնազանդվեք Ինձ,
24. Այնժամ Ես էլ ձեզանից երես կդարձնեմ և ըստ ձեր մեղքերի՝ յոթնապատիկ կպատժեմ։
25. Ձեզ վրա կուղարկեմ Իմ ուխտի վրեժխնդիր սուրը, և երբ հավաքվեք ձեր քաղաքներում, ժանտախտ կուղարկեմ ձեր մեջ, և դուք թշնամու ձեռքը կմատնվեք։
26. Երբ Ես կոտրեմ ձեր հացի գավազանը, տասը կին մեկ թոնրի մեջ կեփեն ձեր հացը, և ձեր հացը ձեզ կշռով կտրվի: Եվ դուք կուտեք ու չեք հագենա։
27. Եվ եթե դրանից հետո էլ չլսեք Ինձ ու չհնազանդվեք,
28. Այնժամ Ես էլ բարկությամբ ձեզանից երես կդարձնեմ և ըստ ձեր մեղքերի՝ յոթնապատիկ կպատժեմ ձեզ,
29. Եվ դուք պիտի ուտեք ձեր որդիների միսը ու ձեր դուստրերի միսը պիտի ուտեք։
30. Եվ պիտի փշրեմ ձեր արձանները, կործանեմ արևի ձեր կուռքերը, ձեր դիերը կդնեմ ձեր ջարդված կուռքերի վրա, և Իմ հոգին պիտի նողկա ձեզնից։
31. Եվ ձեր քաղաքները ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբավայրերը և չեմ հոտոտելու ձեր զոհաբերությունների անուշ բուրմունքը։
32. Եվ պիտի ամայացնեմ երկիրը, որից կզարմանան այնտեղ բնակվող ձեր թշնամիները։
33. Եվ ձեզ պիտի ցրեմ ազգերի մեջ ու ձեր հետևից սուր պիտի քաշեմ. ձեր երկիրը կամայանա, և ձեր քաղաքներն ավերակ կդառնան։
34. Երբ դուք ձեր թշնամիների երկրում կլինեք, երկիրն իր ամայության բոլոր օրերին պիտի վայելի իր շաբաթները։ Երկիրն այդ ժամանակ հանգիստ լինելով՝ պիտի վայելի իր շաբաթները։
35. Իր ամայության բոլոր օրերին պիտի հանգստանա, որովհետև չէր հանգստացել այն շաբաթներին, երբ դուք բնակվում էիք այնտեղ։
36. Եվ երկյուղ պիտի դնեմ ձեր թշնամիների երկրների մեջ ձեզանից ողջ մնացածների սրտում: Քամուց քշվող տերևի ձայնը պիտի հալածի նրանց, նրանք պիտի փախչեն, ինչպես փախչում են սրի առջևից, և պիտի ընկնեն առանց հալածանքի։
37. Նրանք պիտի ընկնեն իրար վրա առանց հալածանքի, սրից փախչողների պես, և չեք կարողանալու կանգնել ձեր թշնամիների առաջ։
38. Եվ պիտի կորչեք ազգերի մեջ, ու ձեր թշնամիների երկիրը պիտի ուտի ձեզ։
39. Եվ ձեր թշնամիների երկրների մեջ ձեզնից մնացածները պիտի հալումաշ լինեն իրենց անօրենությունների համար, պիտի հալումաշ լինեն նաև իրենց հայրերի գործած անօրենությունների համար։
40. Եվ եթե խոստովանեն իրենց անօրենությունն ու իրենց հայրերի անօրենությունը, հանցանքներ գործեցին Իմ դեմ և չհնազանդվեցին Ինձ,
41. Որ նաև Ես շրջեցի երեսս նրանցից ու նրանց տարա իրենց թշնամիների երկիրը, և եթե այնժամ խոնարհվի նրանց անթլփատ սիրտը, ու նրանք հոժարեն կրել իրենց անօրենության պատիժը,
42. Ապա կհիշեմ Հակոբին տված Իմ խոստումը, նաև Իսահակին տված Իմ խոստումը և Աբրահամին տված Իմ խոստումը, ու այն երկիրն էլ պիտի հիշեմ։
43. Եվ այն երկիրը պիտի լքվի նրանց կողմից ու պիտի վայելի իր շաբաթները ամայի մնալուց հետո: Նրանք հոժարությամբ պիտի կրեն իրենց անօրենության պատիժը միայն նրա համար, որ անարգեցին Իմ օրենքները, և նրանց հոգիներն ատեցին Իմ կանոնները։
44. Բայց, այնուամենայնիվ, չեմ մերժի նրանց իրենց թշնամիների երկրում, չեմ խորշի նրանցից այնքան, որ լիովին կորստյան մատնեմ ու Իմ տված խոստումը դրժեմ, որովհետև Ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։
45. Այլ պիտի հիշեմ նրանց հայրերին տված Իմ խոստումը, որոնց դուրս բերեցի Եգիպտոսի երկրից՝ ազգերի առաջ նրանց Աստվածը լինելու համար: Ես եմ Տերը:
46. Ահա այն կանոնները, հրամաններն ու օրենքները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի ձեռքով տվեց Իր և Իսրայելի որդիներին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: