Գիրք` 3. Ղեւտական

Գլուխ 26

   
1. Ես եմ Տէր Աստուած ձեր: Մի առնիցէք ձեզ ձեռագործս կամ դրաւշեալս. մի կանկնիցէք ձեզ արձան. մի քարկոթող դնիցէք յերկրի ձերում` երկիր պագանիցէք նմա. ես եմ Տէր Աստուած ձեր:

2. Զշաբաթս իմ պահեսջիք եւ ի սրբութեանց իմոց երկնչիցիք. զի ես եմ Տէր:

3. Եթէ ըստ հրամանաց իմոց գնայցէք եւ զպատուիրանս իմ պահիցէք եւ առնիցէք զնոսա` տաց ձեզ անձրեւ ի ժամանակի իւրում.

4. եւ երկիրն տացէ զարմտիս իւր. եւ ծառք դաշտաց տացեն զպտուղս իւրեանց:

5. Եւ հասանիցեն ձեր կալք ի կութս, եւ կութք ի սերմանս հասանիցեն. եւ կերիջիք զհաց ձեր ցայգ, եւ բնակեսջիք անհոգութեամբ յերկրի ձերում:

6. Եւ տացի խաղաղութիւն յերկրի ձերում. եւ պատերազմ մի անցցէ յերկրի ձերում. եւ ննջեսջիք, եւ ոչ ոք իցէ` որ զարհուրեցուցանիցէ զձեզ. եւ կորուսից զգազանս չարս յերկրէ ձերմէ.

7. եւ հալածեսջիք զթշնամիս ձեր. եւ անկանիցին առաջի ձեր սպանմամբ:

8. Եւ հալածեսցեն ի ձէնջ հինգք զհարիւր. եւ հարիւրք ի ձէնջ հալածեսցեն զբեւրս, անկանիցին թշնամիք ձեր առաջի ձեր սրով:

9. Եւ հայեցայց ի ձեզ. եւ աճեցուցից զձեզ եւ բազմացուցից զձեզ. եւ հաստատեցից զուխտ իմ ընդ ձեզ.

10. եւ կերիջիք զհին եւ զհնոյ հին. եւզհինն յերեսաց նորոյն հանիջիք ի բաց:

11. Եւ հաստատեցից զուխտ իմ ի ձեզ. եւ ոչ գարշեսցի անձն իմ ի ձէնջ.

12. եւ գնացից ի ձեզ եւ եղէց ձեր Աստուած. եւ դուք եղիջիք ինձ ժողովուրդ:

13. Ես Տէր Աստուած ձեր որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց` մինչ էիք դուք ծառայք. եւ խզեցից զկապանս լծոյ ձերոյ, եւ ածի զձեզ համարձակութեամբ:

14. Ապա թէ ոչ լսիցէք ինձ եւ ոչ առնիցէք զամենայն հրամանս իմ զայսոսիկ.

15. այլ հեստեցէք սոցա, եւ յիրաւանց իմոց տաղակայցեն անձինք ձեր, առ ի չառնելոյ ձեզ զամենայն պատուիրանս իմ, եւ ցրելոյ զուխտն իմ.

16. արարից եւ ես ձեզ նոյնպէս. հաստատեցից եւ ես ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս` զքոս եւ զդալուկն, որ սորեցուցանէ զաչս ձեր, եւ հաշեցուցանէ զանձինս ձեր. եւ սերմանեսջիք ի սնոտիս զսերմանիս ձեր. եւ զայն հակառակորդք ձեր կերիցեն:

17. Եւ հաստատեցից զերեսս իմ ի ձեզ. եւ անկանիցիք առաջի թշնամեաց ձերոց. եւ հալածեսցեն զձեզ ատելիք ձեր. եւ լինիցիք փախստեայք առանց ուրուք հալածելոյ զձեզ:

18. Եւ եթէ տակաւին ոչ լսիցէք ինձ` յաւելից խրատել զձեզ եւթնպատիկ ի վերայ մեղաց ձերոց.

19. եւ խորտակեցից զհպարտութիւն ամբարտաւանութեան ձերոյ. եւ արարից ձեզ զերկինս երկաթի եւ զերկիր պղնձի.

20. եւ եղիցի ընդունայն զաւրութիւն ձեր. եւ մի տացէ երկիր ձեր զսերմանիս իւր, եւ մի ծառ վայրի տացէ զպտուղ իւր:

21. Եւ եթէ տակաւին գնայցէք դուք խոտորնակս եւ ոչ կամիցիք լսել ինձ, յաւելիցի ձեզ հարուածս եւթնպատիկ ըստ անաւրէնութեանց ձերոց.

22. եւ առաքեցից ի վերայ ձեր գազանս չարս երկրի` եւ կերիցեն զձեզ եւ սատակեսցեն զանասուն ձեր. եւ նուազունս արարից զձեզ. եւ կուրասցին ճանապարհք ձեր:

23. Ապա թէ այնու եւս ոչ խրատիցիք, այլ տակաւին խոտորնակս գնայցէք ընդ իս.

24. խոտորնակս գնացից եւ ես ընդ ձեզ բարկութեամբ խոտորնակս եւ հարից զձեզ եւթնպատիկ փոխանակ մեղացն ձերոց.

25. եւ սատակեցից զձեզ սրով` խնդրել զվրէժ ուխտին. եւ ամրանայցէք ի քաղաքս ձեր, եւ առաքեցից մահ ի ձեզ. եւ մատնեսջիք ի ձեռս թշնամեաց:

26. նեղել զձեզ ռոճկաւ հացի` եւ եփեսցեն տասն կին զհացն ձեր ի միում թոնրի, եւ տացեն զհացն ձեր կշռով. եւ կերիջիք եւ մի յագեսջիք:

27. Եւ թէ այնու եւս ոչ լուիցէք ինձ, այլ գնայցէք ընդ իս խոտորնակս.

28. եւ ես գնացից ընդ ձեզ բարկութեամբ խոտորնակս, եւ խրատեցից զձեզ եւթնպատիկ ըստ մեղաց ձերոց.

29. եւ կերիջիք զմարմինս ուստերաց ձերոց եւ զմարմինս դստերաց ձերոց.

30. եւ կործանեցից զարձանս ձեր. եւ աւերեցից զփայտեղէն ձեռագործս ձեր. եւ արկից զդիս ձեր ընդ դիակամբք կռոց ձերոց. եւ գարշեսցի անձն իմ ի ձէնջ:

31. Եւ արարից զքաղաքս ձեր աւերակս. եւ թափուր արարից զսրբութիւնս ձեր. եւ ոչ հոտոտեցայց ի հոտ զոհից ձերոց.
32. եւ աւերեցից զերկիրն ձեր. եւ զարմասցին ընդ նա թշնամիք ձեր, որ բնակեալ իցեն ի նմա:

33. Եւ ցրուեցից զձեզ ընդ ազգս. եւ սատակեսցէ զձեզ սուրն եկեալ ի վերայ. եւ եղիցի երկիրն ձեր աւերակ, եւ քաղաքն եղիցին թափուրք:

34. Յայնժամ հաճեսցի երկիրն ընդ շաբաթս իւր զամենայն աւուրս աւերածւոյն իւրոյ.

35. եւ դուք եղիջիք յերկիրն թշնամեացձերոց: Յայնժամ շաբաթասցի երկիրն եւ հաճեսցի ընդ շաբաթս իւր զամենայն աւուրս աւերածւոյն իւրոյ. եւ շաբաթասցի զշաբաթն զոր ոչ շաբաթացաւ ի շաբաթս ձեր ի ժամանակի` յորում բնակէիք ի նմա:

36. Եւ ի վերայ մնացելոցն ի ձէնջ ածից դողումն ի սիրտս նոցա յերկրի թշնամեացն իւրեանց. եւ հալածեսցէ զնոսա ձայն տերեւոյն խարշափելոյ. եւ փախչիցին որպէս փախչիցին ի պատերազմէ. եւ անկցին առանց ուրուք հալածելոյ:

37. Եւ թողցէ եղբայր զեղբայր իւր իբրեւ ի պատերազմի` առանց ուրուք զհետ մտանելոյ. եւ ոչ կարիցէք ընդդէմ դառնալ թշնամեաց ձերոց.

38. եւ կորնչիջիք ի մէջ ազգաց. եւ կերիցէ զձեզ երկիրն թշնամեաց ձերոց:

39. Եւ մնացեալքն ի ձէնջ սատակեսցին վասն մեղաց իւրեանց յերկրի թշնամեացն իւրեանց. եւ վասն մեղաց հարցն նոցա` որ ընդ նոսա մաշիցին:

40. Եւ խոստովան լինիցին զմեղս իւրեանց եւ զմեղս հարց իւրեանց, զի յանցեան եւ արհամարհեցին զիս. եւ զի գնացին առաջի իմ խոտորնակս.

41. եւ ես գնացից ընդ նոսա բարկութեամբ խոտորնակս, եւ կորուսից զնոսա յերկրի թշնամեաց իւրեանց. յայնժամ ամաչեսցէ սիրտ նոցա անթլփատ. եւ հաճեսցին ընդ մեղս իւրեանց:

42. Եւ յիշեցից զուխտն Յակովբայ, եւ զուխտն Իսահակայ եւ զուխտն Աբրահամու յիշեցից. եւ զերկիրն յիշեցից.

43. եւ երկիրն լքցի ի նոցանէ. յայնժամ ընկալցի երկիրն զշաբաթս իւր` յաւերել նորա վասն նոցա. եւ նոքա ընկալցին զանաւրէնութիւնս իւրեանց. փոխանակ զի զիրաւունս իմ արհամարհեցին, եւ ի հրամանաց իմոց տաղտկացաւ անձն նոցա:

44. Եւ ես` մինչդեռ էին յերկրի թշնամեաց իւրեանց, ոչ անտես արարի զնոսա. եւ ոչ տաղտկացայ նոքաւք առ ի սատակելոյ զնոսա` եւ ցրել զուխտն իմ որ ընդ նոսա. զի ես եմ Տէր Աստուած նոցա:

45. Եւ յիշեցից զառաջին ուխտն նոցա, յորժամ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց` ի տանէ ծառայութեան. առաջի ամենայն ազգաց` լինել նոցա Աստուած. զի ես եմ Տէր: Այս են իրաւունք եւ հրամանք եւ աւրէնք, զոր ետ Տէր ի մէջ իւր եւ ի մէջ որդւոցն Իսրայէղի ի լերինն Սինայի` ի ձեռն Մովսէսի: