Գիրք` 30. Յոբ

Գլուխ 10

ԱՍՏՈՒԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ Է ԿՈՐԾԱՆԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ
   
1․ «Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ:
2․ Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ:
3․ Բարւո՞ք է քեզ թւում անիրաւուած լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, նայել պիղծերի խորհրդին:
4․ Մի՞թէ դու նայում ես, ինչպէս մարդն է նայում, կամ տեսնում, ինչպէս մահկանացուն է տեսնում:
5․ Տարիներդ մարդու տարինե՞ր են միթէ,
6․ որ փնտռում ես կրկին յանցանքներս ու քննում մեղքերս:
7․ Գիտես, որ երբեք չեմ մեղանչել, բայց ո՞վ ինձ կ՚ազատի քո ձեռքից:
8․ Քո ձեռքն է արարել ու ինձ ձեւ է տուել, բայց յետոյ դարձել ես, զարկել ինձ:
9․ Յիշի՛ր, որ կաւից ես ստեղծել. վերստին դու հող ես ինձ դարձնում:
10․ Մի՞թէ չես կաթի պէս կթել ինձ, պանրի պէս մակարդել:
11․ Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով ես օժտել:
12․ Կեանք ու կարեկցանք ես դրել ինձ վրայ. հոգատարութեամբ ես պահել իմ ոգին:
13․ Եւ քանի այս բոլորն ունես դու՝ գիտեմ, որ ամէն բան կարող ես. քեզ համար չի լինի ոչ մի բան ուժից վեր:
14․ Մեղանչեմ թէկուզ ես՝ կը պահես. չես պահել զերծ դու ինձ՝ մեղքերից:
15․ Ամբարիշտ թէ եղայ՝ օ՜, վա՜յ ինձ. արդար էլ թէ լինեմ՝ չեմ կարող հայեացքս բարձրացնել, զի մէջս անարգանք կայ լեցուն:
16․ Որսուած եմ իբր առիւծ, որին պիտ սպանեն: Ինձ դարձեալ չարաչար ջնջում ես,
17․ նորոգում հարուածներս իմ գլխին: Բարկութեամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրայ, փորձիչներ ես բերել դու իմ դէմ:
18․ Ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից, ու տեղում չմեռայ: Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ, ու կարծես թէ եղած էլ չէի լինի ես:
19․ Եւ ինչո՞ւ արգանդից ուղղակի գերեզման չիջայ ես,
20․ կամ մի՞թէ շատ կարճ չէ ժամանակն իմ կեանքի: Թո՛յլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգչեմ ես,
21․ մինչեւ այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խաւարին ու մթին 612,
22․ երկիրը, ուր յաւերժ աղջամուղջ է տիրում, եւ որտեղ լոյս չկայ, ու ոչ ոք չի կարող տեսնել կեանք մարդկային»: