ԱԶԱՏ ԵՐԿԽՕՍՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՀԵՏ
1․ Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս:
2․ Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից:
3․ Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար:
4․ Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն:
5․ Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան:
6․ Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք:
7․ Չէ՞ որ մեր Տիրոջ առաջ էք խօսում, նրա յանդիման նենգ բարբառում էք:
8․ Ետ պիտի քաշուէ՞ք: Ո՛չ, ինքներդ ձեզ եղէք դատաւոր:
9․ Բայց բարւոք է, որ ինքը քննի ձեզ: Զի թէ արուածը իրեն վերագրէք՝ նա էլ ձեզ նուազ չի կշտամբելու:
10․ Իսկ եթէ ծածուկ՝ աչառու լինէք մարդկանց նկատմամբ,
11․ Իր արհաւիրքը ահի կը մատնի, նրա երկիւղը կը թափուի ձեզ վրայ:
12․ Պերճանքը ձեր մոխրի պէս կը լինի, մարմինը՝ կաւի:
13․ Լռեցէ՛ք, զի ես եմ խօսելու, գտնելու անդորր իմ զայրոյթից:
14․ Մարմինս առնեմ ատամներիս մէջ, հոգիս ամփոփեմ ձեռքերի մէջ իմ:
15․ Թէ որ իջեցնի Ամենազօրը ձեռքը ինձ վրայ (սկսել էլ է)՝ չե՞մ խօսելու ես Նրա առաջին եւ պաշտպանուելու փորձեր անելու:
16․ Կը դառնայ դա ինձ իբրեւ փրկութիւն, զի նրա առաջ նենգ բան չի կանգնի:
17․ Լսեցէ՜ք, անսացէ՜ք խօսքերիս. ի լուր ամենքիդ եմ ասում ես սա:
18․ Մօտ եմ ես ահա իմ դատաստանին. գիտեմ, արդար եմ երեւալու ես:
19․ Ո՞վ է ոսոխն իմ, որ դէմ կանգնի ինձ. ինչո՞ւ կաշկանդուեմ եւ կամ էլ մեռնեմ:
20․ Երկու բաներ են լոկ անհրաժեշտ ինձ. այն ժամանակ է՛լ հո չե՞մ թաքնուի ես Քո երեսից:
21․ Ե՛տ քաշիր ինձնից ձեռքդ. եւ ահդ թող ինձ չսարսափեցնի:
22․ Յետոյ դիմի՛ր ինձ, ու Քեզ կը լսեմ, թէ խօսես ինձ հետ՝ պատասխան կը տամ:
23․ Որքա՞ն մեղք ունեմ, անօրէնութիւն, հասկացրո՛ւ Դու ինձ՝ որքա՞ն են դրանք:
24․ Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից: Ինձ Քեզ թշնամի՞ ես հաշւում արդեօք,
25․ թէ՞ քամուց շարժուող տերեւից ես Դու վախենում այդպէս, կամ թէ հակառա՞կ ես կանգնում Դու ինձ՝ հողմավար խոտիս:
26․ Իմ դէմ չար վճիռներ գրեցիր ու վրաս գցեցիր ջահելի մեղքերս:
27․ Ոտքերս դրեցիր կոճղի մէջ, խուզարկու դարձար իմ գործերին, քննեցիր նոյնիսկ ոտնահետքերս, մինչդեռ մարմինս է հին տիկի պէս, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պէս»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: